Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրին կկառավարեն

Սեպտեմբեր 18,2012 14:10

Գողականի փեսան, դատախազի տղան, հայտնի լրագրողը, բժիշկը, գազի, լույսի ու ջրի մարդիկ

Մի քանի օր տեւած բողոքարկումներից ու վերահաշվարկներից հետո Գյումրիում արդեն իսկ հայտնի է ապագա ավագանու կազմը: Այն, ինչպես եւ սպասվում էր, խայտաբղետ է՝ բաղկացած տարբեր կրթական մակարդակներ, ոլորտներ ու տարբեր շահեր ունեցող մարդկանցից: 21 հոգուց բաղկացած օրենսդիրներից ոչ այնքան հետաքրքիր է, թե ով ում մարդն է, որքան այն փաստը, որ անդամների մեջ կան բացարձակ անտառաճանաչներ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերահաշվարկի դիմում ներկայացնելիս բողոքավորները իրենց տառասխալներով ուղղակի ապշեցրել են հանձնաժողովականներին, «նախագահ» բառի փոխարեն «նաղակա» են գրել, «համաձայն» բառը ծ-ով են շարադրել եւ այլն: Սա թերեւս լուրջ մտահոգության թեմա է, քանի որ այդ անտառաճանաչ երիտասարդներ վաղը-մյուս օրը պատրաստվում են բյուջե հաստատել, քաղաքի համար ճակատագրական հարցեր լուծել, եւ այս ամենը՝ առանց թվաբանություն իմանալու:

Մենք ավագանու մտավորական անդամներից մեկից՝ թիվ 11 դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Հրայր Կարապետյանից, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է արդյոք այսպիսի անձնակազմի հետ քաղաքի հարցերը լուծել: «Ճիշտն ասեմ, ինձ էլ են հասել նման տեղեկություններ, չնայած իմ ձեռքի տակ կոնկրետ էդպիսի փաստեր չունեմ, բայց եթե կան իրոք նման մարդիկ, որոնք տառաճանաչության կամ գրագիտության հետ կապված խնդիրներ կունենան, ավելի հումորով վերաբերեմ սրան ու ընդունեմ՝ առաքելություններս բարդանում են, կսովորեցնենք գրագիտություն: Դե, մեր գործը դա է, հուսով եմ՝ դպրոցից դուրս էլ կստացվի, կհաջողվի»,- ծիծաղելով պատասխանեց մեր զրուցակիցը: Մեր այն հարցին էլ, թե այսպիսի անձնակազմը ինչպե՞ս պետք է քաղաքի բյուջե հաստատի, որը ամենալուրջ ու պատասխանատու գործերից մեկն է, տառասխալ անողը գոնե կկարողանա՞ թվերը ճիշտ կարդալ, մասնագիտությամբ մաթեմատիկ Հրայր Կարապետյանը այդպիսիններին խորհուրդ տվեց ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ զբաղվել: Փաստորեն գյումրեցիների ճակատագրի հաշվին գան սովորելո՞ւ՝ հարցրինք մենք. «Ցավում եմ, բայց այս տենդենցը կա մի քանի տարի շարունակ, երեւի նույնիսկ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո եղել են մարդիկ, որոնք պատահականորեն զբաղեցրել են որոշ պաշտոններ, բայց հույս ունեմ, որ մեր այսօրվա պետական քաղաքականությունը տանում է դրան, եւ անձամբ մեր նախագահի ուշադրության կենտրոնում է, որ անգրագետ կամ կիսագրագետ մարդիկ չլինեն պաշտոններում: Դե հիմա, ինչ որ կախված է ժողովրդից, ժողովրդի ընտրությամբ են նման մարդիկ թափանցում իշխանական համակարգ, ժամանակը կգա, ու ժողովուրդը իր ձեռքով դուրս կհանի նրանց այդ համակարգից»,- հույս հայտնեց Հրայր Կարապետյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պատահական մարդկանցից խուսափելու համար այստեղ եւս պարտադիր է կրթական ցենզ սահմանելը: «Նկատում եք, որ նույնիսկ դպրոցի տնօրենները ժամանակ առ ժամանակ ե՛ւ վերապատրաստումների, ե՛ւ քննությունների միջոցով պետք է կարողանան էդ կրթական ցենզը բավարարել, որպեսզի աշխատեն տվյալ կրթական հաստատությունում: Նաեւ կցանկանայի, որ ավագանու անդամի թեկնածություն առաջադրելու պարագայում էլ լիներ կրթական ցենզ՝ ե՛ւ տարիքային, ե՛ւ կրթական: Տարիքային ցենզը մի քիչ բարձրացնեին, իսկ կրթականը, ինչու չէ՝ քննության միջոցով հասկանայինք՝ արդյոք տվյալ անձնավորությունը կկարողանա՞ր լիներ տվյալ համակարգում»: Իսկ միայն մտավորականներից բաղկացած ավագանին բավարա՞ր է քաղաքի խնդիրները լուծելու համար, մի՞թե այդ կազմում գողական աշխարհի ներկայացուցիչներ պետք չեն, նրանք չե՞ն կարողանա օգուտ բերել քաղաքին: «Ես էդպես չէի ասի, թե մեր ավագանու կազմում ինչ-որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ կամ թաղային հեղինակություններ կան, պարզապես կան մարդիկ, որոնք հեղինակություն են ընկերության, շրջապատի մեջ, ավելի լայն՝ բարեկամական-հարազատական կապեր ունեն, իսկ նպաստելը՝ ժամանակը ցույց կտա: Ինձ ավելի շատ ուրախացնում է այն փաստը, որ ինտելիգենցիայի ներկայացուցիչներ կան՝ մանկավարժներ, բժիշկներ, որոնք, բնականաբար, ասելիք կունենան եւ աշխատանքի ընթացքում իրենց դեմքը ցույց կտան: Գուցե քիչ են տոկոսային հարաբերակցությամբ, դեռ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում թեկուզ մեկը-երկուսը իրենց խոսքը կասեն»: Ըստ ավագանու նորընտիր անդամի՝ կարեւորն այն է, որ ավագանու կազմում ոչ մի նախաձեռնող խումբ կամ խմբավորումներ մեծամասնություն չեն կազմում, այսինքն՝ ձայների բացարձակ մեծամասնություն գոյություն չունի, որ անմիջապես ազդի որոշումների վրա: Իսկ նման կազմով, ըստ մեր զրուցակցի, բուռն քննարկումները ապահովված կլինեն:

Նշենք, որ ավագանու անդամներ են ընտրվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, հիվանդանոցների տնօրեններ՝ Իտալական պոլիկլինիկայի բժշկական կրթություն չունեցող տնօրեն Գագիկ Ադամյանը, որն, ի դեպ, վերընտրվել է, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանի որդին՝ Ռաֆիկ Մխիթարյանը, Սամվել Բալասանյանի քրոջ որդին՝ գարեջրագործ Արթուր Վարդանյանը, «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի խմորման-վերամշակման արտադրամասի պետ Արամայիս Գրիգորյանը նույնպես ավագանու կազմում է, դպրոցների երկու տնօրեններ՝ Նարինե Մեսրոպյանն ու Հրայր Կարապետյանը, Վարդան Ղուկասյանի որդու հետ ռազբորկաներ արած ու փախուստի մեջ գտնվող Էդգար Մկրտչյանը, Ախուրյանի հզոր շինկազմակերպություններից մեկի տնօրենի՝ Արամ Ադամյանի որդին՝ առաջին հորիզոնականը զբաղեցնող Արտակ Ադամյանը, որը գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկի՝ Գառնիկ Խաչատրյանի փեսան է, գազի գրասենյակի ճարտարագետ Արամայիս Բաղրամյանը, «Ջրմուղի» փոխտնօրեն Հրայր Խաչատրյանը, լույսի «արենդատոր» Եղիշե Պողոսյանը, նաեւ ռեստորանատերեր, օրինակ՝ «Ալհմաս» ռեստորանի տիրոջ՝ Լյովա Գաբոյանի որդին՝ Մերուժան Գաբոյանը, որն ամենաերիտասարդն է՝ 21 տարեկան, եւ նոր է ավարտել բուհը, «Բյուզարդ» ռեստորանի տեր Տիգրան Փանոսյանը, որը Վարդան Ղուկասյանի թիմակիցն է՝ Գյումրու քաղաքապետարանի բնակարանների բաշխման եւ հաշվառման բաժնի պետը, եւ այլք:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ    

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930