Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը՝ նախագահին. «Մեկը լինի՝ քո վերահսկողականի պետի արած չարաշահումները բացահայտի»

Սեպտեմբեր 17,2012 18:13

«Նախագահն ասում է՝ մեծերից բռնենք: Իսկ մեծերն ովքե՞ր են՝ իր եղբայրները, իրենց խնամիները, իրենց ընտանիքներն են: Դե թող որեւէ մեկին պատժեն, նույնիսկ իր եղբորը, խնամուն, ես այդ դեպքում նոր անձամբ կասեմ՝ չէ, ոնց որ սա շոու չի»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունից ստացած իր տպավորություններով կիսվեց:

Նրա մեկնաբանությամբ՝ «Ես չեմ ուզում ասել` շոու էր, չնայած անպայման նախընտրական տարրը կա: Անպայման այդ ցուցադրական պահը կար: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը հրապարակավ, կարճ ասած, գնահատական տվեց իր կառավարությանը, եւ դա բացասական գնահատական է: Դա երկակի սուր է պարունակում իր մեջ այն իմաստով, որ` ո՞վ է ասում: Դա այն կառավարությունն է, որը ինքն է ընտրել: Պետք է քայլեր անել՝ սկսած ամենակտրուկից: Կառավարության հրաժարականն, իհարկե, ինքը ի պաշտոնե չի կարող, բայց դա այն քայլն էր, որ այդ կառավարությունը հրաժարական տա: Երկրորդ՝ ինչպես ինքը ասաց, այլ բառեր չի ուզում օգտագործել, այսինքն՝ ինքը համառորեն չասաց «հանցագործություն է արվում», այլ՝ տարբեր ավելի մեղմ որակումներ տվեց: Այնուամենայնիվ, այն, ինչը ինքը ասաց, մի բան է նշանակում, որ՝ երկիրը կողոպտում են: Ովքե՞ր են կողոպտում: Հիմա մի փոքր ուզում եմ հիշեցնել նաեւ նախագահին: 2010-ին դեկտեմբերին էր կարծեմ, որ ինքը մի շատ հայտնի ելույթ ունեցավ, թե հերիք է խոսենք, խոսքից պետք է անցնենք գործի: Նորից կշտամբեց նախարարներին: Տարբերությունն ի՞նչն է: Այն ժամանակ էլ մոտավորապես նույն  բաներն ասաց՝ նույն տոնով: Ուղղակի այն ժամանակ անուններն էին ուրիշ: Եվ նա վերջին խորհրդակցության ժամանակ փաստեց, որ իր ամենախիստ գնահատականները ոչնչով չեն ազդել, ոչ մեկը չի պատժվել, մի խոսքով՝ նույն ձեւով շարունակվում է: Այնպես չի, որ ինքը ասաց, հետո անտեղյակ մնաց՝ ինչ է կատարվում, հետո նորից բացահայտեց, որ բան չի արվել: Ինքը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում»:

Տիկին Բախշյանն այն բացառիկ պատգամավորներից է եղել, որ Վերահսկիչ պալատի ամեն հաշվետվությունից հետո 5 տարի շարունակ «ռմբակոծել» է ծառայությանն իր հարցերով. «Անընդհատ հարցնում էի՝ փաստերը հրապարակեցիք՝ հետո ի՞նչ: Ես դատախազությունից ունեմ մի մեծ փաստաթղթերի փաթեթ այն մասին, թե Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո ինչ է եղել, ում նկատմամբ են գործ հարուցել, ուր է գնացել եւ այլն: Հետեւաբար, ինչ նախագահն ասաց խորհրդակցության ժամանակ, ընդամենը մեր ժողովրդի սիրտը հովացնելու մի քայլ էր: Դա բավարար չի, որ սայլը տեղից շարժվի»:

Սերժ Սարգսյանն իր խորհրդակցության ժամանակ նաեւ «հաթաթա» էր տվել, թե «Մեկը դրա համար պիտի պատասխան տա՞, թե՞ չէ: Թե՞ անպայման պիտի մարդ ձերբակալենք, անպայման պիտի Խաչիկյանի պատմությունը մեջտեղ բերենք»: Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «Բա ո՜նց, եթե Խաչիկյանը պատասխանատվություն չկրեց պատշաճ: Նրա արածը ոչ այլ ինչ է, քան հանցագործությունը: Հանցագործությունը պետք է պատժվի օրենքով, իսկ օրենքը Քրեական օրենսգիրքն է: Բայց օրենքով չպատժեցիք, միանգամից  ժողովուրդը հակադարձում է՝ բա ինչո՞ւ չպատժեց, երբ միլիարդներ մսխեց: Մյուսներն էլ կասեն՝ բա մեր արածը իրա համեմատ ի՞նչ էր որ: Մանավանդ, երբ նախագահը վկայակոչում էր իր վերահսկողական ծառայությանը, միանգամից անձամբ ինձ մոտ եւ շատ քաղաքացիների մոտ հակառակ հարցն է առաջանում: Մեկը լինի՝ քո վերահսկողականի պետի արած չարաշահումները բացահայտի, թե Արամի փողոցում քանի տուն է իրենով արել: Բացահայտված էլ կա՝ Երեւանի կենտրոնում՝ Արամի փողոցում նրա տիրապետության տակ անցած բնակարանների թիվը: Եվ այդ տարածքի ժողովրդի կրած կորուստներն արդեն բավական է, որպեսզի մտածես՝ ոնց որ աղվեսն իր պոչին վկա բերի»:

Տիկին Բախշյանը, Վերահսկիչ պալատի հաշվետվություններն ուսումնասիրելով, հասկացել էր՝  «Դա մի հանցագործությունների կծիկ էր, որ հենց իրենք են արել: Բա որ ընդդիմությունը՝ ես, իրավունք ունենայի բացահայտելու, տեսեք ինչեր կլիներ: Վերահսկիչ պալատի ամեն հաշվետվություն մի լուրջ, խոշորագույն պետական մասշտաբի հափշտակության մասին պիտի փաստեր, թե բյուջեն ինչպես են թալանում: Մեզ անընդհատ ասում էին՝ բյուջեում փող չկա: Փող կա, այ թե ինչպես եք այդ փողը ծախսում: Ոչ մի գործիք չունի բյուջեի մեջ գրված, որ ես հավատայի դրան: Հիմա ինքը ոչ թե Հ1-ով պետք է ցույց տա իր բարկացած դեմքը, այլ իր նախագահականում նստած պետք է հստակ հանձնարարականներ տա եւ կատարի դրանք: Եթե նամանավանդ ինքը բարձրաձայնում է դրա մասին, ուրեմն ինքը կա՛մ պետք է հրաժարական տա, կամ գործով ապացուցի: Ես շատ կուզենայի, որ նախագահի խորհրդակցությունն իսկապես շոու չլիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930