Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը:
Պարզվել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն էր տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1986 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ա. Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Նվեր Սերգեյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Նվեր Սերգեյանը մահացել էր:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության ծառայողները Այգավան գյուղում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել Արամ Ղազարյանին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն