Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու մարդիկ չեն հավատում Օսկանյանին

Սեպտեմբեր 19,2012 13:04

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կառավարությունում հրավիրված խորհրդակցությունից հետո, ինչպես հայտնի է, երկրում մեկնարկեց շատախոսության մրցույթը, որի մասնակիցների թվում են տարատեսակ «վերլուծաբաններ», «քաղաքական մեկնաբաններ», «փորձագետներ» ու քաղգործիչներ: Չի լռում ոչ ոք: Միմյանց չլսելով, շարունակում են մեկնաբանել, գնահատել, տեսակետ արտահայտել:

Երեկ էլ իր «խոհերը» շարադրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Փաստ է, որ կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել: Բացթողումները միայն պետական գնումների ոլորտում չեն, այլ բոլոր ոլորտներում: Վարչապե՞տն է եղել անկարող, թե՞ նրան չեն թողել աշխատել. այս հարցի պատասխանը կարող է տալ ինքը` վարչապետը: Սակայն անկախ իր պատասխանից` Հայաստանում կան համակարգային այնպիսի արատներ, որոնք չեն կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել երկրի տնտեսության վրա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Օսկանյանը:

Այժմ ներկայացնենք ԲՀԿ ներկայացուցչի գրառման ամենահուզիչ հատվածը. «Այս քսան տարիների ընթացքում երկրում ժողովրդավարության եւ ազատ տնտեսության ոլորտներում որոշակի բաներ արվել են: Բայց զուգահեռաբար զարգացել եւ սերտաճել են իշխանության եւ գործարարության հարաբերությունները եւ շահերը` ձեւավորելով քաղաքական եւ տնտեսական էլիտա, որը դարձել է Հայաստանում քաղաքական եւ տնտեսական շարունակական բարեփոխումների հիմնական արգելակը: Այն փոքրաթիվ մարդիկ, որոնք ունեն քաղաքական եւ տնտեսական լծակներ երկրում բարեփոխումներ իրականացնելու, բացարձակապես շահագրգռված չեն դրանցում, որովհետեւ այդ փոփոխությունները հակասում են իրենց շահերին»:

Այնուհետ նա նշում է, որ մենք ընդամենը ձեւացնում ենք, թե ժողովրդավարական պետություն ենք, ունենք ազատ տնտեսություն, սակայն իրականում այդպիսին չենք: Եվ Օսկանյանն իր ծավալուն գրառումն ավարտում է այսպես. «Իրավիճակ փոխելու համար բավարար չեն «քաղաքական հարազատներին» սթափեցնելու կոչերը: Երկրում հնարավոր կլինի բան փոխել, երբ ազատ, արդար ընտրությունների միջոցով ձեւավորվի այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ կլինեն իսկական հակակշիռներ, որտեղ նախարարների պատասխանատվությունը կլինի ոչ միայն յուրայինների առջեւ, այլեւ ժողովրդի կողմից ձեւավորված իշխանության միջոցով` ժողովրդի առջեւ»:

Բնականաբար ինչպես Օսկանյանի նախորդ գրառումներից, այնպես էլ այս վերջինից ընթերցողները «գլուխ չհանեցին»: Մարդիկ անմիջապես հակադարձեցին հարցով` «Իսկ երբ դուք իշխանության մեջ էիք, ինչո՞ւ չէիք տեսնում համակարգի արատները եւ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում»:

Իրավացի՞ են նրանք: Անշուշտ, քանի որ Օսկանյանի թերասացությունը եւ ամենակարեւորը` անկեղծության բացակայությունը նյարդայնացնում է մարդկանց: Մարդը 1998-2008 թվականներին, իր իսկ բնութագրմամբ՝ «անավարտ տասնամյակի» ընթացքում երբեք չի խոսել ձեւական ժողովրդավարության եւ ազատ տնտեսության մասին, բայց ահա պաշտոնից հեռանալուց եւ իշխանությանը «այլընտրանք» ուժին անդամագրվելուց հետո հանկարծ հայտնաբերեց, որ «իրականում» մեր պետությունը ոչ ժողովրդավարական է, ոչ էլ ազատ տնտեսություն ունի: Լինո՞ւմ է այդպիսի բան: Օսկանյանի դեպքում ամեն ինչ հնարավոր է:

Եթե խոսում ես համակարգային արատների մասին, հարկ է նաեւ նշել, թե ովքեր են եղել արատավոր համակարգի հիմնադիրները: Բայց քանի որ Օսկանյանն այժմ ԲՀԿ անդամ է, որի կուսակցության եւ ՀԱԿ-ի միջեւ շարունակվում է ստվերային համագործակցությունը, ուրեմն պետք չէ «խորանալ» եւ շեշտել, որ արատավոր համակարգը սկզբնապես ձեւավորել են այսօր ՀԱԿ-ում հավաքված «հիմնադիր հայրերը»:

Օսկանյանը դիվանագիտորեն շրջանցում է այդ պահը, խնայում իր «քաղաքական հարազատներին» եւ համակարգի արատները «տարրալուծում» է քսան տարիների մեջ: Նախկին արտգործնախարարը, չգիտես ինչու, հիմա է կարեւորում ազատ, արդար ընտրությունների միջոցով երկրում «իսկական բան փոխելու» հարցը, որը գոյություն ուներ մինչեւ 2008 թվականը, եւ սակայն այն տարիներին իբրեւ պաշտոնյա նախընտրում էր աչք փակել այդ կարեւոր խնդրի վրա:

Սակայն թողնենք այս հարցը եւ տեսնենք, թե այդ ինչ «փոքրաթիվ մարդկանց» մասին է խոսում նա, որոնք ունենալով քաղաքական եւ տնտեսական լծակներ, սակայն դեմ են բարեփոխումներին, քանի որ փոփոխությունները հակասում են իրենց շահերին:

Նման «համարձակ բացահայտում» անելու իրավունք Օսկանյանը, անշուշտ, ունի: Միայն թե նրա ասածը լուրջ կընկալվեր, եթե լիներ միանգամայն ազատ գործիչ, այսինքն` չպատկաներ որեւէ կուսակցության, առավել եւս` «Բարգավաճ Հայաստանին»: Մի կուսակցության, որի առաջնորդը ունեցած քաղաքական եւ տնտեսական լծակներից կարծես թե դժգոհ չէ:

Կարելի՞ է Օսկանյանի խոսքերից եզրակացնել, որ ԲՀԿ առաջնորդը նույնպես իր ծավալած գործունեությամբ արգելակում է բարեփոխումները, որովհետեւ դրանք հակասում են իր շահերին:

Եթե Օսկանյանին իսկապես մտահոգում է երկրում փոփոխությունների արգելակման խնդիրը, ապա նախ պետք է իր հայացքն ուղղի դեպի ԲՀԿ առաջնորդը: Այլապես գործ ունենք սովորական փարիսեցիության հետ:

Ի՞նչ է, Օսկանյանը ծանոթ չէ՞ խոշոր հարկատուների ցուցակին, չգիտի՞, թե այդ ցուցակում իր առաջնորդին պատկանող ընկերությունները որ տեղերն են զբաղեցնում:

Խնդրեմ, կարող է ծանոթանալ: Այսպես. Այս տարվա առաջին կիսամյակում Ծառուկյանին պատկանող հայտնի ընկերությունների գրաված տեղերը.

Երեւանի «Արարատ» գինու եւ օղու կոմբինատ – 119

«Արարատ ցեմենտ» գործարան – 142

«Կոտայք» գարեջրի գործարան – 230

«Մուլտի-գրուպ» կոնցեռն – 238

«Մուլտի-Լեոն» – 240:

Հարց Վարդան Օսկանյանին. մաս կազմո՞ւմ է արդյոք ԲՀԿ առաջնորդը «քաղաքական եւ տնտեսական էլիտայի, որը դարձել է Հայաստանում քաղաքական եւ տնտեսական շարունակական բարեփոխումների հիմնական արգելակը»։

Պատկանո՞ւմ է արդյոք Գագիկ Ծառուկյանը «այն փոքրաթիվ մարդկանց, որոնք բացարձակապես շահագրգռված չեն բարեփոխումներում, որովհետեւ դրանք հակասում են իրենց շահերին»։

Չէ՞ որ հարկեր վճարելու հարցում, ինչպես վկայում են ՊԵԿ տվյալները, Օսկանյանի առաջնորդը այնքան էլ շահագրգռված չէ։

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

 «Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930