Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խնջույք` առանց գյումրեցի պատգամավորների

Սեպտեմբեր 17,2012 18:36

Ինչպես տեղեկացրել  ենք, երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  իր ընտանիքին պատկանող  Գյումրու գարեջրի գործարանի ռեստորանում քեֆ-ուրախություն է կազմակերպել` տոնելով իր հաղթանակը: Նա, ըստ մասնակիցների, մատաղ է արել ու իրեն սատարած գյումրեցի  բոլոր տղամարդկանց `անկախ կուսակցական պատկանելությունից, հրավիրել է: Արդյունքում, ըստ ականատեսների, հրավիրված 250-300 հոգու մեջ  ՀՀԿ-ականներն ավելի շատ են եղել, քան ԲՀԿ-ականները: Ապագա քաղաքապետը հրավիրել է Շիրակի մարզպետարանի  ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների  ՀՀԿ-ականներին, այդ թվում նաև  որոշ դպրոցների տնօրենների,  ովքեր  խնջույքի  են մասնակցել երկու ՀՀԿ-ական փոխմարզպետերի`  Սեյրան Պետրոսյանի ու Հարություն Արշակյանի գլխավորությամբ:

Ի դեպ, Գյումրու նորընտիր քաղաքապետը, ի նշան հետագա համագործակցության, հրավիրել է նաև Արթիկի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին:  Պարոն Բալասանյանը  բնականաբար չի անտեսել նաև իրեն սատարած ԲՀԿ-ականներին, օրինակ` Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Զաքարյանին: Սակայն հետաքրքիրն  այն է , որ  քաղաքական խնջույքին Գյումրիից ընտրված ԱԺ ոչ մի պատգամավոր չի մասնակցել. ոչ ՀՀԿ-ականներ Սուքիաս Ավետիսյանն ու Աշոտ Աղաբաբյանը, ոչ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, և առավել ևս ոչ էլ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Նրանք, ինչպես հայտնի է,  Սամվել Բալասանյանին տարբեր պատճառներով  չեն սատարել:

Մենք Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանից հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ պատգամավորները չեն հրավիրվել, որին ի պատասխան նա  ասաց. «Պարոն Բալասանյանը ընտրություններից հետո մշտապես շնորհավորանքներ ու հյուրեր է ընդունել, և եթե ինչ-որ մեկը մեկ  միջոցառման  չի մասնակցել, ապա այդ անձը մասնակցել է մեկ այլ միջոցառման, այցելել է, շնորհավորել է, այնպես որ` ոչ մի տարօրինակ բան չկա , ամեն ինչ նորմալ է»:

Նշենք, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ևս այդ օրը Շիրակի մարզում չլինելու պատճառով խնջույքին չի մասնակցել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930