«Դաշնակցությունը չի գնահատում իր ընկերներին: Հատուկ սեր ունեն՝ մեռնելուց հետո են դա անում»,- ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանն այս խոսքերը բարկացած ասել էր «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում: Ըստ նրա, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ավելի լավ է գնահատում իր ընկերներին, քան ՀՅԴ-ն:
Այսօր Aravot.am-ն այդ առնչությամբ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին հարցրեց՝ ինչ եք կարծում, այդ վիրավորանքի համար հիմքեր կա՞ն: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այդտեղ վիրավորանք չեմ տեսնում: Ես այդտեղ տեսնում եմ դժգոհություն ինչ-որ տեղ, որը կարող է մասամբ արդարացված լինել, մասամբ՝ ոչ: Բայց բոլոր հասարակություններում էլ այդպես լինում է»:
Մենք ճշտեցինք՝ նորմա՞լ է, որ կուսակցության անդամը կուսակցությունից նման դժգոհություն է հայտնում՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե այն, որ ինքը դժգոհություն է ունենում, այլ այն, որ ուշ են գնահատում: Դա կարող է լինի»: Մեր դիտարկմանը՝ այսինքն համաձա՞յն եք Ալվարդ Պետրոսյանի կարծիքի հետ՝ Վահան Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Չէ, համաձայն չեմ: Բայց համարում եմ, որ դա կարող է լինել եւ դրանից առանձնապես ողբերգություն սարքել պետք չի: Մարդը կուսակցություն է մտնում, որպեսզի իր պայքարը տեղ հասցնի: Ինքը փորձում է ճանապարհ գտնել՝ ինչպես ծառայել սեփական ժողովրդին: Գտնում է այդ ճանապարհը: Օրինակ, մարդիկ գտնում են այդ ճանապարհը՝ ինչ-որ մարդկանց կոշիկներ լպստելով: Իսկ նրանք, ովքեր մտնում են կուսակցություն, առավել եւս՝ Դաշնակցություն, սրանք ինչ-որ գաղափարներ ունեն, որոնց ուզում են հասնել: Ու ճանապարհը դրանց հասնելու տեսնում են այդ կուսակցության միջով: Նրանք մտնում են ծառայելու, ոչ թե որպեսզի նրանց բարձր գնահատեն, կամ նրանք ինչ-որ կոչումներ ստանան: Կուսակցությունից սպասումներ չպիտի ունենաս: Իհարկե, կարելի է նաեւ որոշ դեպքերում մռայլվել, երբ տեսնում ես, որ արածը չեն գնահատում, բայց այդպես իրականության մեջ մտածելը ճիշտ չի: Դրա համար ես հասկանալով՝ չեմ կիսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ