Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` երկու երկրների նախագահները քննարկել են առանցքային նշանակության միջազգային հարցեր։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ փոխադարձ վստահության մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ, որը կնպաստի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում շարունակվող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջող ընթացքին։
Ադրբեջանական պաշտոնական լրատվությունը երկու երկրների նախագահների հանդիպման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հատվածին անդրադառնում է ավելի հակիրճ, նշելով միայն, որ քննարկվել են բանակցային կարգավորման ներկա փուլը եւ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։
Ինչպես ֆրանսիական կողմի պաշտոնական աղբյուրն է նշում, Ֆրանսուա Օլանդը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը` առավել զարգացնելու երկու երկրների տնտեսական եւ մշակութային կապերը։
Կարդացեք նաև
Ֆրանսահայերը բողոքի ցույցերով են դիմավորել Ադրբեջանի նախագահին՝ պնդելով, որ Ալիեւի այս այցը հատկապես անընդունելի է մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց եւ իր երկրում հերոսացնելուց ընդամենը օրեր անց։
Ադրբեջանի նախագահի այցի առաջին օրը ֆրանսահայերը բողոքի միջոցառում են անցկացրել Մարսելի հայկական խաչքարի մոտ, իսկ երեկ բողոքի ցույցը տեղափոխվել է Փարիզ՝ Ադրբեջանի դեսպանատան առջեւ։
Ի պատասխան այս ակցիայի՝ տեղի ադրբեջանցիները եւ թուրքերը երեկ Հայաստանի դեսպանատան առջեւ են հավաքվել։
«Ազատություն» ռադիոկայան