Մեկամսյա նորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 2 դպրոցը: Թեև ուսումնական պրոցեսսը սեպտեմբերի 1-ից էր մեկնարկել, սակայն հանդիսավոր վերաբացումը կատարվեց դպրոցի 180-ամյա հոբելյանի օրը:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հոբելյանի կապակցությամբ և 180 տարվա փորձառություն ունեցող դպրանոցի մանկավարժական կոլեկտիվին Տարոն Մարգարյանի անունից պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:
Քաղաքապետի հանձնարարությամբ մինչև ջեռուցման հերթական տարեշրջանը ամբողջությամբ կնորոգվի նաև դպրոցի ջեռուցման համակարգը:
Հարկ է նշել, որ դպրոցի եռահարկ շենքը հիմնանորոգվել է «Օգնիր դպրոցիդ» արշավի շրջանակում, շրջանավարտ Գարեգին Նուշիկյանի միջոցներով, ով դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի «Պատվո աշակերտ» մեդալով:
Ի դեպ, 180-ամյա այս դպրոցը Երևանի առաջին պետական դպրոցն է և 1925 թվականից կրում է դպրոցի 6-րդ տնօրեն-տեսուչ Խաչատուր Աբովյանի անունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն