«Փառատոնը կգնահատեմ դրական ու կարևոր, Հայաստանում մշակութային կապը ամրապնդելու, հայ մարդուն մշակույթին մոտեցնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց Դուդուկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանը: Նա մասնակցում էր Հ. Պարոնյանի անվան թատրոնում` ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացած Սփյուռքից ժամանած հայ դուդուկահարների «Ծիրանենի» խորագիրը կրող համատեղ համերգին:
Ըստ նրա, փառատոնի նպատակը հայ մշակութային կապերի ստեղծումն ու հայրենիքի հետ կապի ամրապնդումն է: Հնչելու է 30 կատարում, կլինեն երեխաներ եւ հմուտ, վարպետ կատարողներ Հայաստանից և Սփյուռքից. «Հրավիրված են մեր հայրենակիցները աշխարհի տարբեր երկրներից՝ Արգենտինայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Ստեղծվել է ընտանեկան իրավիճակ, որտեղ հնչում է դուդուկը: Հայ ժողովրդի համար սա տուն է եւ փառատոն՝ որտեղ հաղթում են բոլորը»:
Դաբաղյանի խոսքով, սփյուռքահայ դուդուկահարները մեծ սիրով են եկել հայրենիք և անցկացրել են հրաշալի օրեր. «Արվեստի մերձեցումը տալիս է անգնահատելի միջավայր, որտեղ շահում է մեր հայրենիքը, ժողովուրդը եւ դուդուկի ձայնով երգում են բոլորը: Դուդուկը ուր էլ գնա, ինչ զարգացում էլ ունենա, նա կվերադառնա իր մայրական վիճակին՝ դա հայկական ավանդական ձեւն է»:
«Իմ Հայաստան» փառատոնի կազմակերպիչ Սամվել Հարոյանի խոսքով՝ փառատոնը միավորող գաղափար է, այն աշխարահասփյուռ հայերին մեկտեղում է հայրենիքում. «Սփյուռքի նախարարությունն ունի բազմաթիվ ծրագրեր, սակայն այս մեկը կդառնա ամենամասսայականը: Այս տարվա փառատոնն անցկացվեց 6 ճյուղերով, այդ թվում` պարարվեստի փառատոն, որի շրջանակներում իրականացվեցին պարարվեստի օրեր, ուր ելույթ ունեցան աշխարհի շուրջ 21 երկրներից մոտ 30 պարախմբեր, երգչախմբային արվեստի օրեր, որի ժամանակ տարբեր երգչախմբեր հյուրընկալվեցին Հայաստանում, իսկ այժմ առաջին անգամ իրականացնում ենք Դուդուկի փառատոնը»:
Կարդացեք նաև
Կազմակերպիչը հույս ունի, որ հետագայում այս փառատոնը ավելի կզարգանա, որովհետև դուդուկը հային ճանաչել տվող առաջին նվագարանն է: Նրա խոսքով հաջորդ փառատոնը կկայանա 2014 թվականին:
Արգենտինայից Հայաստան ժամանած դուդուկահար Սարո Դանիելյանը վերջին անգամ հայրենիքում եղել է 3 տարի առաջ: Ասում է՝ Հայաստանում շատ բան է փոխվել, չնայած բացթողումներ էլ կան: Դուդուկ նվագում է 7 տարեկանից, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնը հրաշալի է կազմակերպված, սակայն կցանկանար, որ լիներ ավելի լայնամաշտաբ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ