Միջազգային հանրությունը փաստերի պակաս չունի` Ադրբեջանին չվստահելու համար: Այսօր արտաքին գործերի նախարարությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, ինչպես սեպտեմբերի 2-ին հայտարարեցին Հունգարիայի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարություններից, Ադրբեջանը իրենց խոստացել է, որ Ռամիլ Սաֆարովն առնվազն 25 տարի բանտում կլինի. « Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է պայմանավորվածությունները անտեսել: Ինչպես եղավ, երբ Ադրբեջան-Հայաստան- Ռուսաստան նախագահների մակարդակով էր պայմանավորվածություն ձեռք բերվել: 2011-ին Սոչիում երկու անգամ հայտարարվել էր, այս տարվա հունվարին էլ` շփման գծում հրադադարի վերաբերյալ քննության մեխանիզմ ստեղծելու մասին: Պաշտոնապես հայտարարվել էր Ադրբեջանի նախագահի կողմից, բայց Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ ոչ միայն չհարգվեն այդ պայմանավորվածությունները, այլեւ խոչընդոտվի այդ մեխանիզմների ստեղծումը: Մինչ այսօր Ադրբեջանը չի հարգել իր պայմանավորվածությունները: 1994-ին, երբ հրադադար էր կնքվել, 2 ամիս անց հրադադարի ռեժիմի ամրապնդման պայմանավորվածություն ձեռք բերվեց , որը Ադրբեջանը մերժեց հարգել. մինչ այժմ մերժում է հարգել այդ պայմանավորվածությունը, այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Սանկտ Պետերբուրգի, Աստրախանի, Սոչիի, Կազանի հանդիպումներից առաջ: Քանի -քանի անգամ , այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել»:
Նախարարի խոսքերով, միջազգային հանրության վրդովմունքն էլ Ադրբեջանն ընկալում է որպես անձրեւ:
Պարոն Լիվինգտոնն էլ ասաց, որ Մեծ Բրիտանիայի ցանկությունն է տեսնել Մինսկի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղության գործընթացի վերսկսումը, որ հաշտություն լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ