Քաղաքակիրթ աշխարհում աղբի վերամշակման ձեռնարկություններ ունենալը պարտադիր պայման է: Աղբը վերամշակելով` տվյալ երկիրը միանգամից էկոլոգիական եւ տնտեսական խնդիր է լուծում: Հայաստանում, չնայած աղբի առատությանը, առայժմ նման ձեռնարկություն չկա, պատճառն, ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի` քաղաքային իշխանություններն ու կառավարությունն են, որոնք տարիներ ի վեր խոչընդոտ են հանդիսացել: Տիկին Դանիելյանի կարծիքով, մեր երկրում աղբի «ձախ» բիզնես է գործում, ինչն էլ խանգարում է, որ այդ ձեռնարկությունները ստեղծվեն: Իսկ թե մինչ այժմ ինչ արտասահմանյան ընկերություններ են ցանկություն հայտնել մեր երկրում աղբի վերամշակման գործարաններ հիմնել` Կարինե Դանիելյանի մեկնաբանությունները` տեսանյութում.
Aravot.am-ի հարցին, թե որոշ իշխանավորներ աղբի մե՞ջ էլ «փայ» ունեն, որ անգամ աղբը չեն զիջում օտարերկրյա ընկերություններին, տիկին Դանիելյանն ասաց, որ աղբավայրերից գունավոր մետաղներ ու պլաստիկ են առանձնացնում. «Բայց կարելի է, չէ,՞ այդ ամենը հիգիենիկ ու նորմալ պայմաններում կազմակերպել, ու նույն մարդկանց, որոնք աղբ են հավաքում ինչ-որ մարդկանց համար, ներգրավել: Ճապոնացիների հետ աղբի վերամշակման գործարաններ հիմնելու ծրագիրը տապալվեց»:
Այսօր «Նովոստի» միջազգային ակումբում կազմակերպված «ԱՊՀ. էկոլոգիական օրակարգ» թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա-Քիշնեւ-Կիեւ տեսակամուրջի ժամանակ, որը «Մաքրենք բնությունն աղբից» թեմայով էր, պարզվեց, որ աղբի վերամշակման հարցում ամենալավ վիճակում Ղազախստանն է: Այդ երկրում արդեն աղբի վերամշակման 1000 ձեռնարկություն կա եւ աղբի ընդունման 800 կետ:
Տեսակամուրջում Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Դանիելյանի խոսքերով,
Կարդացեք նաև
աղբի, հատկապես վտանգավոր թափոնների առումով ոչ մի տեղ չունենք, որտեղ կառանձնացնեն դրանք: Իսկ այդպիսի թափոնների առաջացրած խնդիրները բնությանը մեծ վնասներ են հասցնում:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի կենսաքիմիայի բաժնի վարիչ Լիլիթ Սահակյանն ասաց, որ այսօր թիվ մեկ խնդիրներից են վտանգավոր թափոններով պոչամբարները. «Այսօր մեր օրենքով պոչամբար տերմինը չկա, բոլոր պոչամբարները համարվում են տեխնոգեն հանքավայրեր, բոլոր պոչամբարներն, իրոք, տեխնոգեն հանքավայրեր են, բայց, եթե տերմինը փոխում ես, դրանց հետ կապված բոլոր էկոլոգիական հարցերը պետք է փոխվեն, այսինքն` եթե դա պոչամբար է, դա ունի մոնիտորինգ, պահպանում, ռիսկի գնահատում, իսկ այդ ամեն ինչը ծախս է, բայց տեխնոգեն հանքավայրն ուրիշ տնտեսական կատեգորիա է, որի հետ արդեն ուրիշ խնդիրներ են կապված»:
Մոլդովայի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց մոտ խնդիր է
պիտանելիությունը կորցրած մարտկոցների, խնայողական լամպերի, դեղորայքի թափոնների իրացումը:
Ղազախստանի շրջակա միջավայրի համար պատասխանատուները փաստեցին, որ իրենց մոտ այդ հարցը լուծված է եւ որ նման տեսակի աղբը հատուկ տեղ է հավաքվում, այնուհետեւ` վերամշակվում, հատկապես, որ ներկայումս այդպիսի վտանգավոր թափոններ այդ երկրում շատ են առաջանում, քանի որ Ղազախստանը գնում է էներգախնայողության ճանապարհով, ինչի հետեւանքով կիրառության մեջ են այնպիսի լամպեր, որոնց թափոնները խիստ վտանգավոր են շրջակա միջավայրի համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ