Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտուշ Ղուկասյան. Կցանկանայի խորհրդարանում տեսնել գիտական կոչում ունեցող պատգամավորների (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2012 14:50

 ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանն այսօր Մամուլի ազգային ակումբում ամփոփեց ԲՈՀ-ի այս տարվա հունվարից մինչ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի տվյալները՝ Հայաստանում Գիտական աստիճանաշնորհման գործընթացի վերաբերյալ:

Ղուկասյանի փոխանցմամբ՝  գիտության դոկտորի եւ թեկնածուի աստիճան է ստացել  386 գիտաշխատող, որոնցից 37-ը՝  Գերմանիայի, Իրանի, Ռուսաստանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ: Նախորդ տարում շնորհվել է 517 գիտական աստիճան, որոնցից 35-ը՝ արտասահմանցիների: Իսկ պրոֆեսորի կոչում ստացած 204 գիտնականից 183-ը դոցենտ է: «Արտասահմանում ՀՀ քաղաքացիները ատենախոսություն են պաշտպանում իրենց ցանկությամբ կամ որոշակի ծրագրերի շրջանակում: Նրանց մի մասը վերադառնում է եւ տեղայնացնում վկայականը: Այս տարի գրանցվել է 18 տեղայնացում, որից երկուսը եղել է դոկտորական ատենախոսություն: Ինչ վերաբերում է արտասահմանցիներին, նրանց համար ընդունված է Հայաստանում ատենախոսություն պաշտպանելը»,-ասաց Արտուշ Ղուկասյանը եւ հավելեց, որ նախորդ տարում բեկանվել կամ կրկնակի քննարկման է ենթարկվել 42  ատենախոսություն, իսկ այս տարվա արդյունքները դեռ ամփոփված չեն:

Պրոֆեսորի տեղեկացմամբ՝ Հայաստանում այս պահի դրությամբ գործում է 51 մասնագիտական խորհուրդ՝ բուհերին եւ ակադեմիական հիմնարկներին կից. «Յուրաքանչյուր խորհուրդ ունի իր կայքը, որտեղ տեղադրվում են պաշտպանությունների մասին ինֆորմացիա, այդ թվում՝ դրանց սեղմագիրը: Այնպես որ, այլեւս չկա այն խնդիրը, թե երբ եւ ինչպես մարդիկ թեկնածություն պաշտպանեցին:  Հրապարակայնության հաստատումը կարեւոր ձեռքբերում է: Բացի այդ, ԲՈՀ-ի կայքում տեղադրվում են գիտական պարբերականները՝  հասանելի լինելով հետքրքրված մասնագետներին»:

Ղուկասյանի հավաստմամբ՝ լուծվել է նաեւ գիտական աշխատանքների թեմաների հաստատման խնդիրը. «Հետեւում ենք, որ թեմաները չլինեն զավեշտալի եւ կրկնվող: Վերնագրերը նախապես ստուգում ենք եւ հաստատում: Մտադիր ենք ստեղծել թեմաների շտեմարան, որպեսզի գիտական հանրությունը նույնպես տեղյակ լինի դրանցից: Առհասարակ, գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհելու չափանիշներն ունեն փոփոխման կարիք, այս իսկ պատճառով առաջարկությունները կուղարկենք կառավարություն»:

Պրոֆեսորը նաեւ ասաց, որ կցանկանար ՀՀ խորհրդարանում տեսնել գիտական կոչում ունեցող պատգամավորների. «Նրանք մեր հարստությունը կլինեն: Բայց արտառոց երեւույթ չեմ համարում այն հանգամանքը, որ պատգամավորը գիտնական է եւ լավ մասնագետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930