Տիկո, Սեյրան, Դերո: Օրերս, կառավարության ղեկավարին եւ երկրի նախարարներին այսպիսի «տնավարի» դիմելաձեւով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Նախագահը վարչապետին ու նախարարներին հավաքել ու դպրոցական աշակերտների նման մի լավ նախատում էր: Սերժ Սարգսյանի պահվածքն այս օրերին բուռն քննարկումների թեմա է դարձել: Տաքսու վարորդից սկսած` գտնում են, որ այդ նախատինքները պայմանավորված են առաջիկա նախագահական ընտրություններով եւ որ ընդամենը PR ակցիա են:
Aravot. am-ը «PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ի նախագահ Հայկ Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե երկրի նախագահի անհարգալից վերաբերմունքը երկրի պաշտոնյաների նկատմամբ արդյոք հակա PR չէր, եթե խորհրդակցությունը միտված էր նախագահի PR-ին: «Եթե երկրի նախագահն իրեն թույլ է տալիս նման լեքսիկոնով ու նման բառապաշարով խոսել, ապա լեզվի տեսչության դերը Հայաստանում դառնում է անիմաստ: Դրանից հետո իմաստ չունի որեւէ գործարարի պարտադրել` հետեւել այդ կանոններին, որեւէ քաղաքացու կամ գովազդատուի ասել` գիտեք, ձեր գովազդի մեջ կան լեզվի տեսչության կարգը ոտնահարող, հակացուցված բառեր ու տերմիններ, որովհետեւ ասելուց պետք է սկսել ամենավերեից` նախագահից, քանի որ նա պիտի հանդիսանար գրավականը տարբեր ոլորտների կարգուկանոնի պահպանման»,-ասաց մասնագետը:
Ինչ վերաբերում է պաշտոնյաներին կրճատ անուններով դիմելուն, ապա PR-ի մասնագետի խոսքերով, նախագահն ուղղակի արարողակարգը խախտել է. «Ամբողջ քաղաքակիրթ աշխարում կա պետական հաղորդակցման կարգուկանոն, որը ենթադրում է որոշակի պայմանականություններ, այսինքն` պաշտոնյային դիմել ոչ թե անունով, այլ դիմել պարո’ն նախարար, պարո’ն վարչապետ կամ գոնե անուն ազգանունով: Հակառակ պարագայում ոչինչ չի խանգարում միանգամից ածականներով, մականուններով դիմել, հատկապես, որ դրանց պակասությունից չենք նեղվում»:
Հայկ Կիրակոսյանը, որպես PR-ի մասնագետ, խորհրդակցության տեսանյութը մի քանի անգամ դիտելուց հետո տպավորություն է ստացել թե. «Դատելով նախարարների դեմքի արտահայտություններից` երեւում էր, որ նրանք կամ չեն լսում կամ լուրջ չեն ընդունում նախագահի ասածները կամ գիտեն, որ երեկոյան հավաքվելու են մի տեղ խորովածի շուրջ ու պարոն նախագահն ասելու է` հո շատ չնեղացա՞ր, Տիկո ջան, հո շատ չնեղացա՞ր, Դերո ջան, լավ էր, չէ՞, տղերք, վստահելի՞ էր, չէ՞, էդ ամեն ինչը: Դասական ժանրերի մեջ այդ ամենը կոչվում է կատակերգություն, բայց այն, ինչին մենք ականատես եղանք, կարելի է անվանել խեղկատակություն: Այստեղ PR-ի մասին խոսելն ավելորդ է, անգամ այն մարդիկ, որոնք չգիտեն այդ գիտության մասին, հասկանում են, որ ե’ւ ասֆալտապատումը, ե’ւ կանաչ բադիկները, գորտիկները մեր քաղաքում եւ նման խորհրդակցությունները, որոնք, ինչպես նշվեց, պարբերաբար են լինելու, ինչ որ հրաշքով սկսել են թափվել մեր քաղաքի վրա»:
Մասնագետի դիտարկմամբ` «Խորհրդակցության տեսանյութի մեջ ակնհայտ է, երբ նախագահն ասում է` Տիգրան ջան, մենք 4 տարի է այս մասին խոսում ենք, քննարկում ենք, բայց ոչ մի տեղաշարժ չկա, եւ մեկ էլ վերջում, երբ վարչապետը խոսքով հանդես է գալիս, ասում է` լավ, պարոն նախագահ, մենք սա կքննարկենք: Դա այն դեպքում, երբ պարոն նախագահը ասում է` մենք սա 4 տարի է քննարկում ենք, քննարկում ենք, շարժ չկա: Եթե այդ ամեն ինչն այդքան լուրջ է, այդքան հավաստի է, վարչապետը գոնե ասի, որ անհապաղ միջոցներ կձեռնարկենք»:
Կարդացեք նաև
Ըստ Հայկ Կիրակոսյանի, նման մի նախընտրական անհաջող PR ակցիա էր ՀՀ նախագահի այցը Մաշտոցի պուրակ. «Նույն միմիկան, նույն ձայնը, նույն ոչ այնքան վստահություն ներշնչող խոսքերը, կարծես, նախագահը ոչնչից տեղյակ չէր, հենց նոր անցնում էր Մաշտոցի պուրակի կողքով եւ տեսավ, որ խայտառակություն է տեղի ունենում: Ու ասեց` եկեք այս խնդիրը լուծենք, ու լուծվեց: Նմանատիպ հրաշքների մենք կարող ենք ականատես լինել մինչեւ փետրվար: Նոր տարվա ժամանակ մարդիկ սկսում են գնել այն, ինչ-որ ողջ տարվա ընթացքում չեն գնել, ուտել այն, ինչ որ տարվա ընթացքում չէին կերել, հիմա մեզ մոտ էլ ընտրությունները Նոր տարի են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ