Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Հակոբյան. «Եթե խոսքը քավության նոխազի մասին է՝ ժողովուրդն այլեւս կշտացել է դրանից»

Սեպտեմբեր 18,2012 19:09

«Նախագահը շատ ավելի ծրագրային, համակողմանի եւ սուր ելույթ ունեցավ դեռեւս 2010 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ-ի ինչ-որ մի տոնական միջոցառման ժամանակ: Նախագահի այդ ելույթը շատ ավելի ամբողջական, սուր, քննադատական եւ փաստերով հագեցած ելույթ էր, որը կարող էր մրցել նույնիսկ ընդդիմադիր ամենաթունդ եւ ծրագրային ելույթի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցությանը եւ նախագահի հնչեցրած քննադատություններին, ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Մեր զրուցակիցը վերհիշում է, որ դեռ այն ժամանակ ինքը մեկնաբանություններ էր արել՝ թե ժամանակը ցույց կտա՝ դա PR-ակցի՞ա է, ելույթ՝ ելույթի համա՞ր, թե՞ հետագա գործողությունների ծրագիր: «Ցավոք, ինչպես ականատես եղանք, դա ընդամենը ելույթ էր՝ ոչ ավելի եւ չէր հետապնդում կոռուպցիայի դեմ համակողմանի պայքարելու համար կոնկրետ նպատակ»,- արդեն այսօր փաստում է պարոն Հակոբյանը՝ հավելելով. «Ինչ մնում է այս ելույթին՝ դարձյալ գործով պետք է այն ապացուցվի: Կրկնում եմ, այն ելույթն ավելի ծրագրային էր, քան սա, քանի որ վերաբերվում էր բոլոր ոլորտներին: Այս ելույթում խնդիրների միայն 30 տոկոսն էր արտացոլված»:

Ռուբեն Հակոբյանի համար անհասկանալի է այն հրճվանքը, որով  ոգեւորվել են  ոմանք, թե` վերջապես նախագահը գտավ մեղավորին եւ դա կառավարության ղեկավարն է ու` վերջ, հարցերն արդեն կլուծվեն. «Ես չեմ կարծում, որ հայաստանյան քաղաքական իրականության հետ կապ ոնեցող որեւէ մեկը, որը հատվածական շահ չի հետապնդում եւ ուզում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում պետության մեջ եւ որտե՞ղ պետք է գտնել լուծումները, դրանով պետք է հրճվի: Ի վերջո, ինձ համար հարց է՝ արդյո՞ք քաղաքական մեծամասնությունը եւ նախագահը հստակ խնդիր դրե՞լ են վերացնել կոռուպցիան, որն իսկապես հարվածել եւ շարունակում է հարվածել պետության ողնաշարին եւ չի թողնում, որ պետականությունն ու պետությունը կայանա, թե` ոչ: Եթե խնդիրը դրված է այդպես, եթե նախագահը, քաղաքական մեծամասնությունը, այդ թվում նաեւ վարչապետը, խորհրդարանը, վերցնեն այս խնդիրը եւ որոշեն լուծել, ուրեմն, մենք կունենանք հաջողություն եւ կարող եմ վստահորեն ասել, որ  «Ժառանդությունը»  անկեղծորեն կաջակցի այդ կարեւորագույն ծրագրի իրականացմանը: Եթե ընդամենը քավության նոխազ է պետք, որ ցույց տան՝ այս մեկի պատճառով ենք հայտնվել այսպիսի ծանրագույն վիճակում, ուրեմն, շարունակելու ենք վայելել մեզ բաժին հասած կոռուպցիան` ինչպես կասեր իմ ընկեր երգահանը: Որովհետեւ այն 10-15 հոգին, որոնք իրենց ձեռքն են վերցրել ամբողջությամբ պետության ֆինանսատնտեսական շարժը, արդյունաբերաշինարարական ոլորտները եւ մնացյալ ամենը, դրանք նախագահի մերձավոր շրջապատի մարդիկ են եւ չեմ կարծում, եթե նախագահի եւ իշխող մեծամասնության միջեւ քաղաքական կամք չլինի, Տիգրան Սարգսյանի ասելով որեւէ մեկը քայլ կանի, կամ կպատժվի, կամ կհրաժարվի այդ «ատկատներից» ու մնացյալ բաներից, որոնք կոռուպցիայի բաղկացուցիչ մասերն են»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ պետությունն իսկապես ծանրագույն վիճակում է հայտնվել եւ որպեսզի այս իրավիճակից դուրս գա, առաջինը նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը միասին պետք է քաղաքական կամք ցուցաբերեն կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: «Եթե չեն պայմանավորվելու եւ ընդամենը քավության նոխազի մասին է խոսքը, կարծում եմ, պետությունը դրանից ավելի շատ կտուժի, քան կշահի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930