Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանայենք հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը և ձգտենք դեպի մշտակայուն ապագա

Սեպտեմբեր 18,2012 10:46

 

Սերժ Թանկյան

Հունգարիայի կողմից` դատապարտված մարդասպանի հանձնումն ու արդյունքում նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորելն ու ներում շնորհելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարությամբ մի ժողովուրդ, որը խրախուսում է անիմաստ բռնությունը: Ադրբեջանի միակ դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է:

Հայաստանը նման դաշնակից չունի: Այն իրականում  նման հակաէկոլոգիական և ածխածնային դաշնակիցների կարիքն ընդհանրապես չունի: Հայաստանը կարիք ունի ածխածնաչեզոք, էկոլոգիապես մշտակայուն, գյուղատնտեսական բազմազանությամբ հարուստ ապագայի, որպես իր դաշնակից:

Ահա թե ինչու եմ ես անկեղծորեն խոսում այսօր հանքարդյունաբերությանը տրվող դերի մասին, որը`լինելով աղտոտող ու ոչ մշտակայուն, ներկայացվում է որպես Հայաստանի այսպես կոչված տնտեսական զարգացման նախապայման:

Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:

Այս կերպ երկիրը կարտադրի ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար անհրաժեշտ սննդամթերք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող խմդիր է` հաշվի առնելով երկրի ծովի ելք չունենալու հանգամանքը, ինչպես նաև թշնամական երկրների հարևանությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական մեկուսացումը:

Հարկային արտոնությունների և սուբսիդիաների միջոցով կառավարությունը կարող է խթանել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն Հայաստանի մշտակայուն զարգացումը` խթանելով աշխատատեղերի ստեղծումը և կանխելով երիտասարդների արտագաղթը:

Իմ այս մոտեցումները ես արտահայտել եմ նաև 2011թ. Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում, Սիվիլնեթ լրատվամիջոցի հետ հարցազրույցում, ինչպես նաև վերջերս տարածած տեսագրությունում, որտեղ բարձրաձայնել եմ մտահոգությունս Թեղուտի անտառների հաշվին իրականացվող ոչ մշտակայուն հանքարդյունաբերական ծրագրի կապակցությամբ:

Հանքարդյունաբերության հետագա զարգացումը մեր փոքրիկ երկրում տնտեսական մարտահրավերների՝ վտանգավոր և չափազանց կարճաժամկետ լուծում է: Իսկ դրա երկարաժամկետ հետևանքների մասին շատ ավելի լավ կարող են խոսել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտնականները:

Ըստ Ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային Հետազոտությունների Կենտրոնի ղեկավարի` հանքարդյունաբերությունն աղետալի ազդեցություն է ունեցել երկրի բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա: Հանք շահագործողները չեն չեզոքացրել թունավոր թափոնները, որոնք ներծծվել են հողի մեջ, այնուհետև գյուղատնտեսական մթերքների միջոցով ներթափանցել են մարդկային օրգանիզմ, ինչը հատկապես վտանգավոր է երեխաների համար:

 

Նույն կենտրոնի գեոքիմիայի լաբորատորիայի ղեկավարը հայտարարել է, որ հավանական է, որ Երևանի բնակչության 57 տոկոսն ապրում է թունավոր միջավայրում՝ հողի թունավորման պատճառով: Նշվում է նաև, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերը ոռոգվում են աղբյուրներից, որոնց ջրերը թունավորվում են հանքարդյունաբերության տոքսիկ արգասիքներով:

 

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները բացահայտել են, որ հանքարդյունաբերական խոշոր կենտրոններին` օրինակ Կապանին, Քաջարանին, Ալավերդուն և Ախթալային հարող տարածքներում մշակվող գյուղատնտեսական արտադրանքը պարունակում է ծանր մետաղներ, ինչպիսիք են մերկուրին, մկնդեղը, կադմիումը:

 

Այս վտանգների ապացույցն էր անցյալ ամսում պղինձ և մոլիբդեն արդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկում հանքարդյունաբերական թափոնատարի վթարի արդյունքում առաջացած աղետը, երբ հսկայական քանակությամբ տոքսիկ նյութերը մի քանի ժամ շարունակ լցվել էին Հայաստանի հարավային գետերից մեկը, որի ջրերով մշակովի հողատարածքներ են ոռոգվում:

 

Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը վերանայել կենսաբազմազանությամբ հարուստ Թեղուտի անտառներում և հարակից շրջաններում բացահանք շահագործելու լիցենզիան և զերձ մնալ հանքարդյունահանման հետագա լիցենզիաների տրամադրումից, որոնք վտանգում են մեր շրջակա միջավայրը և Հայաստանի մշտակայուն զարգացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930