Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտասովոր դիպվածք

Սեպտեմբեր 18,2012 14:16

«Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Վահե Ավետյանին դիտավորությամբ պատճառել են կյանքի համար վտանգավոր բազմաթիվ վնասվածքներ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր վնաս՝ 2012թ. հունիսի 29-ին առաջացնելով վերջինիս մահը». ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունից՝ 23.08.12թ.:

Ահա այս անհեթեթ եզրակացությամբ էլ դատախազը գործը ուղարկել է դատարան, եւ հինգ հանցավորներն էլ մեղադրվում են Վահե Ավետյանին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, արարքի համար (Քրեական օրենսգրքի 112 հոդված, 2-րդ մաս, 6-րդ եւ 14-րդ կետ): Իմ պատկերացմամբ՝ բանավիճելի է նաեւ հիշյալ որակումը, ինչը դիտարկենք ստորեւ:

Նկատենք, որ խնդիրն առնչվում է քրեական իրավունքի տեսության կարեւոր ու բարդ ինստիտուտներից մեկի՝ հանցակցություն հասկացությանը: Այս ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ նա օգնում է իրենց ուժերը համատեղած մի քանի անձանց հանցավոր գործողության հասարակական վտանգավորության աստիճանը եւ բնույթը որոշելուն: Գործի վարույթն իրականացնող մարմինը Վահեին մահ պատճառող անձանց գործողությունները որակել է խմբի կողմից կատարած հանցագործություն, այսինքն, երբ համատեղ մասնակցել են երկու կամ ավելի կատարողներ՝ առանց նախնական համաձայնության, այլ խոսքով՝ համակատարողների փոխգործողությունները եղել են ինքնակա (ինքնաբերական) կամ միացել են մի անձի, որը հանցավոր գործողություն է սկսել ուրիշ անձի նկատմամբ: Հիշյալ հանցակցության ձեւը եւ այն փաստը, որ համակատարողները համատեղ դիտավորությամբ կյանքին սպառնացող վտանգավոր բազմաթիվ վնաս են պատճառել Վահեին, գնահատվել է ճիշտ եւ բխում է գործի հանգամանքների միագումարելիությունից: Մինչդեռ, երբ եզրահանգել են, որ տուժողի մահը վրա է հասել հանցակիցների անզգուշության հետեւանքով, դա անհամատեղելի է: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ քննարկվող հանցագործությունը (112 հոդված, 2-րդ մաս, 14 կետ) համարվում է մեղքի երկու ձեւ ունեցող հանցագործություն (դիտավորություն եւ անզգուշություն), որի պարագայում հանցակցությունը բացառվում է: Հետեւանքի նկատմամբ դրա դեպքում հնարավոր է միայն մեղքի անզգուշության ձեւը, իսկ համաձայն քրեական օրենսդրության, հանցակցությունը վերաբերվում է դիտավորյալ հանցագործությանը (հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը. Քրեական օրենսգրքի 37 հոդված): Պարզաբանեմ, որ հիշյալ նորմում շեշտադրված է երեք հատկանիշ. ա) հանցանքի կատարումը 2 եւ ավելի անձանց կողմից, բ) համատեղ գործողությունը, գ) հանցակիցների դիտավորության բնույթը: Հանցագործության կատարումը ոչ պակաս երկու անձի մասնակցությամբ (քանակական հատկանիշ) նշանակում է, որ հանցագործությունը կատարել են հանցագործության սուբյեկտ հանդիսացող (ֆիզիկապես մեղսունակ եւ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը լրացած) 2 կամ ավելի անձ: Որպես սուբյեկտիվ հատկանիշ համատեղ գործողությունը (որակյալ հատկանիշ) նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրի գործողությունը նպաստավոր պայման է առաջացնում մյուս հանցակիցների դերերի իրականացման համար, կամ, այլ խոսքով՝ մի անձի գործողությունը (անգործության ակտ) համարվում է այլ անձանց ֆունկցիաների իրականացման պայման:

Համատեղությանը ներհատուկ են գործողությունների փոխկապվածությունը, հանցավոր արդյունքին հասնելու միասնությունը եւ պատճառական կապը հատկանիշները: Հանցակիցների համատեղ գործողությունը կարող է ի հայտ գալ հանցագործության կատարման բոլոր փուլերում, ինչպես նաեւ ընթացքում (միանալու ձեւով), իսկ հանցանքը ավարտվելուց հետո այլ անձի միանալու գործողությունը հանցակազմ չի առաջացնում, քանզի բացակայում է համատեղ գործողության պարտադիր պայմանը: Սուբյեկտիվ հատկանիշը, այսինքն՝ գործողությունների դիտավորությամբ բնույթը նշանակում է, որ հանցակիցը (մասնակիցը) գիտակցում է իր գործողությունների, ինչպես նաեւ մյուս հանցակիցների գործողությունների հասարակական վտանգավորությունը: Նա նախատեսում է ընդհանուր հանցավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը կամ անխուսափելիությունը եւ ցանկանում է կամ գիտակցաբար թույլ է տալիս նրանց վրա հասնելը (նյութական հետեւանքներ ունեցող հանցագործությունների դեպքում) կամ ցանկանում է գործել համատեղ (ֆորմալ հանցակազմ ունեցող հանցագործությունների դեպքում):

Կախված կատարված հանցագործության բնույթից, հանցակիցները դասակարգվում են՝ կատարող, կազմակերպիչ, դրդիչ եւ օժանդակող: Անձը, որը անմիջականորեն կատարել է հանցանքը (հանցագործության օբյեկտիվ կողմի կազմը ամբողջությամբ իրականացնողը), համարվում է կատարող (հրազենից կրակել եւ սպանել է զոհին): Այլ անձանց հետ համատեղ հանցագործությունը անմիջականորեն կատարողը կոչվում է համակատարող: Համակատարողը նույնպես իրականացնում է հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող բոլոր գործողությունները (երկուսով խեղդամահ են արել զոհին): Հանցակցությամբ կատարվող բոլոր հանցագործությունների դեպքում պետք է լինի կատարողը, որովհետեւ հանցակիցների դիտավորությունը իրականացնողն է եւ նրա վարքագծից է կախված պատասխանատվությունը: Նկատենք, որ մինչդատական վարույթ իրականացնողը հինգ հանցակիցներին էլ ճանաչել է համակատարող (հանցագործության օբյեկտիվ կողմի ողջ կազմը իրականացնող): Այս պարագայում համակատարողների գործողություններում առկա են հանցակցության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ վերը թվարկված ողջ հատկանիշները, ինչպես նաեւ վտանգավոր հետեւանքներին հասնելու միասնական ձգտումը: Հետեւաբար, տուժողի մահը վրա հասնելը մեղքի անզգուշության՝ հանցավոր ինքնավստահություն կամ հանցավոր անփութություն ձեւերին վերագրելը նախ անլուրջ ու անտրամաբանական է, հաջորդը՝ հանցակցությամբ անզգույշ հանցագործություններ չեն կատարվում (րՎ. ՍՏՎՎպվՑՈՐՌռ Ս ձԽ ՀՂ 2010չ., չ. ԾՏրՍՉՈ, րՑ.87, ԾՏրՍՏՉրՍՈÿ չՏր. þՐ. ՈՍՈՊպՎՌÿ):

Դատախազությունը նաեւ տեղեկացրել է. «08.08.2012թ. որոշում է կայացվել նշված հանցագործությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասը անջատելու մասին» (նրանց որոնում են): Բանից պարզվում է՝ գործը խճճված է, ըստ որում՝ հանցախմբի անդամները անթիվ են, իսկ գործով պարզաբանված չէ նրանցից յուրաքանչյուրի կատարած գործողությունը եւ հատկապես, թե ով է Վահեին մահացու հարվածը հասցնողը (բացառված չէ, որ մահացու հարված հասցնողը ինքնությունը չպարզվածն է): Իմիջիայլոց, համատեղ կատարված հանցագործության պարագայում յուրաքանչյուր մասնակից պատասխանատու է իր կատարած գործողության համար եւ պատասխանատվությունը կրում է անհատական բնույթ: Բացի դրան, առանց նախնական համաձայնության խմբի դեպքում, խմբին փոքր-ինչ աջակցություն ցույց տվողները կամ օժանդակողը խմբի կազմի մեջ չեն մտնում, մասնակից չեն համարվում: Այս հարցերը հստակեցված չեն՝ հենց այնպես բոլորին մեղադրում են համատեղ դիտավորություն եւ համատեղ անզգուշություն կատարելու համար:

Ուշագրավ է՝ «ինքնությունը չպարզվածները» (պարտակվածները) Վահեի մահը վրա հասնելը գիտակցաբա՞ր են թույլ տվել (ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ), թե՞ մյուս համակատարողների նման հույս են ունեցել, որ կկանխվի մահը: Աննախադեպ գործ՝ դատական պրակտիկայում:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930