Խաչատուր Աբովյանի անվան №2 հիմնական դպրոցը 180 տարեկան է: Հիմնադրվել է 1832 թվականին` Երեւանի բերդում, Ցարական կառավարության կողմից: Գեներալ Պասկեւիչը, ով ղեկավարում էր Երեւանի բերդի գրավումը, դիմում է ցարական կառավարությանը` Նիկոլայ առաջինին, Երեւանում պետական դպրոց բացելու խնդրանքով: Այն չի մերժվում եւ բացվում է որպես ռուսական պետական դպրոց: Հիմնական լեզուն ռուսերենն էր: Երեքդասյա դպրոցը դառնում է չորսդասյա տարրական դպրոց: Ցարական դպրոց դառնալուց հետո կրթության պահանջարկը մեծանում է, որի հիման վրա դառնում է միջնակարգ դպրոց:
Դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանի խոսքով, իրենց դպրոցը շատ գիտնականներ ու հայտնի դեմքեր է տվել: Գտնում է, որ իրենց դպրոցի ամենամեծ նվաճումն եղել է այն, որ այսքան տարիների ընթացքում միշտ աչքի է ընկել իր ավանդույթներով. «Այդ ավանդույթները պահպանվում են մինչ այսօր: Վերջին տարիների ընթացքում ավելացել է դպրոցի աշակերտների թիվը` 324-ից հասնելով 527-ի»:
Այսօր տեղի ունեցավ նաեւ դպրոցի վերաբացման արարողությունը: Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն իրականացվել է ԱԺ-ի պատգամավոր Գարեգին Նուշիկյանի կողմից, ով եղել է Խաչատուր Աբովյանի անվան №2 հիմնական դպրոցի սան: Այն դասարանում, որտեղ սովորել է Գարեգին Նուշիկյանը, այսուհետ կկոչվի նրա անունով: Նա պարգեւատրվեց Պատվո աշակերտ կոչումով:
«Վերանորոգվել են բոլոր դասասենյակները, միջանցքները, հիմնովին վերակառուցվել են սանհանգույցները, սպորտ դահլիճն է վերանորոգվել, փոխվել են պատուհանները»,- տեղեկացնում է դպրոցի տնօրենը:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ասում է, որ ամեն դպրոց ունի իր յուրահատկությունը, եւ Աբովյանի անվան դպրոցը բացառություն չէ. «Այս դպրոցը բարեխճորեն է կատարում Աբովյանի թողած պատգամները: Տարիներ առաջ հրդեհվել էր այն եւ գտնվում էր վթարային վիճակում: Այսօր այդ բարեգործությունը մի հրաշալի նվաճում էր»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ