Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուշուի եվրոպական ֆեդերացիան խարդախություններով է զբաղված

Սեպտեմբեր 18,2012 15:58

Այսօրվա մամուլի ասուլիսում այս միտքն արտահայտեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը` լրագրողներին տեղեկացնելով, որ 2010 եւ 2012 թվականների Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դեմ ուղղված նպատակային խարդախությունների պատճառով մարզաձեւի եվրոպական եւ հայկական կառույցների հարաբերությունները վատացել են:

«Այս պատմությունն սկսվել է 2010 թվականին, երբ ԱՄՆ կոնգրեսն ընդունեց Հայոց ցեղասպանությունը, – ասաց Տիգրան Չոբանյանը: – Լուրը Թուրքիա հասել էր այն պահին, երբ մենք Եվրոպայի առաջնություն մեկնելիս հատում էինք այդ երկրի սահմանը: Մրցավայր հասնելուն պես, մենք մեր մաշկի վրա զգացինք, որ կառավարական մակարդակով արվում էր ամեն բան, որպեսզի Թուրքիայում չբարձրանա մեր դրոշը եւ չհնչի Հայաստանի օրհներգը: Եվ այս գործընթացի գործիքն առաջնության գլխավոր մրցավար Ալեքսանդր Ռադունցեւն էր` ամբիցիոզ, անարդար եւ քինախնդիր մի անձնավորություն, որը բնակվում է Ղազախստանում, բայց, չգիտես ինչու, հանդես է գալիս որպես Գերմանիայի ֆեդերացիայի անդամ: Նա ամեն բան արեց, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները չլինեն մրցավարական կազմում, թեեւ մեր մրցավարներին անձամբ հրավիրել էր Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի (ԵՈՒՖ) նախագահ Ռայմոնդ Սմիթը: Արդյունքում մենք լուրջ խնդիրներ ունեցանք բացահայտ կողմնակալ մրցավարության հետ: Մեր մարզիկի մասնակցությամբ մեկ գոտեմարտ մեր ֆեդերացիան բողոքարկեց եւ մրցավարական ու տեխնիկական հանձնաժողովները բավարարեցին մեր բողոքը` հաղթանակը շնորհելով հայ ուշուիստին: Սակայն նիստի ժամանակ տեխնիկական հանձնաժողովի նախագահ Փիթեր Վոռը ներկաներին բառացիորեն հարցրեց. «Բայց մրցակիցը թուրք է` ոչի՞նչ»:

Ինչեւէ, որոշումն արդեն կայացված էր, սակայն  ավելի ուշ տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, կոպտորեն խախտելով կանոնագրքի պահանջները` մեր բացակայությամբ նախկին որոշումն էին թողել ուժի մեջ: Հայաստանի ֆեդերացիան հայտարարեց, որ եթե արդարությունը չվերականգնվի, մեր հավաքականը կբոյկոտի նույն օրը կայանալիք բացման արարողությունը: Այդ ժամանակ մեզ համոզեցին, որ մրցավարական եւ տեխնիկական հանձնաժողովների որոշումն անօրինական է եւ այն անպայման կփոխեն: Հարցը բարձրացվեց մինչեւ եվրոպական ֆեդերացիայի նախագահի մակարդակ: Ռայմոնդ Սմիթն իր հերթին վրդովմունքով հայտարարեց, թե նման կոպիտ խախտում եվրոպական ֆեդերացիայի պատմության մեջ չի եղել, որ դա խայտառակություն է: Բայց ինչպես հետո պարզվեց, նա էլ էր մեզ խաբում:

Բառացիորեն նույն բանը կատարվեց նաեւ այս տարվա մարտին Տալլինում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որից հետո Հայաստանի ֆեդերացիան պահանջ ներկայացրեց` Ալեքսանդր Ռադունցեւին հեռացնել գլխավոր մրցավարի պաշտոնից եւ պահանջը չկատարելու դեպքում Հայաստանի հավաքականը կհրաժարվի մասնակցել Եվրոպայի առաջնություններին այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդը կնշանակվի գլխավոր մրցավար: Այդ նամակ- պահանջն ուղարկել ենք նաեւ բոլոր ազգային ֆեդերացիաներ: Տալլինում Ռադունցեւի գործունեությունից բողոքեցին գրեթե բոլոր թիմերը: ԵՈՒՖ-ի պատասխանատու քարտուղար, բելգիացի Պատրիկ Կոպենհաուտը, ԵՈՒՖ-ի գործկոմի անդամներ Պետրու Գրինդեանուն (Ռումինիա) եւ Հենք Վերչուն (Հոլանդիա) խոստացան, որ մենք այս պայքարում մենակ չենք լինի եւ…նրանք էլ խաբեցին:

Իսկ ամենավատն այն է, որ այսքանից հետո այդ Ալեքսանդր Ռադունցեւին պատժելու փոխարեն ԵՈՒՖ-ը պատիժ սահմանեց Հայաստանի ֆեդերացիային` արգելելով մեզ մինչեւ 2014 թվականը մասնակցել Եվրոպայի առաջնություններին: Ճիշտ է, մեր պաշտոնական նամակի պատասխանում նրանք նշել են, իբր պատժամիջոցներ են կիրառվել նաեւ Ռադունցեւի նկատմամբ, բայց ի՞նչ պատժամիջոցներ, ոչ մի բառ չկա: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում չհավատալ: Պատասխանում գրված է, թե եվրոպական ֆեդերացիան է արգելում մեզ մասնակցել իր հովանու ներքո անցկացվող առաջնություններին, այնինչ, ինչպես արդեն ասացի, մենք ենք բոյկոտել Եվրոպայի առաջնությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930