Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հայի անունից միմյանց նամակներ են գրում

Սեպտեմբեր 18,2012 11:31

Ադրբեջանական լրատվամիջոցներն, արդեն չիմանալով ինչպես ներկայանալ միջազգային հանրությանն ու ինչպես արդարացնել իրենց սուլթանի տխմար ու անհեռատես քայլերը, որոշել են իրենք իրենց նամակներ գրել ու նամակի ներքեւում հայի ստորագրություն դնելՙ այս կերպ փորձելով թեթեւակի սրբել այն կեղտը, որ առկա է իրենց անվան դիմաց: Այսպես, Contact.az կայքը հրապարակել է մի նամակՙ ուղղված Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիեւին, որտեղ ազգությամբ հայ, Բաքվում ծնված եւ հունվարյան ջարդերին Դոնի Ռոստով փախած, 1952-ին ծնված Բորիս Ելչինյանցը գրում է. «Հարգելի պարոն նախագահ, կապված այն փաստի հետ, որ դուք ապացուցեցիք ձեր համառությունը, համոզվածությունը, անկոտրում կամքը, երբ ընդունում էիք Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ ճշմարտացի որոշում, ես խնդրում եմ ձեզ ինձ քաղաքական ապաստան տրամադրել Ադրբեջանում ու հնարավորություն ընձեռել հոգեպես եւ ֆիզիկապես ընդունել մահմեդականությունՙ ադրբեջանական կրոն: Ես համարվում եմ ամենանվիրյալՙ ղարաբաղյան արմատներով Բաքվի հայը, սակայն հայերն ինձ համար նույնքան թշնամի են, որքան ձեզ համար: Իմ հայրենիքը Բաքուն է, Ռուսաստանն ինձ համար օտար պետություն է: Ինչպե՞ս ես կարող եմ քաղաքական ապաստան խնդրել Հայաստանից, եթե հայերը, երեւանցիները եւ ոչ միայն նրանք, իմ թշնամիներն են: Փրկեք ինձ Հայաստանից եւ Ռուսաստանից, եթե դուք Իլհամ Հեյդարի Ալիեւ, իսկական տղամարդ եք եւ նախագահ, եւ ունեք այնքան քաջություն, որքան ես, երբ ընդունեցի այս որոշումը»:

Հետաքրքրական է, որ խմբագրությունը որեւէ տվյալ նամակագրի մասին չի տեղեկացնում, բացի էլ. փոստի հասցեից, որն էՙ [email protected]:

Ավելին, կայքը չի տեղեկացնում, Ալիեւն իր մեջ գտե՞լ է քաջություն 50-ամյա Բորիսին քաղաքական ապաստան, գուցե նաեւ հերոսի կոչում կամ զինվորական աստիճան շնորհելու, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ նամակն ուղղված է միջազգային եւ տեղական լսարանին, առավելապես մեղմելու այն իրավիճակն ու վերաբերմունքը, որ առաջացավ Սաֆարովին ներում շնորհելուց հետո: Սակայն մեր անհեռատես հարեւաններն անգամ այս հարցում ապացուցեցին իրենց բթությունն ու տխմարությունը: Որ նամակը հորինովի է, կասկած չի հարուցում, նախՙ որովհետեւ, նամակի շեշտադրությունը, գրվածքն ու ցանկություններն արհեստական են: Բացի դրանիցՙ նման նամակ հորինողն ուղեղը չի աշխատեցրել հասկանալու, որ հունվարյան ջարդերը Բաքվում հենց ազերիներն են կազմակերպել, հետեւաբար Բաքվի կոտորածից մազապուրծ եւ Դոնի Ռոստովում փրկություն գտած Բորիսը, եթե, իհարկե, նման անձ գոյություն ունի, ով տեսել է, թե ինչպես են սպանում, բռնաբարում եւ թալանում իր հայրենակիցներին, դժվար թե ցանկություն ունենա վերադառնալու արյունոտ քաղաք, եթե նա հոգեկան հիվանդ չէ: Այս պարագայում էլ ադրբեջանական իշխանությունները պետք է զգոն լինեն: Վտանգ կա, որ տարիներ անց Ադրբեջանում կտարածվի սաֆարովյան սինդրոմ հասկացությունը, ինչը հուշում է, որ ներսում հերոսներ հռչակվող երիտասարդներին մարդկությունը որակում է մարդասպաներ եւ խելագարներ: Թեպետ մեկով ավելի, մեկովՙ պակաս, Ադրբեջանին առանձնակի դժվարություն չի հարուցի:

Ինչեւէ, հավաստիանալու համար, արդյոք Դոնի Ռոստովում ապրո՞ւմ է նման անձնավորություն, «Ազգ» օրաթերթը զրուցեց Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի հետ, որը նաեւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսն է: Նա, ուսումնասիրելով տվյալները, ասաց. «Նման անձնավորություն Ռոստովում չկա: Հավաստիացնում եմ ձեզ, որ կամ նամակը կեղծ է, կամ ինչ-որ թուրքի վճարել են, որ նման բան գրի հայի անունից: Կրկնում եմ, նման տվյալներով հայ Ռոստովում չկա»:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930