Դեռ 2008-ին Էստոնիայում սկսված «Let’s do it» շարժումը տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվել է եւ շարժման ամբողջ բյուջեն կազմել է 50 հազար եվրո: Այս մասին այսօր «Արմատ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի երիտասարդ կենսաբաններ» ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը: Նա վստահեցրեց, որ մեր երկրում «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությունը որեւէ Ֆինանսական օժանդակություն չի ստացել, ամբողջ աշխատանքը հիմնված է եղել կամավորական աշխատանքի վրա. «Շատերին թվում է, որ քանի որ շարժումը միջազգային է, ուրեմն ինչ-որ դրամաշնորհի շրջանակներում է իրականացվում,բայց դա այդպես չէ: Հիմա մենք նաեւ ցույց կտանք, որ 0 դրամ օգնությամբ մարդիկ կարող են համախմբել այդքան կազմակերպություների»:
Ա. Գասպարյանը պատմեց, որ մաքրման աշխատանքներին մինչ այս պահը, նախատեսված 3000-ի փոխարեն, մասնակցել է 2600 մարդ, այդ թվում նաեւ 50 կազմակերպություն, որոնք հավաքել են շուրջ 600 խորանարդ մետր աղբ: Նրա խոսքերով, մաքրման աշխատանքներն իրականացվել են ոչ միայն Երեւանում, այլեւ` ՀՀ ամբողջ տարածքում:
Նրա ներկայացմամբ, մինչեւ սեպտեմբերի 25-ը ակցիան կավարտվի, իսկ մինչ այդ ակցիային են միացել նաեւ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ, բնապահպանության նախարարությունը, դպրոցներ, քաղաքապետարանն էլ նյութական օժանդակություն է ցուցաբերել` Երեւանի մաքրման ժամանակ տրամադրելով ձեռնոցներ եւ տոպրակներ:
Ասուլիսին ներկա WWF նախագահ Կարեն Մանվելյանն էլ ասաց,որ բնապահպանական կազմակերպությունները շատ հաճախ են իրականացնում նման աշխատանքներ, բայց մեկ ամիս հետո դարձյալ տարածքը աղտոտվում է, որովհետեւ մաքրման աշխատանքներում կայունություն չկա. «Բոլորի չարչարանքը ջուրը կգնա եւ մեկ ամիս անց նույն Նորավանքը աղտոտված կլինի, եթե կայունությունը չկարողանանք պահել»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, Հայաստանի գյուղերում խայտառակ վիճակ է, գյուղերում աղբահանություն չկա: Կ. Մանվելյանը պատմեց, որ երբ գյուղապետին հարցրել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ աղբահանություն «Օրենքով ունենք, բայց ընենց չկա»:
Ա. Գասպարյանն էլ ավելացրեց, որ հավաքված աղբի մի մասն ուղարկվել է տեսակավորման,սակայն քանի որ տեղափոխման հարցում համակարգված օժանդակություն չկար, որոշ դեպքերում չի ստացվել:
Նա նաեւ պատմեց, որ երբ օրերս էլ Կարմիր Բլուրում էր հերթական մաքրման աշխատանքն իրականացվում, «Էլնոր» ընկերության աշխատակիցները եկել եւ մեքենայով աղբ են թափել: Ա. Գասպարյանը վստահեցրեց, որ իրենք հորդորել են, որ տարածքը նոր մաքրված է,չթափեն, բայց իրենց չեն լսել. «Մենք դիմում ենք այդ կազմակերպությանը, նախ` նա պետք է ներողություն խնդրի Կարմիր Բլուրում մաքրման աշխատանք տարած երեխաներից, հետո էլ պետք է իրենցից հետո թողած աղբը մաքրի»:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ