Սեպտեմբերի 27-ին Իրաքի Հանրապետությունից Հայաստան է ժամանում Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին բեգը: Պատվիրակության կազմում կլինեն ոչ միայն Իրաքի Հանրապետության, այլեւ Քուրդիստանի Ինքնավար հանրապետության խորհրդարանի պատգամավորներ: Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդը՝ Միրե-Միրան, վերջին անգամ Հայաստանում եղել է 1909 թվականին: Այժմ էլ Հայաստան է գալիս իրենց կազմակերպության հրավերով եւ մոսկվաբնակ Միրզե Չոլոյի աջակցությամբ: Շարոյանի ասելով, իրենց հոգեւոր առաջնորդին կընդունի Ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետը, Միրե-Միրան սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կօրհնի եզդիական սրբատեղին, իսկ հաջորդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կհանդիպի հավատացյալների հետ:
Մեզ հետ զրույցում Ամո Շարոյանը հավելեց, որ Միրե-Միրայի այցի առիթով Ուկրաինայից եւ ՌԴ-ից Հայաստան կժամանեն ազգությամբ եզդի շուրջ 50 գործարարներ, որոնց թվում կան ՌԴ մարզային պետդումաների պատգամավորներ: Վերջիններս ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում:
«Հայ եւ եզդի ժողովուրդները միշտ եղբայրական հարաբերությունների մեջ են եղել, պատահական չէ, որ ժամանակին եղեռնից փրկված 6000 հայի մեկ ամսով ապաստանել ու անգլիական կառավարությանն է հանձնել հենց մեր հոգեւոր առաջնորդը»,- նշեց Շարոյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ