Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական մարզպետը քննադատում է ԲՀԿ-ին

Սեպտեմբեր 18,2012 14:00

Իսկ քաղաքապետը խուսափո՞ւմ է ուղիղ պատասխաններից

«25 միլիոն փող ա տվել, Դուբայում առել ա չգիտեմ ինչ, եսիմ քանի միլիոն փող ա տվել, Ռիգայում առել ա «Ռիգա» հյուրանոցը, 25 միլիոն փող ա տվել, Խորվաթիայում կղզի ա առել: Թող հինգ միլիոն փող բերեր տար՝ Եղեգնաձորի պահածոների գործարանն աշխատեր: Թող «Ռիգա» հյուրանոցը առնելու փոխարեն՝ գար Եղեգնաձորի կենտրոնում գտնվող հյուրանոցը կառուցեր: Այսինքն՝ իրանք պիտի չանեին, պիտի մենակ բարգավաճեին՝ ՀՀԿ-նանե՞ր: Հիմա էլ եկել ա մի իրավիճակ, երբ համ քաղաքապետը, համ մարզպետը, համ նախագահը ՀՀԿ-ական են՝ իրանք քննադատե՞ն»,- հայտարարել է Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանը Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ի դեպ, նշյալ գործարանը, ինչպես նաեւ տրիկոտաժի գործարանը գործարկելու խոստում է տվել նաեւ Սիրակ Բաբայանը՝ նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն գործարանները մինչ օրս չեն աշխատում: Մարզպետը հայտարարել է, որ նախագահը հանձնարարական է տվել, որ պահածոների գործարանը մթերի տեղացիների բերքը: Երեկ «Առավոտի» հարցին՝ զուտ կոռեկտության եւ էթիկայի տեսանկյունից ճի՞շտ է. ստացվում է՝ փնովում եք այլ քաղաքական ուժի ղեկավարին, ձեր նախորդին, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կոնֆլիկտ գոյություն ունի՝ էթիկայի նորմերի տեսանկյունից: Ցանկացած քաղաքական գործունեություն ենթադրում է եւ դրական վերաբերմունք, եւ քննադատական: Քաղաքական գործընթացները, մրցակցությունը հենց դրանով էլ պայմանավորված են: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ մյուս քաղաքական կուսակցությունները մեզ գովերգում ու գովաբանում են: Նրանք էլ մեզ են քննադատում: Մենք էլ մեր եւ դրական, եւ քննադատական վերաբերմունքը տարբեր հարցերի վերաբերյալ արտահայտում ենք: Բա քաղաքական տեսակետները էլ ուրիշ ի՞նչ ձեւով են ներկայացնում: Առավել եւս, որ քննադատությունը անձնավորված չէ, անձին չի վերաբերում, այլ քաղաքական ուժին, որը պատասխանատվություն է ստանձնել»: Մարզպետը հավաստիացրեց, որ ինքը ոչ բոլոր քարոզարշավային հանդիպումներին է մասնակցում, միայն իր աշխատանքից ազատ ժամերին՝ բակային հանդիպումներին է մասնակցում:

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի օրը մարզի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Մարզկենտրոնի՝ Եղեգնաձորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, ով մարզը ղեկավարել է 12 տարի, եւ ԲՀԿ տեղական կառույցի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք նաեւ, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն Եղեգնաձորում հաղթել էր: Հավանաբար, հենց դրանով են պայմանավորված ԲՀԿ-ի հավակնությունները: Նկատենք նաեւ, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստորագրված կոալիցիոն համաձայնագրով այս մարզի ղեկավարումը բաժին էր հասել ԲՀԿ-ին: 2012-ի մայիսին կայացած ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել, ի թիվս ԲՀԿ-ական այլ պաշտոնյաների՝ զբաղեցրած պաշտոնը թողեց նաեւ նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:

ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանը համեմատության մեջ է դնում ԲՀԿ-ի կարգախոսը ՝ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր»՝ իրականության հետ ու հանգում հետեւյալ եզրակացության. «Մարզը ղեկավարելու իրավասությունն իրենց էր տրված. արդյոք իրենց հաջողվե՞լ է ամենափոքր մարզում կառուցել բարգավաճ երկիր»: Հետաքրքրվեցինք՝ իր գնահատականներով՝ հաջողվե՞լ է: Պատասխանը եղավ. «Դա էնքան էլ էդպես չի: Համենայնդեպս, ես որ մարդկանց հարցնում եմ՝ ձեզ զգո՞ւմ եք բարգավաճ երկրի քաղաքացիներ, բարգավաճ մարզի բնակիչներ, դեռեւս դրական պատասխան չեմ ստացել»: Ի՞նչ ժառանգություն եք ստացել՝ մեր հարցին վերջինս խուսափողական պատասխան տվեց. «Ես ստացել եմ իշխանություն մի կետից եւ փորձում եմ այդ կետի վրա կառուցել իմ ծրագրերը, իմ գործունեությունը՝ դրանք համահունչ դարձնելով կառավարության եւ ՀՀԿ-ի գործունեության ծրագրերին: Ես իմ գործունեության համար եմ պատասխանատվություն կրում»: ՀՀԿ-ԲՀԿ նախընտրական լարված պայքարի մասով էլ մեր զրուցակիցն ասաց. «Ես շատ մեծ ուշադրությամբ հետեւում եմ գործընթացին եւ լարվածության ոչ մի նշույլ չեմ նկատել: Նորմալ ընտրապայքար է, թեկնածուներն ազատ արտահայտում են իրենց տեսակետները, հասարակության մեջ որեւէ լարվածության տրամադրություններ, դրա այս կամ այն տեսակի դրսեւորումներ ես չեմ նկատել»: Մինչդեռ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ մարզպետը հայտարարել է. «Շատ բարդ իրավիճակի առաջ ենք, էն իրավիճակը, որ Եղեգնաձորում ա ստեղծվել, երեւակայությունից դուրս ա: Ես, մեր պատգամավորը, նախկին մարզպետը, որ մի լավ բան եղել ա, իրա օրոք ա եղել, մի թիմ ենք դարձել, որ էս վիճակից հանենք»:

«ՀՀԿ-ԲՀԿ լուրջ հակասություններ Եղեգնաձորում» հոդվածում («Առավոտ», 07.09.2010) անդրադարձել էինք քաղաքի նախընտրական իրավիճակին, ինչպես նաեւ բնակիչների հետ զրույցներից արձանագրել էինք այն բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք ունի քաղաքը: Երեկ «Առավոտը» գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սիրակ Բաբայանից հետաքրքրվեց՝ 12 տարի ղեկավարել եք այդ քաղաքը, մի՞թե որեւէ հարց հնարավոր չեղավ այդ ընթացքում լուծել: Քաղաքապետը խուսափեց ուղղակի պատասխանից. «Այդ հոդվածին համապատասխան կգրվի գրաֆիկով: Ես գրավոր կներկայացնեմ, խոսելու ոչինչ չունեմ: Դուք անտեղյակ եք, սուտ բաներ եք գրել»: Թե ե՞րբ ակնկալենք գրավոր պատասխանը՝  հարցին պարոն Բաբայանը պատասխանեց. «Կլինի-կլինի, երեւի մինչեւ ընտրություններ»: Խոսակցություններ են շրջանառվում, որ Վայքի մարզպետարանի կրթության բաժնի ղեկավարը՝ Արփիար Ղազարյանը, մարզպետի հորեղբոր որդին, դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների հետ հանդիպումների ժամանակ պատվիրում է նախընտրական հանդիպումների ժամանակ անհարկի հարցեր չհնչեցնել, միայն նստել եւ լուռ լսել՝ խոստանալով հետագայում կարգավորել բոլոր հարցերը:  Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ պարոն Բաբայանն ասաց. «Էդպիսի բան չկա: Ես տեղյակ չեմ»: Սիրակ Բաբայանին խնդրեցինք նաեւ գնահատել իր հնարավորությունները: «Չգիտեմ, պայքար է, ի՞նչ իմանամ»,- ասաց նա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930