Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում, մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30 մանկական սեղան, 150 աթոռակ և 60 մահճակալ: Նախակրթարանը Նուբարաշեն վարչական շրջանի միակ մանկապարտեզն է այսօր և հնարավորություն է ընձեռում շուրջ 200 երեխաների նախադպրոցական կրթության ու դաստիարակության հարցերը հոգալու համար:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Կարդացեք նաև
Օգտվելով առիթից, երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների նորոգման և հիմնանորոգման հարցը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների շարքում է և ծրագրերն էլ լինելու են շարունակական. <<Երևան քաղաքի այս տարվա բյուջեով մենք մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ իրականացրել ենք բոլոր 12 վարչական շրջաններում: Այս գործընթացը լինելու է շարունակական և մենք փորձելու ենք առաջիկա տարիների ընթացքում լուծել բոլոր այն մանկապարտեզների խնդիրը, որոնք հիմնանորոգման կարիք ունեն: Ընթացիկ ծրագրերում մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու նաև մանկապարտեզների գույքի թարմացման խնդրին և արդեն 2013թ-ի բյուջեում հաշվի կառնվի այդ հանգամանքը ևս>>,-նշել է Երևանի քաղաքապետը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ այս տարվա ձմռանը մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները կջեռուցվեն:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում, որտեղ ծանոթացել է Այվազովսկի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով շուրջ 2,5 կմ երկարություն ունեցող ճանապարհի երթևեկելի գոտու հիմնանորոգմանը զուգահեռ ամբողջովին բարեկարգվում են նաև մայթերը, թարմացվում եզրաքարերը: Վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ արդեն ավարտվել է Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել վարչական շրջանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն