Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ինձ, որ խաբել են, նախագահին էլ կխաբեն»

Սեպտեմբեր 18,2012 17:40

Արդյոք եկե՞լ է ՀՀ վարչապետի փոփոխության ժամանակը եւ սեպտեմբերի 15-ին կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած դժգոհությունը Տիգրան Սարգսյանից «ազատվելու» ակնարկ չէ՞ր:

Այս հարցերն Aravot.am-ն ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: «Ես չգիտեմ` կփոխե՞ն վարչապետին, թե՞ ոչ, բայց այդ խորհրդակցությունը նշանակում է մեկ այլ բան` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե երկրում մի լավ բան է կատարվում, դա ինքն է: Հայտարարեց, որ վարչապետը թող իրեն չներկայացնի որպես խոշորի դեմ պայքարող, դա էլ ես եմ: Հայտարարեց, որ հասկացել եմ ձեր բլեֆները: Այսինքն` այն, ինչ գործնականում 4-5 տարի է մենք հայտարարում ենք:

Նորությունն այնտեղ այն էր, որ կոռուպցիայի գլխում նախագահը նաեւ վարչապետին է տեսնում: Ասաց` ես հիմար չեմ, ես ձեզանից դժգոհ եմ, կոռուպցիան ներսում է, հիմա կփոխի վարչապետին, թե` ոչ, ի՞նչ իմանամ, դա կերեւա ապագայում»,-պատասխանեց պարոն Բագրատյանը:

Նրա խոսքերով` խորհրդակցության ժամանակ արծարծվող պետգնումների ոլորտում առկա կոռուպցիայի մասին ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է. «Այդ տենդերների հարցը մենք քանի՞ անգամ ենք բարձրացրել: Կամ այդ ԾԻԳ-երի մասով… Երբ մենք ասում էինք` Հ1-ով մեզ ծաղրում էին, Հ1-ին մենք գնանք` ի՞նչ ասենք: Ստացվեց, որ մենք ճիշտ էինք: Շուտով ճիշտ կլինի նաեւ, որ բյուջեն թերակատարվել է 8 տոկոսով, բերում են, ցույց են տալիս ու ասում` մեզ գովացեք: Այս հարցում էլ ճիշտ դուրս կգանք»:

Հաշվի առնելով, որ մի քանի ամսից նախագահական ընտրություններ են լինելու, վարչապետին փոխելը կբարձրացնի՞ Սերժ Սարգսյանի վարկանիշը, մեր այս հարցին էլ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Անպայման, 2-3 ամսում այդ հարցն էլ պարզ կլինի: Հարցն այն է, որ եթե փոխի, ապա ո՞ւմ դնի վարչապետ: Ընտրություններից հետո վարչապետ հանելն իմաստ չունի, բայց որ Սերժ Սարգսյանը կընտրվի` կասկածելի է: Երկրի վիճակը լավ չի, եթե նախագահը ճիշտ քայլեր անի, իհարկե, կբարձրանա վարկանիշը: Ուղղակի խաբում են, ես կապացուցեմ, որ տնտեսական աճ չկա, ֆինանսական բոլոր տվյալները սխալ են ներկայացնում: Ինձ, որ խաբել են, նախագահին էլ կխաբեն: Իհարկե, Սերժ Սարգսյանն այդ ամբողջի գլխին կանգնած է, պատասխանատու է, բայց նաեւ ներքին խոհանոց կա, որ շատ բաներից նախագահը կոնկրետ տեղյակ չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930