Ամասիայի տարածաշրջանի հեռավոր Ողջի գյուղում կիրակի իշխանափոխություն է տեղի ունեցել: Գյուղն ազատվել է մոտ 15 տարվա գյուղապետ Սարգիս Ավագյանից, ով, գյուղացիների բնութագրմամբ, սեփականաշնորհելով գյուղապետի պաշտոնը, որևէ մեկին շանս չէր տալիս նույնիսկ թեկնածություն առաջադրելու:
Այս անգամ գյուղապետի դեմ համարձակություն է ունեցել դուրս գալ գյուղապետարանի հաշվապահ Հրաչիկ Մանուկյանը ու կարողացել է հաղթել իր շեֆին : Սարգիս Ավագյանը հավաքել է 92 ձայն, իսկ Հրաչիկ Մանուկյանը` 120:
Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանին գյուղացիները բնութագրում էին որպես Ողջի գյուղի Զիմզիմով, քանի որ վերջինս , բնակիչների դժգոհելով, տեղեկանքները վաճառում էր տնից` բազմոցի վրա պառկած: Իսկ յուրաքանչյուր ՏԻՄ ընտրություններից հետո գյուղը բաժանվում էր երկու թևի, ովքեր գյուղամիջում փայտերով միմյանց էին ծեծում, այնուհետեւ ռազբորկաները տեղափոխում էին դպրոց: Դպրոցի տնօրինությունը սկսում էր հաշիվ տեսնել այն երեխաների հետ, որոնց ծնողները չէին քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին:
Կարդացեք նաև
Հավելենք, որ այս գյուղում 90-ականների վերջերից բնակվել են Բաքվից եկած փախստականներ, գյումրեցիներ, իսկ մինչ այդ բնակվում էին ադրբեջանցիներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ