Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի դափնեկիրները մրցանակի մի մասը կներդնեն հայկական գիտության զարգացման գործում

Սեպտեմբեր 18,2012 20:09

Վիկտոր Համբարձումյանի 2012թ. միջազգային մրցանակը շնորհվում է պրոֆեսորներ Յան Էյնաստոյին (Էստոնիա) եւ Իգոր Նովիկիովին (Ռուսաստան): Մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից` 2009թ. եւ ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է եւ հանձնվում է ցանկացած երկրի եւ ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար եւ տրվում է երկու տարին մեկ անգամ:

ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ մրցանակակիր-պրոֆեսորների մասնակցությամբ ասուլիս:

Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ իր գլխավորած միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից եւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների եւ գիտական խմբերի 12 առաջադրում` աշխարհի տարբեր երկրներից:

Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա հանձնաժողովը որոշեց մրցանակը կիսել պրոֆեսոր Յան Էյնաստոյի, ով առաջադրվել էր Էստոնիայի Տարտուի աստղադիտարանի կողմից «Թաքնված նյութի եւ տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար», եւ պրոֆեսոր Իգոր Նովիկովի միջեւ, ով առաջադրվել էր Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի եւ աստղագիտության ինստիտուտի կողմից`«Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձեւակերպման եւ քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»:

Ռադիկ Մարտիրոսյաը փաստեց, որ մրցանակի շնորհումը նպատակ ունի հավերժացնել Վիկտոր Համբարձումյանի հիշատակը եւ աշխարհին ներկայանալի դարձնել Հայաստանի գիտությունը. «Այն կարող զարգանալ առանց միջազգային կապերի: Վիկտորն Համբարձումյանի մրցանակի առաջին մրցանակակիր խմբի անդամներից մեկը եղել  է հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Իսպանիայի Եվրոպական աստղագիտական աստղադիտարանում:  Մրցանակը մեծ արձագանք գտավ միջազգային գիտական հանրության  շրջանում, իսկ այս տարվա մրցանակակիրների աշխատանքները աստղաֆիզիիկայի բնագավառի բարձրակարգ գիտական գործեր են»: Մարտիրոսյանը հավելեց, որ երկու գիտնականներն էլ իրենց գործունեության ընթացքում համագործակցել են Վ. Համբարձումյանի հետ:

Իգոր Նովիկովն ասաց, որ մեծ պատվի է արժանացել Հայաստանի կողմից. «Գիտական կարիերաս սկսել եմ Երեւանում` շատ տարիներ առաջ, երբ դիպլոմային աշխատանքս պաշտպանում էի  հայ աստղագետների եւ Համբարձումյանի մոտ: Մրցանակի մի մասը հատկացնելու եմ  Հայաստանում աստագիտության եւ մեր միջեւ համագործակցության զարգացմանը: Այն կծառայի ընդհանուր շահերին եւ ներդրում կունենա գիտության  զարգացման գործում»:

Յան Էյնաստոն նույնպես մրցանակի մի մասը ծառայեցնելու է վերոհիշյալ նպատակին. «Մեր կապը հայկական գիտության հետ սկսվել է վաթսուն տարի առաջ, երբ Համբարձումյանը հանդիպում ունեցավ Տարտուի աստղադիտարանի տնօրենի հետ` նոր կառուցվելիք աստղադիտարանի հարցով: Այդ ժամանակ ես ուսանող էի: Համբարձումյանը ընտրվեց  մեր աստղադիտարանի  գիտական խորհրդի անդամ, եւ համագործակցությունը շարունակվում է մինչ այսօր»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930