Երկու օր առաջ ՀՀ կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ընթացքում անդրադարձավ երկու հիմնական թեմայի՝ սիրիահայության խնդիրներին և Ռամիլ Սաֆարովի հետ կատարվածին ու Հայաստանի անելիքներին: Այս խնդրի կապակցությամբ նախագահը մասնավորապես նշեց. «Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս: Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Շքերթ է, ստերի շքերթ: Սեփական ժողովրդին տեղեկատվական տևական բլոկադայի մեջ պահող հարևան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի: Ժամանակը ցույց կտա դա հնարավոր է, թե ոչ: Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում»: Խնդրի հետ կապված նախագահն ամփոփում կատարելով՝ փաստեց. «Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ և չենք հապաղելու: Ստորությունը և սուտը չեն անցնելու»:
Առաջին հայացքից նախագահի այսօրինակ ելույթը տպավորություն է ստեղծում, թե ամեն ինչ բավականին լուրջ է, լուրջ են նաև մտադրությունները: Այնինչ Aravot.am-ի զրուցակից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցության մասին այսպիսի կարծիք ունի. «Կառավարության հանդիպման ամբողջ ժամանակահատվածը կարելի է բնութագրել թատրոն՝ մի քանի գործողությամբ: Այդտեղ ոչ մի գործնական քայլ չի քննարկվել, խոսվել է այն հարցերի մասին, որոնց 4-5 տարիների ընթացքում նախագահը տեղյակ էր: Ուստի եթե այդ կառավարությունը չէր գոհացնում Սերժ Սարգսյանին, ինչը համընկնում է նաև քաղաքական ուժերի և ամբողջ ժողովրդի տրամադրությունների հետ, ապա նախագահը թող պահանջեր Տիգրան Սարգսյանի հրաժարականը, կամ գոնե չվերանշանակեր նրան վարչապետի պաշտոնում: Այդ դեպքում կմտածեի, որ ինչքան էլ մենք դրական վերաբերմունք չունենք դեպի Սերժ Սարգսյանը, միգուցե մարդը փորձում է տեղից ինչ-որ բան շարժել: Այնինչ այս ամենը էժան ներկայացում է, որ փորձում են ընտրություններից առաջ ժողովրդին կերակրել ստով և նման կարգի բեմադրություններով: Ամոթ է և բավական, մեր ժողովուրդը այսպես թե այնպես չի հավատում, այլ հարց է, թե ինչպես է վարվում իր քվեի հետ: Սերժ Սարգսյանին, լինելով գործող նախագահ, չի սազում էժանագին բեմադրություններ կազմակերպել: Նա սեփական թիմին քցելով սեփական կշիռը բարձրացնելու խնդիր է լուծում: Բայց ոչինչ չի փոխվելու, քանի դեռ Սերժ Սարգսյանն ունի նման վարքագիծ, քանի դեռ կառավարության ղեկավարն է Տիգրան Սարգսյանը: Նա չի կարող որևէ պահանջ ներկայացնել կառավարության այս կամ անդամին, քանի որ բոլորը կոնկրետ խնդիրներ լուծելու համար են նշանակվել: Ուստի այս երկրին շուտափույթ նոր իշխանություն է պետք, որը քիչ թե շատ կգիտակցի իր իրական նպատակը»:
Դառնալով Սաֆարովի խնդրին և ԵԽ-ի ընդունած բանաձևին՝ տիկին Սարգսյանն ասաց. «Դա ոչինչ չտվեց Հայաստանին և չի էլ կարող տալ, քանի որ մենք նման փաստի հետ չպիտի առնչվեինք, դրա համար ԱԳՆ-ն և Ազգային անվտանգությունը պետք է տեղյակ լինեին ու կանխեին: Հետևաբար, ինչքան էլ հիմա իրենց կուրծքը ծեծեն, փաստը արդեն կատարված է, և մեծ հաշվով Ադրբեջանը թքած ունի բոլոր այն կարծիքների վրա, որ հնչում են թե Եվրոպայից, թե Հայաստանից: Նրանք արեցին այն, ինչ իրենց անհրաժեշտ էր, այլ հարց է, թե ինչ շահեցին դրանով: Ոնց ասում են՝ այդ փաստից հետո ինչ ուզում ես արա, որպես իշխանություն, որպես ազգային անվտանգություն, արդեն պարտվել ես, ջուրը հոսել գնացել է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ