Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար՝ հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Արդյունքում ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02), որը պետք է վճարի Վարդան Այվազյանը: Ըստ վճռում եղած նյութերի՝ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդյունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։
Ընկերությունը ներգրավել էր միջազգային եւ տեղի իրավաբանների՝ դուստր ընկերության դեմ ուղղված ապօրինի եւ կոռումպացված գործընթացների հիման վրա պատասխանատվության ենթարկելու համար։
2006 թ. նոյեմբերի 7-ին ընկերությունը սահմանել է 30-օրյա բարի կամքի ժամկետ՝ բանակցությունների համար (որը նախապայման էր 2003 թ. Բաժնեմասի գնման պայմանագրի համաձայն միջազգային արբիտրաժին դիմելու համար): Այն պետք է տեղի ունենար երեք հայտնի վաճառողների/բաժնետերերի, նախկինում ծպտյալ բաժնետեր եւ մյուս բաժնետերերին ուղղորդող Այվազյանի հետ։
Կարդացեք նաև
Aravot.am-ը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ արդյոք վճռում եղած նյութերի մասին և «Գլոբալ Գոլդ Մայնինգ» և Վարդան Այվազյան հակամարտության մասին իրենց վաղո՞ւց է հայտնի եղել: Նա պատասխանեց, որ իրենք 2006-ին են առնչվել այդ խնդրին, երբ Գետիկի շուրջ ուրան է հայտնաբերվել: Բարձրացվել է ահազանգ, այդ կապակցությամբ խիստ է արտահայտվել նաև այն ժամանակվա Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:
Ինչպես Ինգա Զառաֆյանն է նկատում, այդ պատմության վերջակետն այն ժամանակ այդպես էլ չդրվեց: Նա նշեց, որ ոչ ընկերությունն է մինչև վերջ գնացել, ոչ էլ Վ. Այվազյանը: Նաև հավելեց. «Եթե անհիմն է մեղադրանքը, թող Վարդան Այվազյանը գոնե հերքում պահանջեր, կամ պահանջեր, որ ընկերությունն իրենցից ներողություն խնդրի: Այստեղ պետք է քաղաքական որոշում և մեզ հասարակությանը հետաքրքիր է, որ հիմա այս մեծ աղմուկից հետո վերջապես Վարդան Այվազյանն, ով հասարակ քաղաքացի չէ, այլ քաղաքական գործիչ, ինչով է զբաղված և ինչով են զբաղված մեր քաղաքական գործիչները: ՀՀԿ-ն գոնե քաղաքական գնահատական տար այս գործընթացին, ի վերջո լուրջ գործընթաց է, թող կամ պաշտպաներ իր պատգամավորին, կամ ինչ-որ բան, ինչ որ ձևով արձագանքեր»:
Այնուհետև տիկին Զառաֆյանը նշեց է. «Չէ՞ որ ամբողջ գործընթացը եղել է ՀՀ-ում, բա ՀՀԿ-ին չի՞ հետաքրքրում, որ այդպիսի լուրջ մեղադրանք է եղել իր պատգամավորի մասին, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի պահանջում, որ հետաքննություն անցկացվի»:
Կատարվածի մասին ընդհանուր գնահատականներ տալով՝ տիկին Զառաֆյանն ամփոփեց. «Իրականում հանքարդյունաբերության ոլորտը մեծ կոպուպցիոն ռիսկեր է պարունակում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ