Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անվանի» չլինելու հետեւանքները

Սեպտեմբեր 18,2012 14:23

Հիմա նստել եմ շարադրելու մի բան, որ արդեն մի տեսակ հեռացել է ինձնից ու եթե, այսպես ասած, վկայի պատասխանատվությունը չլիներ, երեւի թե չգրեի, բայց գիտեմ, որ հարկավոր է:

Աշխատանք եմ փնտրում արդեն բավական երկար ժամանակ, մասնագիտությամբ գրականագետ եմ: Ընկերներիցս մեկն իմաց տվեց, որ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում թափուր հաստիքներ կան: Ճիշտ է, աշխատավարձը գրավիչ չէ, բայց, ինչեւէ, գնացի: Միջանցքում ինձ դիմավորեց Հայ նորագույն գրականության բաժնի ղեկավար Սուրեն Աբրահամյանը, եւ միասին գնացինք տնօրենի՝ Ավետիք Իսահակյանի մոտ: Աբրահամյանը ներկայացրեց ինձ եւ ասաց, որ ցանկանում է աշխատանքի ընդունել ինձ իր բաժնում: Տնօրենը, առանց աչքը թարթելու, առանց մի փոքր հետաքրքրվելու, թե հատկապես ինչով եմ զբաղվում, ինչ ունեմ հրատարակած եւ այլն, միանգամից ասաց, որ հնարավոր չէ, աշխատատեղ չկա: Սա գուցե տանելի լիներ, եթե չհաջորդեր մեկնաբանությունը, թե ինչու չի կարող ինձ ընդունել աշխատանքի: Փորձելով չավելացնել ու չպակասեցնել որեւէ բան իր խոսքից՝ մեջբերեմ. «Գրականության ինստիտուտում ամեն մարդ չի կարող աշխատել. Հայաստանում 700 կամ ավելի ասպիրանտ կա, ի՞նչ ա, բոլորին պիտի աշխատանքի ընդունե՞նք, չէ՛, սա լուրջ տեղ է, պիտի անվանի լինես, մինչեւ էստեղ գալդ գիտական գործունեություն պիտի ունենաս, անուն պիտի ունենաս, նոր գաս: Սա ամենակարեւոր գրականագիտական կենտրոնն է, Բրյուսով կա, Համալսարան կա (ԵՊՀ-ն նկատի ունի), վերջապես Մանկավարժական կա, բայց սա հո չե՞ս համեմատի նրանց հետ, սա գիտնականների տեղն է, պաշտպանի՛ր, պիտի անվանի լինես»:

Մասնագիտական դաշտը կազմող հաստատությունների ու այնտեղ աշխատող մասնագետների միջեւ միշտ էլ լինում է մրցակցություն, երկխոսություն, բանավեճ, բայց անհասկանալի է, թե այդ ո՞ր սկզբունքով է որոշվում այս կամ այն հաստատության միակությունն ու բացառիկությունը: Կամ արդյոք համեմատության այդ նժարը ստեղծած եւ ծանր կշռող կողմը իրեն կամ իր հաստատությանը աներկբայորեն վերապահող գիտնականը կբարձրաձայնի՞ դա իր մյուս կոլեգաների մոտ (ոչ ինստիտուտի աշխատակիցների), թե՞ նման խոստովանությունները կարող են միայն ոչ անվանիները լսել:

Եթե անվանի չես, եթե ճանաչված չես, ուրեմն արդեն կարեւոր չէ, թե ով կլինես, արդեն կարելի է խոսել այն տոնայնությամբ, որ դիմացինն իրեն եթե ոչ ստորացված, գոնե ստորադաս զգա: Ես փորձեցի պարզել, թե ինչ նկատի ունի պարոն Իսահակյանը «անվանի» ասելով, արդյոք դրա մեջ չպետք է հասկանալ նախեւառաջ մարդու կատարած գործի որակային չափանիշները: Բայց իմ խոսքը կիսատ մնաց, նա չփորձեց անգամ հասկանալ ասածս, քանի որ իմ խոսելը, «անվանի» բառի բացատրությունը խնդրելը, արդեն իսկ անսպասելի էր: Անմիջապես ասաց, որ ես ազատ եմ, կարող եմ գնալ, ու մինչ ես կանգնել էի, որ բռնեի նրա հայացքն ու աչքերին նայելով ասեի, որ այդ տոնայնությամբ խոսելը կոռեկտ չէ, նա արդեն անդրադարձավ իր աշխատակցին՝ ձայնին խիստ դժգոհ երանգ տալով «Ու, Աբրահամյա՛ն, սրանից հետո ամեն մարդու հետ չգաս էստեղ, մի հատ իմացիր՝ ով ա, ինչ ա, նոր բեր»:

Իհարկե, եթե պարոն Իսահակյանին ընդհանրապես ծանոթ չէր իմ անունը, դա նույնպես իր օգտին չի խոսում, քանի որ իմ հոդվածներից մեկը լույս է տեսել Գրականության ինստիտուտի «Գրական Սփյուռք» տարեգրքում՝ հենց իր պատասխանատու խմբագրությամբ: Այլ հարց է, որ իրեն չի հետաքրքրում, թե ով ինչ է գրում եւ հավանաբար չի էլ կարդում իր իսկ պատասխանատվությամբ հրատարակածը: Մնում է հարցնել, թե ո՞ւր մնաց երիտասարդ կադրերով ակադեմիան համալրելու ռազմավարությունը, թե՞ դա միայն եթերի համար է:

Որքան էլ վիրավորված եմ որպես մասնագետ, որպես մեկը, ով ուզում է հենց Հայաստանում ապրելով զբաղվել հայագիտությամբ, միեւնույն է, ավելի մտահոգ եմ նրանով, որ մարդը կարող է իրեն թույլ տալ այդ աստիճանի անզգույշ ու անհարգալից լինել դիմացինի նկատմամբ: Եթե իր խոսքում ես, ում նա չէր ճանաչում ու նեղություն էլ չկրեց ճանաչելու, բնորոշվեցի «ով ա, ինչ ա» արտահայտությամբ, Աբրահամյանն էլ ախր իր աշխատակիցն է, ինչո՞ւ եւ ի՞նչ իրավունքով թույլ տվեց իրեն այդ կերպ դիմելու ու երրորդի ներկայությամբ վիրավորելու նրան:

Նշանակում է՝ պիտի հաշվի առնենք, որ հեռուստաեթերներից ու գրքերից մեզ հետ խոսող «մտավորականը» կարող է հանդես գալ որպես պարկեշտ ու ազնիվ մեկը, խաղալ այդ գեղեցիկ դերը, իսկ այնտեղ, ուր չկան իրեն հետեւող աչքեր (ոչ անվանիներն ու ենթակա պաշտոնյաները վկա չեն համարվում), նա ընդամենը հունգարացիների հետ կապը կտրած «ակադեմիկոս» է:

ՍՈՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ԵՊՀ ասպիրանտ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930