ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը ֆեյբուքյան իր էջում մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը, գրել է, որ շատ տպավորված է «նրա փողկապի հանգույցի լուծումից»:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ռուբինյանը մեր հարցին՝ Դուք սա անմիջականորեն կապում եք նախընտրական շրջանի հե՞տ՝ պատասխանեց. «Իհարկե, կապն անմիջական է եւ ակնառու»: Մենք հետաքրքրվեցինք՝ այն, որ նախագահը կշտամբում էր նախարարներին՝ Դերո՛, դու սա չես արել, Սեյրա՛ն, դու սա չես արել, ի՞նչ տպավորություն ստացաք, իսկապե՞ս կարծում եք, որ նա չի իմացել, որ նման խնդիրներ կան եւ վերահսկողական ծառայությունից իմանալով՝ բարկացե՞լ էր, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ որեւէ տարբերակ կա, որ ինքը առաջին անգամ լսի, կամ չիմանա գնումների չարաշահումների մասին, մոնոպոլ երեւույթների մասին կամ մնացած ոլորտների խախտումների մասին: Դրա համար էլ ասում ենք, որ կատարվածը շոու էր: Իրեն լրիվ անտեղյակ մարդու տեղ դրած, կարծես երեկ էր զարթնել եւ որոշել, որ այս պետությունը պետք է արդարաբար ղեկավարի: Մենք տեսնում ենք, որ ամենեւին էլ այդպես չի»:
Մեր հարցին՝ եթե սրան գործ հետեւի, ժողովուրդն այնուամենայնիվ կհավատա՞, կգնա՞ նրա հետեւից՝ պարոն Ռուբինյանը պատասխանեց. «Նախ, նա զավթել է իշխանություն, իսկ դա պետական ծանր հանցագործություն է: Երկրորդը՝ նա Մարտի 1-ի համար պատասխանատվություն դեռ չի կրել: Ուրեմն նրա լավ գործերը, բարի գործերը, արդյունավետ կառավարումը միգուցե մեղմի ինչ-որ չափով ժողովրդի դժգոհությունը, բայց ինչո՞ւ պիտի ժողովուրդը գնա հանցագործի հետեւից»:
Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հորդորել էր «գլխից բռնել «մեծերին»»: Կարապետ Ռուբինյանի խոսքերով՝ «Լավ կլինի, որ դատախազությունը, ոստիկանությունը հենց ամենամեծից էլ սկսեն՝ իրենից՝ Սերժ Սարգսյանից, բայց հազիվ թե նման բան տեղի ունենա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ