Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էքստրեմիստ-խուլիգանը» կես դար լարի վրա է

Սեպտեմբեր 18,2012 14:22

Լարախաղաց, աճպարար Վլադիմիր Հակոբյանը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու ու ՀՀ վաստակավորի կոչման հույս ունի:

Դեռեւս հելլենիստական, ապա եւ միջնադարյան Հայաստանում զարգացում էր գտել թատերակրկեսային արվեստը։ Ծաղրածուները ներկայացնում էին իրենց տերերի «ծաղրանկարը», լարախաղացները՝ իրենց հմտությունները։ «Առավոտի» զրուցակիցը՝ լարախաղաց, աճպարար Վլադիմիր Հակոբյանը, ում «XX դարի հայ շրջիկ լարախաղացները»  գրքույկը վերջերս է լույս տեսել, հավաստիացնում է, որ լարախաղացությունը՝ իբրեւ ազգային ավանդույթները դրսեւորող արվեստներից մեկը, այժմ անհետացման եզրին է կանգնած։

«Դեռեւս 1800-ական թվականներին Պոլսում, Թիֆլիսում, Թավրիզում, Երեւանում եւ այլուր հաջողությամբ հանդես էր գալիս «Արամյան» թատրոնը, որի ղեկավարն էր ըմբիշ, կրկեսային բարդ համարների հեղինակ-կատարող Հովհաննես Գասպարյանը, որն իր աներեւակայելի ուժի համար ստացել էր «Նոր Հերկուլես» անունը»,- հայտնեց մեր զրուցակիցը՝ շարունակելով, թե լարախաղացների բոլոր լավագույն գծերը կարողացան ժառանգել նոր ժամանակների լարախաղացները։ Նրանք արդեն հանդես էին գալիս զույգերով՝ մեկը ճոպանի վրա, մյուսը՝ գետնին, որը ծաղրապատկերում էր նրա շարժումները։ Մինչեւ վերջերս էլ նրանք կրում էին օտարածին անվանումներ՝ քյանդրբազ ¥լարախաղաց) եւ յալանչի ¥ծաղրածու, խեղկատակ)։ Հետաքրքրությանը, թե ովքեր էին XX դարի լավագույն լարախաղացները, Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ նրանք շուրջ 15-ն էին, այդ թվում՝ Վաչագանը, Պատվականը, Ղազարը, Ժորան, Կնյազը, Շոթան, Շողիկը, Անահիտը, Արցախից՝ Արշավիրն ու Հակոբը, Շահումյանից՝ Կոլյա Առուստամյանը։ Իսկ այսօր քանի՞ լարախաղաց է գործում հարցին՝ շուրջ կեսդարյա ստեղծագործական կենսագրություն ունեցող մեր զրուցակիցը պատասխանեց. «15 լարախաղաց ենք Հայաստանում եւ Արցախում»։ Հավելեց, որ խորհրդային տարիներին տարբեր միջոցառումների մասնակցության համար հրավեր էին ստանում մշակույթի նախարարությունից: «Նախկինում մեզ իսկապես արտիստ էին համարում, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարները: Օրինակ՝ Կարեն Սերոբիչի կարգադրությամբ մեծամասշտաբ մշակութային միջոցառումներին, ծիսակատարություններին հրավեր էինք ստանում։ Այսօր պետք է դիմես քաղաքապետարան, որ թույլտվություն ստանաս դարերից եկած հայկական արվեստը ներկայացնելու համար։ Իհարկե, հանձին ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, անձամբ ես ստացել եմ իրավունք, բայց ամեն անգամ չես դիմի նման խնդրանքով։ Հետո, ո՞վ է տեսել, որ արվեստագետը իր արվեստը ներկայացնելու համար թույլտվություն խնդրի։ Էլ չասեմ, որ ժամանակին ինձ ներկայացրել էին վաստակավորի կոչման, իսկ արդեն ավելի քան 10 տարի գործերս «քնած» են նախարարությունում։ Հանդես եմ եկել խորհրդային տարբեր քաղաքներում, ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, ապա չկա մի մարզ, գյուղ, անվան, որտեղ ինձ չճանաչեն»,- հայտնեց Վլադիմիր Հակոբյանը։ 2011 թ. Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով վարչապետի կողմից պատվոգրի արժանացած լարախաղաց-աճպարարը կատակեց, ասելով. «Հավանաբար, դրան արժանացա վաստակավորի փոխարեն…»։  Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքականությամբ «զբաղվող» լարախաղացը ժամանակին ընդգրկված է եղել ԿԳԲ-ի «սեւ ցուցակում»։ Այս առիթով Վլադիմիր Հակոբյանը հայտնեց. «1988թ. առաջինն էի, որ Սիսիանում բարձրացրի Եռագույնը։ Դա էր պատճառը, որ «հրավեր» ստացա ԿԳԲ-ի կողմից ու ինձ էլ սկսեցին անվանել էքստրեմիստ-խուլիգան։ Եվ այդ նույն խուլիգանը, այսինքն՝ ես, խորհրդային տարիներին կուտակածս գումարով, որ կարող էի գնել մինիմում «Նիվա» ավտոմեքենա, Գորիսից պատվիրեցի Նժդեհի կիսանդրին ու 1989-ին տեղադրեցինք Սիսիանում։ Ամիսներ շարունակ հերթապահություն էինք սահմանել, որ այն չտեղահանեն…»։

Լարախաղաց-աճպարարն ասաց նաեւ, որ այսօր ապրուստի միջոց է դարձրել հարսանիքներում ելույթ ունենալը։ Օրինակ՝ օրերս ելույթ է ունեցել Սաղմոսավանքում սփյուռքահայ երիտասարդների հարսանեկան ծեսի ժամանակ։ Հետաքրքրությանը, թե, օրինակ, մեկ օրում ինչքան է կազմում շրջիկ լարախաղացի «ավարը», Վլադիմիր Հակոբյանն ասաց. «Մինչեւ 7 հազար դրամ, իսկ հարսանիքին վճարեցին  50 հազար… Պատրաստ եմ անվճար ելույթ ունենալ, միայն թե արվեստի այս տեսակը չանհետանա»։ Դիտարկմանը, թե 65-ամյա լարախաղացն ինչքան է պատրաստվում դեռ ելույթ ունենալ, մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Իմ տեղեկություններով՝ միակն եմ խորհրդային լարախաղացներից, ով այս տարիքում դեռ լարի վրա է։ Կարծում եմ, ոչ միայն վաստակավորի կոչման, այլեւ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու մասին պետք է մտածել»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ    

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Shushan says:

    Ներողություն. կարո՞ղ եք տրամադրել վերոնշյալ լարախաղացի՝ Վլադիմիր Հակոբյանի հեռախոսահամարը կամ մեկ այլ կոնտակտային հասցե:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930