Վարդան Այվազյանի հետ վերջին օրերին կատարվածը դեռ շարունակվում է քննարկվել լայն հասարակության կողմից: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ ` հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի։ Արդյունքում «Գլոբալ Գոլդ Մայնինգի» օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի 37 537 978 դոլար, որը պետք է վճարի Վարդան Այվազյանը: Վերջինս հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց վճռի հետ, սակայն խոսք չեղավ վճիռը բողոքարկելու, կամ հետաքննություն սկսելու մասին:
Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանը ևս նկատել է այդ հանգամանքը և Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լսել եմ, որ նույնիսկ Վարդան Այվազյանը փորձել է իրեն պետական հերոս ներկայացնել, իբր պետական փրկիչ է: Սակայն Վարդան Այվազյան կոչվածը այն մարդն է, որ Հայաստանը ծախեց, հենց իր օրոք Հայաստանը ծախվեց: Ինքը պիտի դատվի՝ որպես ազգի դավաճան, ինքն է տվել բոլոր հանքերը շահագործման թույլտվությունները, իր տղայի անունով էլ Հրազդանում և ՀՀ տարբեր շրջաններում հանքեր կան: Վարդան Այվազյանն էր, որ Թեղուտի հանքի լիցենզիան տվեց: Ու հենց այս պատճառներով էլ նա չի ցանկանում նշված դատական գործի կապակցությամբ շատ խորանալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ