Սննդամթերքի անվտանգության հարցը, ինքնին կարեւոր լինելով, քանի որ առնչվում է մեր բոլորիս կյանքին եւ առողջությանը, մոտ ապագայում ավելի է կարեւորվելու, նկատի ունենալով Հայաստանի` Եվրոմիության հետ խոր եւ համապարփակ համաձայնագրի կնքման հեռանկարը եւ մասնավորապես այս ոլորտում եվրոպական ստանդարտների պարտադիր կիրառումը մեր երկրում: Սակայն ինչպե՞ս ենք դա անելու, եթե նկատի ունենանք, թե ո՞վ է ղեկավարում սննդամթերքի անվտանգության ծառայությունը եւ ի՞նչ է տեղի ունենում այս կառույցում եւ նրա շուրջը:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը այս պաշտոնում նշանակվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետո:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից` սննդամթերքի անվտանգության ծառայություն: Թե ի՞նչ կապ ունեին այս երկու կառույցները միմյանց հետ կամ կազմակերպչական ու վերոնշյալ անձնավորությունն ի՞նչ ունակություն էր դրսեւորել իրար հետ ոչ մի կապ չունեցող այս կառուցները ղեկավարելու համար, համենայն դեպս, դեռ ոչ ոքի հայտնի չէ: Փոխարենը, նրան բավականին հաջողվել է այս սննդամթերքի անվտանգության ծառայությունը մասնագետներից զրկելու, անառողջ մթնոլորտ ստեղծելու հարցերում: Գուցե երկրի նախագահը հաջորդ անգամ էլ ա՞յս ոլորտում տիրող վիճակի մասին խոսի: Ինչեւէ…
Այս պաշտոնին նշանակվելուց հետո Աբրահամ Բախչագուլյանը առաջին հերթին աշխատանքից ազատեց մի քանի տասնյակ մասնագետների, որոնք ամիսներ շարունակ դատական կարգով փորձում էին վերականգնել իրենց իրավունքները: Փոխարենը աշխատանքի ընդունեց ծանոթ-բարեկամ-ընկերներին, նախ ուռճացնելով ծառայության հաստիքացուցակները նախկին 190-ի փոխարեն հասցնելով 270-ի, ինչը որոշ նախարարությունների աշխատակազմից ավելի է: Սա դեռ ամբողջ դժբախտությունը չէ` նոր աշխատանքի ընդունվածները, ինչպես եւ ինքը` Աբրահամ Բախչագուլյանը, այս ոլորտի մասնագետներ չեն: Մինչդեռ, կասկածի ենթակա չէ, թե այս ոլորտում ինչ կարեւորություն ունեն մասնագիտական ունակությունները:
Ի դեպ, սննդամթերքի անվտանգության նոր պետի կողմից աշխատանքից ազատվածների մեջ էր նաեւ ծառայության լաբորատորիայի վարիչ Արմեն Ավագյանը: Թերեւս կարելի է հասկանալ, թե ինչ նպատակներով: Լաբորատոր ուսումնասիրություններով են ստացվում սննդամթերքի անվտանգության խախտման փաստերը, հետեւաբար նաեւ այդ խախտումները «չտեսնելու» համար պահանջվող գումարները: Այսինքն, այս պաշտոնում անպայման պետք է լինի յուրային: Արմեն Ավագյանը դիմեց դատարան, երկարատեւ դատավարություներով վերականգնվեց պաշտոնում, ապա մոտ մեկ ամիս հետո նորից ազատվեց աշխատանքից: Նա այժմ նորից դիմել է դատարան:
Ինչ վերաբերում է Աբրահամ Բախչագուլյանի «յուրայիններին», ապա դրանցից մեկը` սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը , օգոստոսին կալանվեց տնտեսվարողի խախտումները «չտեսնելու» եւ ստուգումներ չիրականացնելու համար` 100 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով:
Հաջորդը գործարարների դժգոհություններն են, համաձայն որոնցՙ ներմուծման եւ արտահանման ժամանակ, սահմանային հսկիչ կետերում սննդամթերի անվտանգության ծառայության աշխատակիցները ապրանքով բեռնավորված մեքենաներից ապօրինի գումար են պահանջում թե՛ Հայաստանից դուրս գալուց, թե՛ մուտք գործելուց: Նրանց կողմից նշվում է մեկ մեքենայի համար 5-10 հազար դրամ կաշառքի չափը: Գործարարների խոսքերովՙ բուսական կամ կենդանական ծագման ապրանքների սերտիֆիկատներ ստանալու համար եւս, եթե մինչ Աբրահամ Բախչագուլյանի նշանակվելը գոյություն ունեցող կաշառքի չափը մինչեւ 5 հազար դրամ էր, ապա այժմ` 50 հազար դրամ եւ ավելի:
Մի խոսքով, մեր առողջությունն այսօր գտնվում է մասնագետներից մաքրված, դատական վեճերի մեջ գտնվող, անառողջ մթնոլորտի եւ կոռուպցիոն դրսեւորումների առկայությամբ սննդամթերքի անվտանգության ծառայության տնօրինման տակ` Աբրահամ Բախչագուլյանի ղեկավարությամբ: Հետաքրքրական է, այս անձնավորությունն այդքան բարձրակարգ մասնագետ կամ անփոխարինելի՞ մարդ է Հանրապետական կուսակցության համար, որ անպայման պետք է ղեկավարի ինչ-որ մի պետական կառույց: Ընդ որում, կարեւոր չէՙ դա կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վն է, թե՞ սննդամթերքի անվտանգության ծառայությունը: Այս տրամաբանությամբ գուցե վաղն էլ նրան տեսնենք, ենթադրենք, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնում: Նորից խիստ մասնագիտացված մի կառույց, որտեղ մասնագետներից «մաքրելու» եւ մեր կյանքը ամեն ինչի մասնագետ Աբրահամ Բախչագուլյանին վստահելու լայն դաշտ կա: