Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ի զորավարժություններն ավելի շատ Ռուսաստանի համար են կարեւոր, քան Հայաստանի». Ռիչարդ Կիրակոսյան

Սեպտեմբեր 18,2012 14:38

«Ռամիլ Սաֆարովի դեպքի  մասին եթե խոսենք, ապա, իմ կարծիքով, ԱՄՆ -ի արձագանքը շատ արագ էր: Սաֆարովի դեպքը Ադրբեջանի ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիր էր»,- նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Դառնալով տարածաշրջանում տիրող անկայունությանը՝ Կիրակոսյանն ասաց,

որ Հայաստանին շրջապատող երկրներն անկայուն վիճակում են: Ըստ նրա՝ անկայունությունը տարածաշրջանում ավելի է մեծանում. սա վերաբերում է Մերձավոր Արեւելքին, Իրանին, Թուրքիային, ինչպես նաեւ Ռուսաստանին եւ Հյուսիսային Կովկասին: Այս համատեքստում արեւորն այն է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ կայուն պետությունն է. «Հայաստանն ունի ռազմավարական կայունություն, ինչը պահպանելու համար անհրաժեշտ է ունենալ ավելի խորը ժողովրդավարություն եւ մեծ  տնտեսական բարեփոխումներ»:

Կիրակոսյանն անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ընդունված  բանաձեւին՝ ասաց, որ չի հավանել այն արձագանքը, որը տրվեց Եվրախորհրդարանի կողմից. «Այն ոչ մեծ ձեռքբերում էր, ոչ էլ մեծ կորուստ: Որոշումը ոչ բավարար էր. չնայած դա անակնկալ չէր: Դրա կարեւորությունը Հայաստանի համար միայն այն էր, որ վերջին արձագանքն էր, որը դատապարտում է Ադրբեջանին»:

Պարոն Կիրակոսյանը ՀԱՊԿ-ի զորավարժությունների մասին էլ ասաց, որ այն ավելի շատ կարեւոր է Ռուսաստանի, քան Հայաստանի համար. «Հայաստանի համար երկու կարեւոր պատճառ կա: Այն, որ հարմար ուղի է,  կարող ենք ուղերձ հղել Ադրբեջանին եւ հիշեցնել, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ պետությունն է, եւ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, կպարտվի:  Երկրորդ պատճառն էլ հետեւյալն է՝ սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր է, նրա միակ վստահելի դաշնակիցն է»:

Արցախի եւ Հայաստանի կուսակցությունների սվելի սերտ համագործակցելու հայտարարության մասին էլ Կիրակոսյանը նշեց, որ կարեւոր էր միասնական հայտարարությունը եւ ունիկալ այնքանով, որ հազվադեպ  երեւույթ էր, բայց պետք է լինի սովորական:

Դառնալով Փարիզի տարածած հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը նորից կընդունվի՝ Կիրակոսյանն այստեղ կարեւորեց այն, որ հիմնահարցը մտել է Ֆրանսիայի ներքին քաղաքականության օրակարգ. «Սա ցույց է տալիս ցեղասպանության հարցի կարեւորությունը: Թուրքիային պետք է հիշեցնել այս հարցի մասին ամեն օր»:

Հայաստանի կողմից ԼՂՀ -ի անկախության ճանաչման վերաբերյալ էլ նշեց, որ Հայաստանի համար սխալ կլինի միակողմանի ճանաչել ԼՂՀ անկախությունը, բացի այդ՝ լավ կլինի,  որ Հայաստանը լինի ոչ թե առաջին, այլ երկրորդ պետությունը, որը կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: «Մի բան պարզ է՝ ԼՂՀ-ն երբեք Ադրբեջանի կազմում չի հայտնվի: Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում է: Այս հարցում ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ Ղարաբաղը երբեք ավելի քիչ անկախություն չի ունենա, քան այժմ է»- հավելեց Կիրակոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930