Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիբանանահայ գործարարները՝ Արցախի հյուսիսում, Հակարիի ափին, նոր գյուղ են կառուցելու

Սեպտեմբեր 18,2012 15:55

Հարություն Խաչատրյանը այն հազարավոր հայերից մեկն է, ով ավելի քան քսան տարի առաջ ստիպված է եղել թողնել հայրենի տունը Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: 1991 թվականին խորհրդային զորքերը ադրբեջանական ոստիկանական ջոկատների հետ միասին բռնություններով ու ջարդերով տեղահանեցին Հյուսիսային Արցախի հայկական բնակչությանը: Խաչատրյանը  տարիներ առաջ է հաստատվել Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանի Նոր Էրջեջ գյուղում: Երբ արցախյան ուժերը 1993-ի գարնանը վերահսկողության տակ առան Քարվաճառի շրջանը, տունուտեղը կորցրած շահումյանցիների ու գետաշենցիների մի մասը 1990-ական թթ. վերջերից հաստատվեց Թարթառ գետի ափին գտնվող բնակավայրերում՝ դրանք վերանվանելով Նոր Էրջեք, Նոր Գետաշեն, Նոր Շահումյան…

«Հողը միայն նվաճելով չեն պահում, այլ այդ հողի վրա ապրելով ու արարելով», ասաց Խաչատրյանը՝ դիմելով Դադիվանքում հավաքված լիբանանցի գործարարների պատվիրակությանը: «Ես ԱՐԻ ընկերությունից ստացել եմ 1.5 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկ: Հաջորդ անգամ Ձեր Արցախ ժամանելու ընթացքում միասին կճաշակենք այն բերքն ու բարիքը, որ ես ստեղծում եմ», խոստացավ նա:

ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը մաս են կազմում 86 հայազգի գործարարներ, ովքեր կամ բնակվում են Լիբանանում կամ ծնունդով Լիբանանից են: Այս ընկերությունը երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով և առանց գրավի վարկեր է տրամադրում Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջանների բնակիչներին:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքերով՝ շնորհիվ ԱՐԻ-ի, Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններում հարյուրավոր ընտանիքներ օգտվել են տրամադրվող վարկերից և լուծել իրենց սոցիալական խնդիրները, իսկ ևս հարյուրավոր ընտանիքներ սպասում են վարկ ստանալու իրենց հերթին: «Դժվար է 86 մարդու համախմբել մեկ գաղափարի շուրջ: Դուք կարողացել եք համախմբվել այս հրաշալի գաղափարի շուրջ», ասաց Հարությունյանը լիբանանահայ գործարարների հետ Ստեփանակերտում հանդիպման ընթացքում:

Արցախ այցելության ընթացքում ԱՐԻ-ին մաս կազմող մի քանի տասնյակ գործարարներ այցելեցին Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններ, տեղերում հանդիպեցին այն գյուղացիների հետ, որոնք վարկ են ստացել անասնապահությունը, գյուղատնտեսությունը և մեղվաբուծությունը զարգացնելու նպատակով:

ԱՐԻ-ի ներկայացուցիչներից Մասիս Ալեքսանդրյանի խոսքերով՝ լիբանանահայ գործարարների պատվիրակության շրջապտույտը երկու հիմնական նպատակ էր հետապնդում: Առաջին՝ գործարարները, ովքեր մաս են կազմում ԱՐԻ-ին, գալ և սեփական աչքերով տեսնել իրենց ներդրումների արդյունքները գետնի վրա, երկրորդ՝ ԱՐԻ-ի կազմում ներգրավել նոր գործարարների: «Մենք Արցախի, Հայաստանի և Սփյուռքի գաղութներին կոչ ենք անում ներգրավվել ԱՐԻ-ի գործում», ասում է Ալեքսանդրյանը:

Արմեն Պրազյանը բնակվում է Դադիվանքում: Մեղվաբուծությունը զարգացնելու նպատակով նա ԱՐԻ-ից ստացել է 1.5 միլիոն դրամ վարկ: Նա Դադիվանքի միջնադարյան վանական համալիրում հավաքված լիբանանահայ գործարարներին և Նոր Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարությանը պատմում էր մեղվաբուծության մեջ իր ունեցած հաջողությունների և Քարվաճառի ներդրումային մյուս հնարավորությունների մասին: Չարեքտար գյուղի բնակիչներից Մխիթար Կարապետյանը ասաց, որ ինքը ԱՐԻ-ի վարկառուներից չէ, սակայն իր հարևանների առօրյան ցույց է տալիս, որ ներդրումները որոշ չափով թեթևացրել են մարդկանց կյանքը և հնարավորություն տվել զարգացնել անասնապահությունը:

Քարվաճառը անասնապահության և մեղվաբուծության համար բարենպաստ պայմաններ ունի: Նոր Շահումյանի շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Խաչիկ Գալստյանը նշում է, որ ԱՐԻ-ի վարկերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում շրջանում խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը ավելացել է 600-ով:

ԱՐԻ-ի վարկատուներից Բեն Բչաքչյանի խոսքերով՝ բարեսիրությամբ հողատարածք չի վերաբնակեցվի և տնտեսություն չի զարգանա: «Հենց այդ պատճառով էլ որոշեցինք ներդրումներ կատարել: Դա եղավ Արցախի կառավարության հետ համագործակցության շնորհիվ: Մենք կարողացանք լիբանանցի գործարարներին համոզել, որ փոխանակ օտար ափերի, ներդրումներ կատարեն հայրենիքում: Մեր նպատակն էր գյուղատնտեսությունը զարգացնելը, որի ուղղությամբ աշխատանքները կշարունակենք», ասում է նա:

ԱՐԻ-ի և ԼՂՀ իշխանությունների երկու տարիների համագործակցությունը ցույց է տվել, որ Արցախի 12 հազար քառակուսի կիլոմետր հողը մշակելու համար անհրաժեշտ է ողջ Սփյուռքի գործարարների ներգրավումը: Քանի որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, ինչպես նաև այն համարվում է ռիսկային գոտի ներդրումների առումով, օտարերկրյա ընկերությունները խուսափում են ներկայություն ունենալ: Հետևաբար, միայն հայկական բիզնեսի վրա պիտի դնել հույսը:

Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը ԱՐԻ-ի ներկայացուցիչներից 82-ամյա Հակոբ  Չիլինկիրյանը ասաց, որ ներդրումների իմաստով Արցախը շատ ավելի ապահով վայր է, քան այլ երկրներ: Նա նկատեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ ապահով համարվող Սիրիան այսօր արյունալի պատերազմի մեջ է և հետևաբար՝ աշխարհի ամենառիսկային երկրներից: «Քաջ և լավատես լինենք: Այստե´ղ, մեր հողի վրա գործ անենք», հորդորեց Չիլինկիրյանը:

Վարչապետ Արա Հարությունյանի և ԱՐԻ-ի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում կարևորվեց Սփյուռքի այլ գաղութների ներգրավումը Արցախում ներդրումներ կատարելու գործում: ԱՐԻ-ի գործադիր տնօրեն Սուրեն Սարգսյանը ասաց, որ ժամանակն է դուրս գալ Լիբանանի սահմաններից և ներգրավել Սփյուռքի մյուս գաղութները, կուսակցություններն ու  համայնքային կառույցները:

Առաջիկայում Բեյրութում տեղի է ունենալու ԱՐԻ-ի ընդհանուր ժողովը, որին մասնակցելու հրավեր ստացավ նաև նախագահ Բակո Սահակյանը: Այդ հանդիպման ընթացքում, ինչպես նշեց ԱՐԻ-ի ներկայացուցիչներից Սյուզի Սեմերջյանը, նպատակ է դրվել հավաքագրել հավելյալ շուրջ 800 հազար դոլար և այն ևս ուղղել Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջանների վարկավորմանը: ԱՐԻ-ի ռազմավարական նպատակների մեջ է մտնում ինչպես Հայաստանի և Արցախի գործարարների, այնպես էլ Ծոցի երկրների, Ռուսաստանի և Իրանի հայ գործարարների ներգրավումը:

ԱՐԻ-ն առաջիկայում ներգրավվելու է նաև Արցախի բնակարանաշինության ոլորտում: ԼՂՀ  վարչապետի առաջարկով, Բերձոր քաղաքի հարևանությամբ՝ Հակարի գետի հարթավայրային հատվածում, կառուցվելու է նոր գյուղ: «Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 50 տուն: Հետագայում ևս 50 տուն պիտի կառուցվի Հակարիի մյուս ափին: Դպրոցը, մյուս վարչական և կենցաղային շենքերը պիտի կառուցի պետությունը: ԱՐԻ-ին պիտի վարկերը տրամադրի բնակարանաշինությանը՝ ավելի երկար՝ 5-7 տարի մարման ժամկետով: Սա լինելու է մոդել գյուղ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան», ասում է Բեն Բչաքչյանը:

Արցախ այցելության հինգ օրերից մեկը լիբանանահայ գործարարների խումբը անցկացրեց ԼՂՀ հյուսիսային հատվածում՝ լինելով Գանձասարի միջնադարյան վանական համալիրում, Դրմբոնի «Base Metals» լեռնահումքային գործարանում և Դադիվանքում: «Base Metals»-ը տարիներ շարունակ եղել է ԼՂՀ խոշորագույն հարկատուն և ապահովել է շուրջ հազար աշխատատեղ: Դրմբոնից հանքանյութը վերամշակվում և ուղարկվում է Ալավերդի քաղաք, որտեղ պղնձաձուլարանում ստացվում է սև պղինձ և առաքվում Եվրոպա: Դրմբոնի հանքաքարը կբավարարի ևս երկու-երեք տարի, որից հետո «Base Metals»-ը կշահագործի Կաշենի հանքավայրը: Այն գտնվում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ և Ներքին Հոռաթաղ գյուղերի տարածքում: Կաշենի հանքավայրի պաշարները գնահատվում են 26 միլիոն տոննա: Կաշենում կառուցվելու է հարստացուցիչ նոր ֆաբրիկա: Նախատեսվում է վերանորոգել նաև Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը, որը Հայաստանը Արցախին կապող երկրորդ հիմնական ուղին է: ԼՂՀ իշխանությունները ակնկալում են, որ Կաշենի հանքավայրի շահագործումը առաջիկա տասնամյակների համար կապահովի հարյուրավոր աշխատատեղեր, ինչպես նաև կզարգացնի Քարվաճառի ենթակառուցվածքները:

 

Թաթուլ Հակոբյան

ԲերձորՍտեփանակերտԴադիվանք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930