Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Արվեստի մասին մի օրենք չծնեցին»

Սեպտեմբեր 18,2012 12:11

Հատված Վահան Արծրունու հարցազրույցից:

– Հիասթափության պահերին ցանկություն չի՞ առաջանում ընտանիքով գնալ   այստեղից։

– Գիտեք, մի քիչ բարդ է, այստեղ նաեւ անձնական խնդիր կա։ Երբ Փարիզում համերգ կազմակերպելն ավելի հեշտ է, քան Երեւանում… Յուրաքանչյուր նորմալ բանականություն ունեցող մարդ կտեղափոխվի այն երկիր, որտեղ կարող է շատ ավելի հանգիստ ապրել ու գործունեություն ծավալել։ Այո՛, արտասահմանում համերգ կազմակերպելը շատ ավելի հեշտ է, քան այստեղ։ Այսօր ոչ մի ֆիզիկական աևձ չի կարող դահլիճ վարձակալել, ու չգիտես, թե ինչ որոշմամբ է ընդունվել, եթե արվեստի մասին օրենք գոյություն չունի։ Ստեղծել են պատրանք, որ մշակութային կյանք կա, իրականում, մանավանդ նորավարտ երիտասարդի համար, բաց դուռ չկա։ Միակ բաց դուռը օդանավակայանի բաց դուռն Է։ Հեռանում են որոշակի ստեղծագործական ռեսուրսներ, որոնցից հայրենիքին զրկելը նշանակում է ոչնչացնել ազգի դիմագիծը, պատկերը։ Եթե չկա մշակույթ, ուրեմն չկա բարոյականություն, նաեւ օրենք, ուրեմն ընդհանրապես ոչինչ չկա։

Արվեստի մասին այդ ի՞նչ օրենքի մասին եք ասում։

– 20 տարվա ընթացքում չկարողացան արվեստի մասին մի օրենք ծնել, լավ, գոնե մի տեղից արտագրեին, դա Էլ չեն անում։

 – Եթե Դուք լինեիք այդ օրենքը գրողներից մեկը, ի՞նչ հիմնական ու պարտադիր կետեր կզետեղեիք։

– Արվեստի մասին օրենքն այն օրենքն է, որը կարգավորում է արվեստագետի ու պետության հարաբերությունները։ Այսինքն՝ իմ պարտականություններն ու, համապատասխանաբար, պետության պարտականությունները, ինչպես նաեւ իմ իրավունքները, որոնք ինձ կտարբերակեն, ենթադրենք, կոշկակարից։ Ես ուզում եմ իմանալ՝ իմ քաղաքացիական կարգավիճակն ինչպիսինն է։

Երբ փորձում եմ պետական դիտանկյունից նայել, հասկանում եմ, որ կա՛մ չկամ ընդհանրապես, կա՛մ գոյություն ունեմ որպես հարկատու, ինչպես, ենթադրենք, յուրաքանչյուր տաքսիստ։ Այսինքն՝ պետությունն ինձ ոչ թե հուշում է, այլ բաց տեքստով ասում. «Եղբա՛յր, ես քո ու տաքսիստի միջեւ ոչ մի տարբերություն չեմ տեսնում, որովհետեւ դու օրենքով նկարագրված չես, քաղաքացիական ստատուսդ ընդհանրապես գոյություն չունի, դու հարկատու ես, քո ու նրա արած գործի մեջ ես ոչ մի արժեք չեմ տեսնում»։

Հիմա այս պայմաններում ես որոշակի ճանապարհ անցած մարդ եմ, դրա մասին հանգիստ եմ խոսում, բա քո այսօրվա՝ Կոնսերվատորիա ավարտած երիտասարդն այդ բեռից ո՞նց պետք է ազատվի կամ ինչի՞ պետք է մտահոգված լինի օրենսդրական խնդիրներով, երբ իր ամենաթանկ ժամանակն ու ստեղծագործական շրջանը սկսվում են հենց Կոնսերվատորիան ավարտելուց հետո։ Դրա պատճառով էլ մարդիկ փորձում ու գտնում են հնարավորություն գնալ այնտեղ, որտեղ գնահատվում են, ու արժեւորվում է իրենց ստեղծագործական ձիրքը։ Սա արդեն դարձել է պետական խնդիր։

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930