Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 18-ի նիստում շարունակվում էր վկա, քրեական գործով քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը քննիչ Պետրոսյանին հիշեցրեց, որ Արտակ Նազարյանի մահվան նախօրյակին վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի եւ Նազարյանի միջեւ հեռախոսազրույցի ժամանակ Ուդումյանը հայհոյել է Նազարյանին, Ուդումյանը հաջորդ օրը պիտի գնար մարտական հենակետ՝ հարաբերություններ պարզելու եւ հարցրեց, թե նախաքննական մարմինը ինչո՞ւ Գ.Ուդումյանին մեղադրանք չի առաջադրել: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ հարցը կրկնվում է, այն հանվում է, որ քննիչի ծառայողական քննությամբ չեն զբաղվում:
Փաստաբան Շուշանյանն ասաց, որ իր մոտ կասկածների հիմքեր են ստեղծվում, որ ամեն անգամ, երբ Գագիկ Ուդումյանի վերաբերյալ հարցեր են հնչում, դատավորը փորձում է իրենց լռեցնել: Դատավորն ասաց, որ դա մեղադրանքի ծավալից դուրս է: Փաստաբան Շուշանյանն էլ հայտարարեց, որ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, որն առնչվում է մեղադրանքի ծավալին, բոլորովին այլ բան է նշանակում:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը վկային ասաց, որ նախաքննական մարմինը օգոստոսի 4-ին է տեղեկացել Գագիկ Ուդումյանի եւ Ա. Նազարյանի միջեւ կայացած հեռախոսային խոսակցության մասին, օգոստոսի 6-ին մեղադրանքներ են ներկայացվել,եւ հարցրեց՝ ինչո՞ւ այդ ժամանակ Ուդումյանը չի հարցաքննվել: Քննիչ Պետրոսյանը պատասխանեց, որ վկաների հարցաքննության կարգը, ժամանակը որոշում է նախաքննական մարմինը, որ այլ վկաների հարցաքննությունն ավելի կարեւոր էր:
Կարդացեք նաև
Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը հայտարարեց, որ 2011թ. փետվարի 14-ին վկա Գարեգին Սայադյանի ցուցմունքը վերցնելիս քննիչը չի նշել հարցաքննության սկիզբի եւ ավարտի ժամերը: Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանն ասաց, թե վկա Արթուր Մկրտչյանն իր դեմ ցուցմունք է տվել, ինքը դա ժխտել է, եւ քննիչ Լ. Պետրոսյանին հարցրեց՝ ինչո՞ւ ինքը չի առերեսվել Մկրտչյանի հետ: Քննիչն ասաց՝ դրա անհրաժեշտություն չի եղել:
Հակոբ Մանուկյանի պաշտպան Արմինե Ղասաբօղլյանը կատարված քննչական փորձարարություն մասին ասաց, որ այն արվել է ձմռանը, ցերեկը, այն կատարվել է այն անձանց հետ, ովքեր մարմնական վնասվածքներ չեն ունեցել, հոգեպես ճնշված չեն եղել, խմած վիճակում չեն եղել եւ հարցրեց՝ ինչու՞ փորձարարության հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում: Քննիչն ասաց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով Արտակ Նազարյանի վնասվածքները թեթեւ են եղել, որ նա կարող էր տեղաշարժվել, Նազարյանը ծխող չէր, ինքը փորձարարության համար ընտրել է ծխող զինվորների,նրանց հագցրել է ծանր հանդերձանք, ու հանդերձավորված զինվորները բարձրացել են ժայռաբեկորի մոտ: Հ. Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հարցրեց, թե այդ փորձարարության նպատակը ո՞րն է ր: Վկան ասաց, որ իր համար, որպես վարույթն իրականացնողի քննիչի, հարց է ծագել, արդյոք Նազարյանը գետնատնակից 15 րոպեում կարո՞ղ էր բարձրանալ ժայռաբեկորի մոտ եւ կրակոց արձակել: Պաշտպան Գեւորգյանը հարցրեց՝ որ ձեր համար եք արել, ինչո՞ւ եք կցել քրեական գործին: Վկա Պետըոսյանն ասաց, որ դա քննչական փորձարարություն էր: Դատական հաջորդ նիստում, որը կկայանա սեպտեմբերի 25-ին, կշարունակվի վկա Լ. Պետրոսյանի հարցաքննությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ