«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը բացառում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն՝ ՀԱԿ-ի թեկնածուին: «Եվ ընդհանրապես բացառում եմ` գան համաձայնության այս հարցով: Կարծում եմ, եթե անգամ իրականությանը համապատասխանում են այդ լուրերը, որ բանակցություններ են գնում նախագահի թեկնածուի շուրջ, ապա միանգամայն այլ մարդու` այլ թեկնածուի, ոչ Ռոբերտ Քոչարյանի: Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ մեռած է: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանը առաջադրվի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը սատարի, դա չի կարող տեղի ունենալ»,- հավելեց պարոն Սաֆարյանը` անդրադառնալով ՀԱԿ- ԲՀԿ միասնական թեկնածուի` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրման մասին լուրերին:
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին Ռուբեն Հայրապետյանի ակնարկներն էլ` ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում, ըստ պարոն Սաֆարյանի, միայն Հայրապետյանի ցանկությունը չէր. «Այն, ինչի մասին նա խոսում է, հաստատ միայն իր ցանկությամբ չէր խոսում, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը նրան պիտի ստիպեր խոսել իր հետ կապված հարցերից, բայց ոչ Հայաստանի նախագահների ունեցած հարաբերություններից: Ստվերային բանակցություններ ՀԱԿ-ԲՀԿ միջեւ հնարավոր են, որովհետեւ նրանց համագործակցությունը շարունակվում է ու դրա մասին հայտարարել են իրենք, եթե ՀԱԿ-ը գնահատական չի տալիս, որ ինքը սխալ է վարվել , դա նշանակում է, որ շարունակվում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ