Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում նշվեց «Խաչվերաց» տոնը և «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցու վերականգնողական աշխատանքների մեկնարկը

Սեպտեմբեր 18,2012 11:50

Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավարներից ամենակարևորը և վերջինը, որի խորհուրդը գերությունից Խաչի վերադարձն է և փառաբանությունը: Տոնը Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով:

Հավարտ Պատարագի հինավուրց եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Խաչվերաց տոնին և Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ Եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին: Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին:

Սակայն ժամանակը և ստորգետնյա ջրերը հրատապ են դարձրել այս հինավուրց տաճարի վերականգնման հարցը: Վիրահայոց Թեմի պատվերով երկու տարի առաջ մշակված վերականգնողական աշխատանքների նախագծի իրականացմանը ձեռնամուխ եղավ «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամը»: Եվ այսօր եկեղեցին ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը, տրվելով վերականգնման աշխատանքներին:

Տոնական միջոցառմանը վիրահայությանն ուղղված իր խոսքում, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, շնորհավորելով Խաչվերաց տոնի առիթով, նաև խոսք ասաց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքները սկսվելու կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը ստացած և Վրաստանի իշխանությունների աջակցությանն արժանացած նախագծի իրականացումից, վերականգնողական և ամրացման աշխատանքներից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով, որպես վիրահայոց Թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

Հանդիսությանը ներկա բանախոսները՝ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Միասնական Ազգային շարժումից մայրաքաղաքի Կրծանիսի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Դավիթ Սաղվարելիձեն, շնորհավորելով ներկաներին տոնի և վերանորոգման մեկնարկի կապակցությամբ, կարևորեցին բազմազգ և բազմադավան Թբիլիսիի «Մեյդան»

հրապարակում Սուրբ Գևորգ եկեղեցու դերը և նշանակությունը ընդգծելով, որ այս տաճարի բակում ամփոփված են ազգի լավագույն զավակների աճյունները:

Այնուհետև «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երգի և պարային համույթների և անհատ կատարողների ուժերով (համակարգող Լևոն Չիդիլյան, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով) տրվեց ճոխ համերգ: Վերջում օրհնվեց ավանդական մատաղը և բաժանվեց ժողովրդին:

Վիրահայոց մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930