«Մեր խնդիրն է ավելի մեծացնել հայաստանցիների իրազեկությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների հարստության, գեղեցկության և մշակութային կարևորության վերաբերյալ: Մեր համալսարանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությունը և ՄԱԿ-ի աջակցությունն այս հարցում: Միջոցառումը ուսանողներին կտա ևս մեկ անգամ զգալ անգլերեն լեզվի կարևորությունը, և իրենց ընտրության ճշգրտությունը,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ՄԱԿ-ում Անգլերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը:
Լեզվաբանական համալսարանի հաղորդակցման ամբիոնի անգլերենի դասախոս Անի Մարտիրոսյանի խոսքով, միջոցառման ընթացքում համալսարանի բարձր կուրսի ուսանողները կներկայացնեն բեմականացում՝ բրիտանացի լեզվաբան Դեյվիդ Քրիստըլի «Շարունակելով ապրել» ստեղծագործության հիման վրա, որը նվիրված է լեզուների պաշտպանության և առաջմղման կարևորությանը.
«Այսօր աշխարհում 6 միլիոն մարդկանց 2 միլիոնը խոսում է անգլերեն լեզվով: Պիեսում կարևորվում են բոլոր լեզուները, ոչ միայն անգլերենը, գլոբալ անգլերենի ֆոնի տակ չպետք է մոռանալ մյուս լեզուների մասին: Աշխարհում 2 շաբաթը մեկ ինչ- որ մի լեզու է մեռնում՝ 6000 լեզուներից այսօր 3000-ը մեռնում են»:
Aravot.am-ի հետ զրույցում դասախոսը նշեց, որ անգլերեն լեզուն, որպես օտար լեզու, Հայաստանում կարևորում է, սակայն մակարդակը այնքան էլ բարձր չի գնահատում:
Կարդացեք նաև
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Անգլերենը երկրորդն է աշխարհի ամենատարածված լեզուների թվում, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների:
Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Մենք ձգտում ենք խրախուսել հայաստանցի երիտասարդությանը՝ սովորել անգլերեն և ՄԱԿ-ի այլ լեզուներ, և օգնել նրանց հասկանալ, թե որքան կարևոր է ՄԱԿ-ի բազմալեզվությունը վերջինիս բազմամարդ օրակարգի իրականացման և խաղաղության, բազմազանության ու միջմշակութային երկխոսության խթանման տեսանկյունից՝ հանուն մարդկային զարգացման»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ