Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարի արած հայտարարություններն ու կառավարության գործունեությանը, առանձին նախարարներին տրված կոշտ գնահատականները քաղաքական ու քաղաքականամերձ շրջանակներում բնականաբար մեծ արձագանք ստացան։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։
Բայց ահա թե ի՛նչն է տարօրինակ, իսկ որոշակի առումով՝ նաեւ հատկանշականն այդ արձագանքներում. դրանց մեծ մասը զուտ մակերեսային է, ավելի շուտ դիպվածային ռեպլիկների տպավորություն է թողնում։
Նման ընդհանուր եզրահանգման է բերում այն իրողությունը, որ հատկապես ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների մեծ մասը կենտրոնացել է երկրորդական, երրորդական բնույթի հանգամանքների վրա։
Օրինակ, շատերը սեւեռվել են այն հանգամանքի վրա, որ նշված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետին կամ կառավարության անդամներին անունով էր դիմում՝ Տիգրան, Սեյրան, Դերենիկ։
Ըստ որում, ոմանք այնքան են «խորացել», որ նախագահին վերագրել էին արտահայտություններ, որ նա չի արտաբերել։
Արձագանքողների մի մեծ խումբ էլ, չգիտես իրե՞նք իրենց, թե՞ իրենց ունկնդիրներին համոզելու համար մի բերան հենց նույն անգիր արած հմայախոսությունն են կրկնում, թե նախագահի հրավիրած խորհրդակցությունը, հնչած կշտամբանքը, արտահայտած դժգոհությունը PR էին։ Ասել է թե՝ այդ ամենը զուտ քարոզչական նպատակ էր հետապնդում, ձեւական բնույթ ուներ, եւ լուրջ հետեւանքներ չեն լինի։
Կա ոգեւորվածների մեկ այլ խումբ էլ, կարելի է ասել՝ վերլուծիչների մի ամբողջ կոհորտա, որոնց համար սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ արված հայտարարությունները նորանոր գուշակաբանությունների, ներիշխանական խմորումների, այլեւայլ նման «գերմակարդակ» անդրադարձների կլոնդայկ են կամ կդառնան այդպիսին։
Մարդիկ վերադասավորումների, կադրային փոփոխությունների, ներիշխանական հարաբերությունների ամբողջական տեսություններ են շարադրում՝ ելնելով մեն մի քանի արտահայտությունից կամ, որեւէ պաշտոնյայի դեմքի արտահայտությունից, նստած դիրքից եւ այլն։ Այդ նախկինում էին նման մարդկանց սուրճի մրուրով գուշակություններ անող համարում, իսկ հիմա այդ կերպարանափոխված կասանդրաները վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ են կոչվում։
Ի դեպ, ոգեւորվածների մասին։ Առանձնապես տպավորիչ է, որ կառավարության հասցեին նախագահի արած հայտարարություններից, մասնավորապես, այս կամ այն խնդրի հետ կապված աշխատանքը բացասական գնահատելուց մի այլ կարգի ոգեւորված մեկնաբանություններ էր արել ԲՀԿ ներկայացուցիչ Տ.Ուրիխանյանը, ինչ-որ բաներ ասելով իրենց առաջադրած օրակարգի մասին։ Շատ հետաքրքիր է։
Իսկ առավել ուշագրավն այն է, որ նախագահի միանգամայն արդարացված դժգոհությունը հարուցած «ատկատային» փաստերի մի մասը վերաբերում էր քաղաքաշինության նախարարությանը։ Կշտամբանքի ու զայրանալու տեղիք տված հարցերից մեկն էլ, դեղերի հետ կապված, հիշեցնենք, ուղիղ գծով առնչվում էր առողջապահության նախարարությանը։
Հասկանալի է, որ նշված գերատեսչությունների համակարգմանը ենթակա բնագավառներում ոչ երեկ, ոչ էլ երեկ չէ առաջին օրն են այդ խնդիրներն ու երեւույթները առաջացել։ Հակառակը, այդ խնդիրները եղել են ավելի վաղ, իսկ վերջին տարիներին ավելի խորը եւ ընդգծված դրսեւորում են ստացել։ Եվ, ասես ճակատագրի հեգնանքով, հենց նշված գերատեսչությունները մինչեւ վերջերս ղեկավարում էին հենց ԲՀԿ ներկայացուցիչները։ Նույն այն «Բարգավաճի», որը հիմա թունդ «այլընտրանք» է իշխանության նկատմամբ։
Հետեւաբար հարց է ծագում. պարոնայք, դո՞ւք ինչից եք ոգեւորվել։ Գուցե նախ արժե պատասխա՞ն տալ արածների համար։ Գուցե հասկանա՞նք, թե այդ ինչպե՞ս է եղել, որ դեղերի գնման գործընթացում մրցույթի մասնակիցներից մեկը դեմպինգային մոտեցումներով գրեթե մենաշնորհային վիճակ է ստացել, իսկ այլ, ավելի փոքր ընկերություններ էապես տուժել են կամ սնանկացել։ Գուցե բացատրվե՞ր, թե քաղաքաշինության ոլորտում հատկապես ի՞նչ «ատկատներ» են գործադրվել։
Վերադառնանք, սակայն, դիմելաձեւերի վրա կենտրոնացածներին ու PR-PR շշնջացողներին։ Առաջինների պարագայում պարզ է. ուրեմն այն աստիճան ասելու կամ «կպնելու» բան չկա, որ մարդիկ կռոթուկի «կոծոծի» նման կառչել են նախարարներին անուններով դիմելու փաստին։
Հմայախոսության պես հնչող PR-ային շշունջների դեպքում էլ, կարելի է ասել, մոտեցման որեւէ թարմություն չի նկատվում։ Սա արդեն սովորության պես մի բան է դարձել։ Երկրի ղեկավարը կամ կառավարությունը ինչ էլ որ անի, քաղաքական որոշակի ուղղվածությամբ աչքի ընկնող քարոզիչների համախումբը դա բնորոշում է որպես PR կամ ձեւական մի բան։ Այդ կրկնվող բնորոշումը, իրոք, խազ ընկած ձայնապնակի պես է հնչում արդեն։
Այնինչ նախագահի դիտողությունների ու հայտարարությունների ձեւական բնույթ ունենալու մասին խոսակցությունները տեղին կլինեին այն դեպքում, եթե տրված գնահատականներին չհաջորդեին կամ չնախորդեին միանգամայն բարձրաստիճան անձանց պաշտոնանկության, առանձին դեպքերում՝ ձերբակալության դեպքեր։
Օրինակ, ի՞նչ ասել է «ձեւական մոտեցում» կամ «ներկայացում», եթե կոնկրետ չարաշահումների համար պաշտոնանկ է արվել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը։ Դա, ի՞նչ է, ցա՞ծր պաշտոն է կամ աննկատ մի պաշտոնյա՞։ Ի՞նչ ասել է «ձեւական», եթե, ասենք, պաշտոնանկ է արվում հանրապետության զինկոմը։
Առավել եւս, վերջին խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով դատախազության եւ ԱԱԾ ղեկավարներին, հիշեցնենք, այսպիսի հայտարարություն արեց. «Ես ցանկանում եմ, որպեսզի ե՛ւ ազգային անվտանգության ծառայությունը, ե՛ւ դատախազությունը այս խնդիրներով լրջորեն զբաղվեն, շատ լրջորեն, բայց էլի չգան ասեն՝ էս մեկը միլիոնուկես գողացավ, էն մեկը՝ երկու միլիոն գողացավ: Գլխից պիտի բռնենք, մեծերին»:
Այսինքն, ի՞նչ, որոշակի գործիչների ու քարոզիչների ընկալմամբ «մեծերին բռնելու» կարգադրություն-հորդորը ձեւակա՞ն բան է։ Իսկ երբ նրանք բռնեն այդ «մեծերին», ա՞յն ժամանակ ի՞նչ են ասելու։ Հուշե՞նք։ Էլի ասելու են, որ սա PR է։
Ինչ-որ տեղ նույնիսկ տարօրինակ է, բայց ընդդիմադիր ճամբարից հնչած արձագանքների մեջ առանձնանում էր ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքը, թերեւս։ Ի տարբերություն մյուսների, Բագրատյանը գոնե քիչ թե շատ հիմնավորված գնահատականներ էր տվել, փորձել էր իսկապես վերլուծական անդրադարձ կատարել տեղի ունեցածին, այսինքն՝ իրեն դրսեւորել էր որպես համարժեք քաղաքական գործիչ, այլ ոչ թե որպես բակի «բեսեդկայում» բլոտ խաղացող թոշակառու։
Տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մի մասն ավելի շատ է անակնկալի եկել նախագահի հայտարարություններից, քան կառավարության անդամներից ոմանք։
Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
«Հայոց աշխարհ»