Ավարտվեցին Երևան-Սևան մայրուղու չորս հատվածում շտապ բժշկական օգնության բրիգադների լրացուցիչ հերթապահությունները։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադները դրանք իրականացրեցին հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 15-ը ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով։
Լրացուցիչ հերթապահությունների ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի վարչական սահմաններում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 24, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում` 6 դեպքում:
Այդ ընթացքում մեկ վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողը տեղափոխվել է Սևանի հիվանդանոց։ Մեկ վթար էլ տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա: Տուժածը գանգուղեղային վնասվածքով, անձնական տրանսպորտով, տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Կարդացեք նաև
Օգոստոսի 18-ին, առավոտյան ժամը 09.20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում արձանագրված ավտովթարի առիթով, ցավոք, շտապբուժօգնության ծառայությանը դեպքից կես ժամ ուշ են տեղեկացրել, ինչի արդյունքում ավտոմեքենաներում եղած քաղաքացիները պատահական մեքենաներով են գնացել Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն և անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել։ Բարեբախտաբար այս դեպքում լուրջ վնասվածքներ չեն եղել։
Նշենք, որ այս նախաձեռնության առթիվ նախարարությունը բազմաթիվ լավ արձագանքներ է ստացել ազգաբնակչությունից։ Մարդիկ գտնում են, որ մայրուղում շտապօգնության մեքենաների առկայությունն ինքնին զգաստացնում է վարորդներին։ Միաժամանակ, երթևեկողները, իմանալով այս հերթապահությունների մասին, տարբեր խնդիրներով դիմել են շտապօգնության ծառայությանը։ Բժիշկներն էլ նշում են, որ հաճույքով են կատարել իրենց վրա դրված պարտականությունը։
Երևան-Սևան մայրուղում լրացուցիչ հերթապահությունների ժամանակ հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին դիմել են հիմնականում հիպերտոնիկ կրիզի, թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի կապակցությամբ։
ՀՀ առողջապահության նախարարություն