Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Շոուներն ու PR ակցիաները մեր զինանոցում տեղ չունեն»

Սեպտեմբեր 18,2012 13:05

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

-Պարոն Շարմազանով, ընդդիմությունը շաբաթ օրը կառավարությունում խորհրդակցություն հրավիրելու հանրապետության նախագահի նախաձեռնությունը նախընտրական շոու է անվանում։ Ձեր գնահատականը։
-Մեր երկրում քաղաքական դաշտը բազմաշերտ է ու բազմագույն: Ներքաղաքական դաշտում գործունեություն են ծավալում ամենատարբեր մտածողության քաղաքական ուժեր ու գործիչներ: Որոշները թեեւ քննադատում են իշխանություններին, սակայն դա անում են սրտացավորեն, հանուն պետության ամրապնդման ու բարօրության: Ցավոք, կան նաեւ գործիչներ, որոնց գործն ու ելույթները հիշեցնում են հայտնի մուլտֆիլմի այն կերպարին, որը վատաբանում է ամեն ինչ ու կրկնում. «Իսկ մենք հյուսիս կգնանք»:
Հանրապետության նախագահի նախաձեռնությունը նախընտրական փուլով պայմանավորելը ոչ միայն լուրջ չէ, այլեւ զավեշտալի է: Քիչ թե շատ ներքաղաքական կյանքի վերջին տարիների զարգացումներին հետեւող յուրաքանչյուրը, հատկապես նրանք, ովքեր ծանոթ են Սերժ Սարգսյանի գոնե քսան տարիների քաղաքական գործունեությանը, պետք է գիտակցի, որ շոուներն ու PR ակցիաները իշխող քաղաքական ուժի ու քաղաքական մեծամասնության ղեկավարի գործունեության զինանոցում տեղ չունեն:
«Քննադատության» ու շոուների մասնագետներն անգամ չեն կարող չհիշել, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր ոլորտների կարեւորագույն խնդիրները քննարկելու համար խորհրդակցություններ է հրավիրել:
Հիշեցնեմ, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների պատասխանատուների հետ հստակ ու առարկայորեն քննարկվել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը, պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են հարկային ու մաքսային վարչարարությունը կատարելագործելու եւ արդիականացնելու խնդիրներ, ոստիկանության կոլեգիայի նիստում քննարկվել են հանցավորության դեմ պայքարը խստացնելու միջոցառումներ:
Վերջին հինգ տարիներին կատարված աշխատանքում տեղ գտած թերությունների ամենախիստ քննադատը եղել է հենց իշխող քաղաքական ուժը եւ հանրապետության նախագահը: Համոզվելու համար առնվազն պետք է հիշել Հանրապետական կուսակցության համագումարում նախագահի ելույթի շեշտադրումները: Դեռ այն ժամանակ Սերժ Սարգսյանը միանշանակ մատնանշեց, որ մեր պետության առաջընթացը արգելակող ախտը կոռուպցիան է, որը պետք է արմատախիլ արվի:
Նույն ելույթում նախագահը նկարագրեց պետական պաշտոնյայի ցանկալի կերպարը եւ շեշտեց, ոչ ոք օրենքից վեր լինել չի կարող, իսկ ով չի տեղավորվի այդ բարոյական ու օրինական չափանիշերի շրջանակում՝ չի կարող պաշտոնավարել:
Հիմա իշխող քաղաքական ուժի ու երկրի նախագահի քննադատության թիրախը հենց վատ աշխատող պաշտոնյան է։ Այսօր իր պարտականությունները լավ չկատարող պաշտոնյան, առանց որեւէ վերապահման, պատժվում է: Այսքանից հետո շոուի մասին խոսելն ավելորդ է դառնում:
-Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, խորհրդի նիստերում նման քննարկումներ լինո՞ւմ են:
-Բնականաբար Հանրապետական կուսակցության քննարկումների օրակարգում են մեր երկրի ու ժողովրդի կյանքում, բոլոր բնագավառներում կատարվող բարեփոխումները, եւ այս դիրքերից գնահատվում է յուրաքանչյուր կուսակցականի գործունեությունը: Ե՛վ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանությունում պատասխանատու դերակատարում ունեցող յուրաքանչյուր կուսակցականի գործունեության արդյունավետությունը պարբերաբար դառնում է մեր քննարկման առարկան:
Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ կառավարությունը իրականացնում է քաղաքական կոալիցիայի ծրագիրը, եւ կատարված աշխատանքի ընթացքին ու արդյունքներին չենք կարող պարբերաբար չանդրադառնալ:
-Թերեւս աննախադեպ էր նախագահի ուղղակի շեշտումը, որ որոշ ոլորտներում «կառավարության աշխատանքը շատ բացասական է»: Սա նշանակո՞ւմ է, որ վարչապետի փոփոխության խնդիր է հասունանում:
-Երկրի նախագահի փոխարեն գնահատականներ տալու եւ եզրահանգումներ անելու համար ես չունեմ ոչ իրավունք, ոչ էլ լիազորություն: Պետության ղեկավարի սահմանադրական բացառիկ իրավասությունն է՝ որոշել, թե որ պետական պաշտոնյան իր տեղում չէ կամ ինչպես է կատարում իր պարտականությունները: Միաժամանակ լավ ճանաչելով երկրի նախագահին ու լինելով նրա ղեկավարած քաղաքական թիմի անդամ, կարող եմ պնդել, որ Սերժ Սարգսյանը երբեք ինքնանպատակ փոփոխությունների չի դիմում:
Մեր կուսակցության ու Հանրապետականի ղեկավարության նպատակը նախանշված բարեփոխումներն իրականացնելու համար բոլոր հնարավորություններն ապահովելը, ժողովրդի վիճակը լավացնելն է: Այս համատեքստում այլ, իրական հիմքեր չունեցող ենթադրություններ անելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Մենք պարզապես սրտացավորեն ենք կատարում մեր աշխատանքը եւ երբ տեսնում ենք, որ բարեփոխումները ինչ-որ տեղ խոչընդոտի են հանդիպում, թերանում են, ոչ թե կոծկում ենք իրողությունը, ինչպես անում էին որոշ ղեկավարներ, այլ մատնանշում ենք մեղավորներին:
Հիմա պետության ղեկավարը հստակ հանձնարարականներ է տվել բոլոր պատասխանատուներին, եւ այստեղ ձեւական, ցուցադրական ոչինչ չկա: Կոնկրետ ու հետեւողական աշխատանք է արվում, եւ միայն քաղաքական հնարքների «վարպետները» կարող են այստեղ իրենց ձեռագիրը հիշել:
Նախագահի մատնանշած թերությունները վերացնելու համար խիստ որոշակի հետեւողական աշխատանքներ պետք է իրականացնեն իշխանության բոլոր երեք թեւերն էլ՝ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր, ե՛ւ դատական իշխանությունները:
Բոլորին տրված հանրապետության նախագահի հանձնարարականները շատ հստակ ու թափանցիկ էին։ Չեմ կարծում, թե ինչ-որ փակագծեր կան, որ պետք է բացել:
Մի բան, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում շեշտել: Խորհրդային «ուռովնիլովկայի» ժամանակները վաղուց անցել են. ով իր աշխատանքը լավ չի կատարում, իր տեղում չէ, անկախ պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից, պետք է ստանա երկրի ղեկավարի ճշգրիտ ու սթափեցնող գնահատականը:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930