Սյունիքի մարզում սեպտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետերի ու գյուղապետերի մեծ մասը հանրապետականներ են: Մարզի 4 տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 եւ թիվ 38 ԸԸՀ-ի տվյալներով` մարզի 94 համայնքներից 82-ում, այդ օրը համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել, դրանցից 62-ում ընտրվել են ՀՀԿ-ական թեկնածուները: Տվյալ համայնքներից 60-ում համայնքի ղեկավարները հանրապետական են եղել:
Սյունիքի քաղաքներից միայն Մեղրիում է ընտրվել անկուսակցական թեկնածու` Արշավիր Հովհաննիսյանը, ով հավաքել է առավել թվով ձայներ, քան գործող հանրապետական քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
Սիսիանում վերընտրվել է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը, իսկ Կապանում ներկայիս քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանին կփոխարինի հանրապետական թեկնածու Աշոտ Հայրապետյանը: Քաջարանում, Ագարակում ու Դաստակերտում կշարունակեն ղեկավարել գործող ՀՀԿ անդամ քաղաքապետերը:
Առաջիկա տարիներին մարզի 7 քաղաքային համայնքներից 5-ում` Ագարակում, Քաջարանում, Կապանում, Գորիսում եւ Դաստակերտում կղեկավարեն հանրապետական, Սիսիանում ԲՀԿ-ական, իսկ Մեղրիում անկուսակցական քաղաքապետերը, իհարկե եթե Մեղրու նորընտիր քաղաքապետը չորոշի մտնել ՀՀԿ շարքերը, ինչ մասին վերջերս լուրեր են շրջանառվում, թեեւ ինքն ասում է, որ նման որոշում դեռ չի կայացրել:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի 109 համայնքներից 94-ում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում մեծ թիվ են կազմում նաեւ ավագանու ընտրված հանրապետական անդամները: Մարզի համայնքների ավագանու նորընտիր անդամներից 185-ը նույնպես ՀՀԿ-ական են:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ