Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրված տնօրենին քաղաքապետն ազատել է աշխատանքից

Սեպտեմբեր 18,2012 13:30

2011թ. մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմահայրենասիրական բովանդակալից միջոցառումներ կազմակերպելու համար մշակույթի ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող՝ Բերդի մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանին պարգեւատրել է «Ծովակալ Իսակով» մեդալով:

Տանյա Մելիքյանը պատմում է. «Դրանից երկու օր հետո՝ ամսի 10-ին Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը խորհրդակցություն հրավիրեց: Խորհրդակցութան վերջում քաղաքապետն ինձ ասաց՝ դու սպասի, քեզ բան ունեմ ասելու: Կանգնեց ու ասաց. «Ես այլեւս չեմ ուզում քեզ հետ աշխատել»:

Տանյա Մելիքյանը լավ աշխատանքի համար 2010թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է ժամացույցով: Մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող Տ. Մելիքյանի փոխարեն մշակույթի տան տնօրեն է նշանակվել միջնակարգ կրթությամբ անձ, ով մինչ այդ տաքսիստ էր աշխատում:

Տ. Մելիքյանը մշակույթի տան տնօրեն է աշխատել 2007թ.-ից: Քաղաքապետը նրան աշխատանքից ազատելու հիմքերը հետեւյալն է համարել: 2011թ. մարտի 4-ին եւ մարտի 10-ին համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքային կարգապահության ստուգումների արդյունքների մասին տեղեկանքի համաձայն՝ մարտի 4-ին, ժամը 11-ին աշխատանքի վայրում եղել են մշակույթի տան 6 աշխատողներ, տնօրենը բացակայել է, մարտի 10-ին, ժամը 12-ն անց 45 րոպեին աշխատանքի վայրում եղել են նորից 6 աշխատողներ, տնօրենը բացակայել է:

Բերդի քաղաքապետի 2011թ. մարտի 14-ի կարգադրությամբ Տ. Մելիքյանն ազատվել է աշխատանքից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի հիմքով:

Տանյա Մելիքյանի որպես տնօրեն պաշտոնավարման ժամանակ մշակույթի տունը երգի, պարի, թատրոնի խմբեր է ունեցել, որոնք մշտապես շուք են տվել համայնքային միջոցառումներին: Մշակույթի տան պարի խումբը բեմական հագուստներ չի ունեցել, 2006թ. տիկին Տանյան իր ունեցած 3 000 դոլարը նվիրաբերել է խմբի համար հագուստ գնելուն: Տ. Մելիքյանն ասում է, որ մշակույթի տանը էլեկտրական եռաֆազ հոսանք չկար, քաղաքապետարանը դրա համար փող չի տվել, այնքան ձգձգել է, որ դրա համար 2011թ. իր անձնական միջոցներից տվել է 30 հազար դրամ:

«Իմ տղան Երեւանից մեր խանութի համար 8 հատ թարթող լույսեր էր գնել, տղաս մեր խանութից հանեց, ձեւավորեց մշակույթի տան բեմը, որ գեղեցիկ լինի: Բերդում հագուստի «Արեն» խանութ ունեի, խանութս զուտ մշակույթի տան կարիքների համար է աշխատել, ես լրիվ սնանկացա,խանութը հիմա չի աշխատում, տարածքը վարձակալությամբ եմ տվել: Այսքան տիտանական աշխատանքի դիմաց մի քանի ժամվա, նույնիսկ մի օրվա բացակայությունը աշխատանքից ազատելու հիմք չէր կարող լինել: Տաքսիով գյուղերից երգիչ եմ բերել, նորից տաքսիով ետ ուղարկել,ես եմ վճարել»,-ասում է Տ. Մելիքյանը:

Տիկին Տանյայի աշխատանքից ազատվելուց հետո աշխատանքից ազատվել են նաեւ նրա եղբայրը՝ երգիչ Սարգիսը , Տ. Մելիքյանի դուստրը՝ Երեւանի կոնսերվատորիան ավարտած Անուշիկ Ադամյանը: Նա, որպես կոնսերվատորիայի շրջանավարտ, Բերդում եզակի մասնագետ էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930