Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը՝ ՀՅԴ-ականների պաշտոնների մասին. «Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերություններն այլ մակարդակի վրա են»

Սեպտեմբեր 18,2012 15:36

Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցին ԼՂՀ-ում դաշնակցականների՝ պաշտոններ ստանալու մասին:

Մասնավորապես, խոսքը Արթուր Աղաբեկյանի եւ Դավիթ Իշխանյանի մասին է: Հարցին՝ դաշնակցականների՝ առանցքային պաշտոններում նշանակվելու հավանականությունը չի՞ վնասի ՀՅԴ-ի վարկանիշին, որովհետեւ տպավորություն կա, որ համագործակցում եք իշխանությունների հետ՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես նման տրամաբանություն չեմ տեսնում: Արցախում բոլորովին այլ իրավիճակ է: Արցախում Դաշնակցություն-իշխանություն հարաբերությունները այլ մակարդակի վրա են: Այնտեղ բնակչության, պետության եւ քաղաքական ուժերի օրակարգն էապես տարբերվում է հայաստանյան օրակարգից: Եվ ուրեմն Հայաստանում Դաշնակցության հարաբերությունները իշխանության հետ պարտադիր չի, որ կրկնվեն Ղարաբաղում:

Իմիջիայլոց, վերջին 20 տարվա ընթացքում դա շատ հաճախ է տեղի ունեցել: Օրինակ, երբ ՀՅԴ-ն հետապնդված էր Հայաստանում, ձերբակալումներ, գրասենյակների առգրավում, կուսակցության արգելում…Ղարաբաղում նման պատկեր չկար: Որքան էլ Հայաստանի իշխանությունը պնդեց ու ճնշեց Ղարաբաղի իշխանություններին, որ նույն քաղաքականությունը վարի, այնուամենայնիվ, նրանք չարեցին: Այնպես որ, եկեք իսկապես Արցախը դիտենք՝ որպես չստացվեց: Արցախը բավականաչափ ինքնուրույն է, եւ այդ ինքնուրույն պետականության հետ, ՀՅԴ-ն, որ իր հերթին ապակենտրոն կառույց է, հարաբերությունները չպետք է դիտարկել անպայման հայաստանյան պրիզմայով: Արցախի Դաշնակցության կենտրոնական կոմիտեն Հայաստանի Գերագույն մարմնից բացարձակապես անկախ է: Նրանց որոշումները չեն հակասում մեր կուսակցության ծրագրին, կանոնագրին: Նման որեւէ հակասություն չկա, կարող եք չմտահոգվել: Իսկ թե ինչ կմտածի այստեղ հասարակությունը դրա մասին՝ դա գնացեք հարցրեք հասարակությանը, ոչ թե ինձ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե պարոն Հովհաննիսյանն ինչ տպավորություն է ստացել նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունից: Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց. «Չեմ տեսել տեսագրությունը: Այդ օրը գիշերը եկա Ստրասբուրգից, ես աշխատում էի հայտնի բանաձեւը անցկացնելու վրա: Հայաստանյան անցուդարձին ծանոթ չեմ եղել, գալուց հետո եկել եւ անցել եմ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930