«Երբեք չեմ սիրել եւ չեմ զգացել սիրո բերկրանքը: Ամեն անգամ, երբ եկեղեցի էի գնում, աղոթում էի, որ հանդիպեմ մի մարդու ում կսիրեմ կյանքիցս առավել. վերջապես ես էլ զգամ, թե դա ինչ է»,-ասում է Աստղիկը: Աստղիկի եւ Կարենի սիրային պատմությունը յուրաքանչյուրի համար տարբեր ձեւ է բնորոշվում. «Աստղիկին տեսել էի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում: Նրան մի ակնթարթ էի տեսել, բայց դեմքը տպավորվել էր: Ինքս էլ չհասկացա թե ինչպես, բայց շատ արագ էլ կորցրեցի: Սկսեցի նայել չորս կողմս, բայց այդպես էլ չտեսա»,-պատմում է Կարենը: Կարենը աղջկան կրկին տեսնելու նպատակով սկսեց հաճախակի գնալ այն մասնաշենք, որտեղ տեսել էր աղջկան.«Կարծես կես դրույքով պահակ աշխատելուց լինեի: Առավոտյան վաղ արդեն ֆակուլտետի դռների մոտ կանգնած էի, երբեմն էլ հսկիչներից շուտ էի այնտեղ լինում եւ նրանց հետ հավասար ուշադիր հետեւում ներս – դուրս անողներին»,-ասում է նա: Մեկ-երկու ամիս հետո Կարենն աղջկան հանդիպելու հույսը կտրում է: Փորձում է մոռանալ աղջկան եւ ապրել այնպես, ասես ոչինչ էլ չէր եղել: «Անցնում է մեկ տարի: Նոյեմբեր ամիսն էր. ընկերս զանգահարում է եւ կանչում իրենց համալսարան մաֆիա խաղալու: Ես հետաքրքրվում եմ, թե արդյոք նորմալ թիմ կա խաղացող, որ մեր համալսարանից հասնեմ այնտեղ, նա էլ` թե արի, չես փոշմանի, միշտ էլ խաղերը հավես են անցնում: Եվ ես որոշում եմ միանալ իրենց»,-պատմում է Կարենը: Տեղ հասնելուն պես ընկերը սկսում է ծանոթացնել խաղի մասնակիցների հետ եւ սկսում են խաղալ: Խաղն ավարտելուց հետո, երբ լսարանից դուրս է գալիս, տեսնում է Աստղիկին. «Երբ տեսա նրա, ինձ թվաց թե ես լավ չեմ: Այնքան եմ մտածել այդ աղջկան փնտրելու մասին, որ աչքիս նա է երեւում: Անտարբեր կողքով անցնում եմ, բայց չեմ դիմանում ու ետ եմ շրջվում եւ այս անգամ համոզվում եմ, որ իսկապես այդ նույն աղջիկն է եւ ամենեւին էլ պատրանք չէր»: Կարենը սկսում է հետեւել աղջկան. «Հինգ ամիս շարունակ հետեւել եմ Աստղիկին, բայց նա այդ մասին չի իմացել: Նախքան Աստղիկին հանդիպելը, ես ուզում էի ամեն բան իմանալ նրա մասին: Օր օրի ավելի էի հիանում նրանով: Այդ ընթացքում հասցրել էի ճանաչել նրան. զուսպ էր, համեստ իր պահվածքում եւ շարժուձեւում, սիրում էր ընթերցել, հաճախ էր գնում գրադարան»,- ասում է Կարենը: Հինգ ամիս անց, Կարենը վերջապես որոշում է մոտենալ աղջկան եւ ասել իր ձգացմունքների մասին. «Մայիս ամիսն էր, երբ Կարենը շատ պատահական մոտեցավ ինձ եւ մենք մի փոքրիկ զրույց ունեցանք: Ինձ համար զարմանալին այն էր, որ ես երբ ինչ-որ բան էի ասում, նա ասում էր, թե գիտի եւ անգամ կարող է շարունակել իմ ասածը: Սա ինձ համար շատ տարօրինակ էր, բայց միեւնույն ժամանակ նաեւ հետաքրքիր: Նա հնարավոր ամեն բան գիտեր իմ մասին: Հանդիպում է մի անծանոթ երիտասարդ, ով գեղեցիկ կարողանում է ներկայացնել քո կենսագրությունը, առօրյան, նախասիրությունները եւ բնական էր, որ ինձ կհետաքրքրեր, թե այդքան տեղեկություն իմ մասին որտեղից է նրան հայտնի»,-ասում է Աստղիկը: Սկսում են հաճախակի հանդիպել, իսկ այդ ընթացքում Կարենը կարողանում է վստահություն ձեռք բերել: Աստղիկի սիրտը վերջնականապես գրավել Կարենին հաջողվում է աղջկա ծննդյան օրը.«Երեկոյան, Կարենը խնդրում է ինձ պատուհանից դուրս նայել: Մի պահ ինձ թվում է, թե նա մոռացել է, թե մենք որ հարկում ենք ապրում եւ այդ կերպ փորձում էր իմանալ: Երբ նայեցի, սկզբում միայն վառվող մոմեր տեսա եւ կարմիր վարդեր: Մի քանի րոպե անց միայն հասկացա, որ վարդի թերթիկներով գրված էր. «Ես էլ սիրտ չունեմ. դու վաղուց գողացել ես այն»: Սա կարդալուց հետո ամբողջ մարմնովս դող անցավ»,-ասում է Աստղիկը: Մեկ ամիս առաջ նրանք նշանադրվեցին, իսկ երկու ամսից պատրաստվում են պսակադրվել. «Երբ սիրում ես, քեզ թվում է, թե ամբողջ աշխարհը քոնն է: Վերջապես հասունացավ այն պահը, երբ ես էլ հասկացա ու զգացի, թե ինչ է սիրելը եւ սիրված լինելը»,- խոստովանում է Աստղիկը:
Քրիստինա Միրզոյան