Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող իրենց ուղեղներն ընդլայնեն».ակցիա ի պաշտպանություն Աֆրիկյանների տան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2012 21:30

«Քանդելն արգելվում է հասարակության կողմից» խորագրով բողոքի ակցիա էին կազմակերպել «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Ակցիան, ինչպես մասնակիցներն ասացին, մի նպատակ ունի` թույլ չտալ քանդել Աֆրիկյանների պատմաշակութային շենքը, որը ճանաչվել է հանրային գերակա շահ եւ պետք է ապամոնտաժվի`Տերյան փողոցն ընդլայնելու համար: Ակտիվիստները ակցիան սկսեցին  Մաշտոցի փողոցից` «Փակ շուկայի» մոտից եւ համեստ երթով շարժվեցին մինչեւ Տերյան փողոց` Աֆրիկյանների տուն:

«Մենք թույլ չենք տա, որ միջակությունները, եսամոլ բիզնեսմենների հետ, ձեռք-ձեռքի տված, փոշիացնեն մեր քաղաքի պատմությունը: Ինչպե՞ս կարելի է փողոցն ընդլայնելու համար նման շենքն ապամոնտաժել: Թող էլիտար շենքերն ապամոնտաժեն, Աֆրիկյանների ընտանիքը մեծ ներդրում է ունեցել հայ պամության մեջ, եւ կորցնելով շենքը, մենք կկորցնենք մեր պատմությունից մի մեծ էջ»-Aravot.am-ի հետ զրույցում ասացին ակտիվիստները:

Այն, որ քաղաքային իշխանությունները խոստացել են Աֆրիկյանների շենքը քաղաքի մեկ այլ հատվածում վերականգնել, ակցիայի մասնակիցները թերահավատորեն են վերաբերվում: Նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գերավետյանն Aravot.am-ի զրույցում այսպես պատճառաբանեց իրենց թերհավատությունը. «Օրինակ` Փակ շուկան, մինչ օրս չգիտենք, թե ի՞նչ է լինելու շուկայի վիճակը, սա վերականգնվելո՞ւ է, կամ ինչ տեսքով է վերականգնվելու: Հիմա էլ այստեղ ոչ մի նախագիծ չկա փակցված: Սա էլ հերթական ապօրինությունն է: Այդ ստախոսությունը 5 տարի է լսում ենք, ասում են մի բան, բայց անում մեկ այլ բան»:

Ներկայումս Աֆրիկյանների շենքի քարերը համարակալված են, որը խոսում է հետագայում վերականգնելու մասին: Սակայն ակտիվիստները վստահ են, որ շենքն ամբողջությամբ եւ նույնությամբ չի հաջողվի վերականգնել. «Շենքի վրայի քանդակները եթե լոմով քանդեն, ուրեմն վերջ` հերները կանիծվի քանդակների»:

Ակտիվիստների խոսքերով, մինչ օրս իրացման գոտիներում քանդած եւ վերականգնման ենթակա պատմական շենքերն այդպես էլ չեն վերականգնվել. «Թեեւ խոստանում են, որ Հին Երեւան նախագծի շրջանակներում, դա կարվի, բայց այսօր ոչ մի նախագիծ ցույց չեն տալիս, որ հասկանանք, ինչ է կատարվելու»:

Խմբի անդամ Աննա Շահնազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անհասկանալի է, թե ովքեր են այն մի քանի հոգին, որոնք իրենց հորջորջում են քաղաքի համար պատասխանատուներ, այսպես կոչված` գլխավոր ճարտարապետը, կամ քաղշինխորհուրդը, որ որոշում են` սա քանդել, սա չքանդել: Թող իրենց ուղեղները եւ մտավոր կարողությունները սկսեն լայնացնել, որպեսզի հասկանան` թե ինչ է ճարտարապետություն կամ  քաղաքաշինություն, ոչ թե` քաղաքի քանդում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930