Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա Գայանեն ափսոսում է, որ չի կարողանում իր պատանեկությունը վայելել

Սեպտեմբեր 17,2012 19:11

Գայանեն 16 տարեկան է,  ապրում է գյուղական համայնքում` հայրական տատիկի հոգածությամբ: «Ես շատ եմ սիրում տատիկիս, բայց նա արդեն շատ է ծերացել եւ ինձ չի կարողանում օգնել տնային գործերում»,-ասում է Գայանեն: Գայանեի հայրը Թիֆլիսում կանաչեղենի վաճառքով է զբաղվում, իսկ մոր մասին  դժվարությամբ է պատմում.  «Ես մայրիկիս շատ էի սիրում, իսկ հիմա իր կարիքը շատ եմ զգում: Երբ հայրիկը սկսեց հաճախակի բացակայել տանից, մայրիկը դրանից նեղվում էր: Որոշ ժամանակ անց սկսեցին վիճել. հետո վեճերը ամենօրյա բնույթ կրեց: Նրանց վիճաբանությունները հիմնականում փոխադարձ մեղադրանքներով էին սկսվում եւ այդպես շարունակվում: Հերթական անգամ, երբ հայրիկը Վրաստանում էր, հորեղբայրս բարկացած մտավ մեր տուն եւ հարցրեց, թե որտեղ է մայրիկս, իսկ ես պատասխանեցի, որ հարեւանուհու տանն է: Նա հեռացավ: Անցավ կես ժամ, մայրիկը տրմադրությունը գցած, աչքերը կարմրած մտավ տուն»,-պատմում է Գայանեն: Մայրը ոչինչ չի պատմում, որից երկու ժամ անց գյուղի բնակիչները պահանջում են Գայանեի մորը հեռանալ գյուղից եւ չվարկաբեկել իրենց անունը. «Մայրիկին տաքսի են նստացնում եւ վտարում գյուղից: Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում եւ անդադար լաց էինք լինում»,- պատմում է Գայանեն: Պարզվում է` նրա հորեղբայրը բռնացրել էր իր մայրիկին իրենց հարեւանի ամուսնու հետ: Հորեղբայրը, չիմանալով ինչպես վարվել, զանգահարում է Գայանեի հայրիկին, պատմում տեսածի մասին եւ միացնում ձայնագրությունը որպես ապացույց: Գայանեի հայրը ասում է, որ ինքը վաղն առավոտյան ճանապարհ կընկնի, բայց մինչ այդ կնոջ ոտքը օջախում չլինի: Այս լուրը արագ տարածում է գտնում գյուղում: Գայանեն փոքրիկ քույր ունի, ում խնամքով էլ զբաղվում է ինքը: Ասում է, թե շատ է հոգնում եւ որ իր մանկությունից էլ ոչինչ չի հասկանում. «Արդեն երեք տարի է` տան հոգսն իմ ուսերին է: Երբ դասից գալիս եմ, արդեն հոգնած եմ լինում եւ շատ դժվար է ինձ համար զբաղվել տնային գործերով, խնամել տատիկին եւ օգնել փոքրիկ քույրիկին»,- ասում է Գայանեն: Նրա խոսքով` հայրիկը լավ է վաստակում, նրանք ֆինանսական խնդիրներ չունեն, պարզապես նա չի կարողանում իր ընկերների նման անհոգ պատանեկություն անցկացնել:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930