Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կոչ է անում «օգնել եղբորը»

Սեպտեմբեր 18,2012 14:52

 «Օգնիր եղբորդ» կարգախոսով նախաձեռնվել է օգնության ձեռք մեկնել սիրիահայ համայնքին: Այդ մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում տեղեկացրին ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրանք ասացին, որ սա կուսակցական նախաձեռնություն չէ, ներգրավված են մի շարք կազմակերպություններ, Հայ առաքելական եկեղեցին: Արդեն բացվել է հաշվեհամար եւ արդեն փոխանցված է առաջին 1 մլն դրամը, որն արվել է ՀՅԴ-ի կողմից: «Մենք համոզված ենք, որ այդ ալիքը դեռ պիտի մեծանա՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք»,- ասաց Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքերով՝ լավ կլինի հաշվեհամարի պարունակությունը մեծանա, որովհետեւ դժվար թե այս հակամարտությունը կարճ ժամանակ հետո ավարտվի: Առաջիկայում նախատեսվում է նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բարեգործական համերգ կազմակերպել, որը կուղեկցվի դրամահավաք մարաթոնով, որին կմասնակցեն հայ գործարարները: Բարեգործություն մարդիկ կարող են անել նաեւ sms հաղորդագրություն ուղարկելով: Լիլիթ Գալստյանը նշեց, որ Սիրիայում մեր ամենակայացած համայնքներից մեկն է, եւ սա գիտակցելով՝ անհատները, պետական մարմինները պետք է թեկուզ շատ փոքր լումայով մասնակցություն ունենան օգնության գործում:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ բավականին մեծ մարդկային ուժ կպահանջվի ստացված բեռները փաթեթավորելու համար եւ ինքնաթիռով հումանիտար օգնությունը տեղ հասցնելու. «Պարզապես այս հայտարարությունը մենք անում ենք, մենք չենք տեսնում կրիզիսի արագ լուծում: Մենք պարտավորված զգացինք դիմել հանրությանը»: Վահան Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ եթե որեւէ մեկը կամ մի կազմակերպություն մի նախաձեռնությամբ հանդես կգա՝ օգնություն ցուցաբերելու՝ «մենք կողքն ենք, հետն ենք, մեջքին ենք: Դրա համար մենք թույլ չենք տա կուսակցականացում»: Բոլոր նյութական նվիրատուներին կտրվեն ստացականներ, հաշվեհամարների միջոցները կլինեն թափանցիկ, կհրապարակվեն նվիրատուների անունները: Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Հայաստանը պետքէ հնարավորություններ բացի սիրիահայ բնակչության համար՝ բնակվել այստեղ, Արցախում: Որպես պետություն՝ Հայաստանը պետք է հնարավոր դիվանագիտական ջանքերը փորձադրի՝ սիրիական այս կրակը, հակամարտությունը հանգցնելու ուղղությամբ: Սիրիայում տեղի ունեցող այս փոթորիկը վտանգավոր է ամբողջ Մերձավոր Արեւելքի համար: Որքան արագ եւ անցավ հնարավոր լինի հանգցնել այդ խարույկը, սա Հայաստանի շահերից է բխում: Հայաստանի հնարավորություններն այս առումով մեծ չեն, բայց պետք է եղածը ճիշտ օգտագործել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930